Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին


Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին

  • 05-03-2015 14:20:15   | Հայաստան  |  Տնտեսություն

 






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը: Զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեղեկացրել է, որ ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից: Վարչապետն ընդունելի է համարել տոկոսադրույքի չափը և կարևորել է ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: Հյուսիսային մաքսակետերի նորոգման և մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է:
Գործադիրը հաստատել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը:
Կառավարությունը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը: Կապահովվի սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը:


Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը քննության է առել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել՝ դրանով իսկ ապահովելով համակարգային և միասնական իրավակարգավորում: Նշված փոփոխությամբ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքի իրականացումը՝ բացառելով հղումն այնպիսի նորմերի, որոնց գործողությունն արդեն դադարել է: Կառավարությունն իր եզրակացության մեջ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Հեղինակների կարծիքով օրենքի ընդունմամբ կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, ոլորտները և իրավական հիմքերը, հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից պետության, հասարակության ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համար օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող հանրօգուտ, անհատույց, առանց վարձատրության աշխատանքն է: Կառավարությունը, կարևորելով կամավոր աշխատանքի դերն ու նշանակությունը և ողջունելով պատգամավորների նպատակադրումը, հանգել է այն եզրակացության, որ կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ:
Նիստում քննարկվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք իրենց նախաձեռնությունը պայմանավորել են ՀՀ սահմանադրական դատարանի ս.թ. հունվարի 27-ի որոշման պահանջներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ, այն է՝ երաշխավորել հարգելի պատճառով սնանկության գործով պահանջ չներկայացրած պարտատիրոջ իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն օրինագծում կան հստակեցման և լրացուցիչ կարգավորման ենթակա դրույթներ: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակում է Սնանկության ոլորտի իրավական բարելավման հայեցակարգը, որն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Սնանկության մասին» օրենքում:
Գործադիրը քննության է առել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն է: Առաջարկվում է հստակեցնել իրավական որոշակիության սկզբունքով վարչական իրավախախտման տեսակների և դրանց համար նախատեսված պատասխանատվության ժամկետները և ապահովել իրավակիրառական պրակտիկայի միասնականությունը: Կառավարությունը մի շարք առաջարկներ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Այս դեպքում ևս գործադիրն հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:
Պատասխանելով վարչապետի հարցին, թե Ազգային ժողովի պատգամավորների հետ քննարկվո՞ւմ է արդյոք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքը, ՀՀ արդարադատության նախարարն հավաստիացրել է, որ օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգերի համաձայն բոլոր փուլերում նախարարությունն աշխատում է օրենսդրական նախաձեռնությունների հեղինակների հետ:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play