ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին

  • 16-03-2015 16:28:31   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի միս արտադրողների  կանադական ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն: 
 Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Հակիրճ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում ոլորտի ներկա վիճակը և ընդգծելով աշխարհի առաջատար երկրների փորձի ընդօրինակման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարարը Կանադայի հետ փորձի փոխանակումը հատկապես օգտակար և իրատեսական է գնահատել:   
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները  բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսանկյունից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել կանադացի ներդրողների համար», - նշել է նախարարը:   
Գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության հեռանկարային ճյուղերի թվում նախարարը մասնավորապես նշել է տավարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության ոլորտները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների և պտղատու այգիների ստեղծումը:
Նախարարը նաև հնարավոր է համարել անասնաբուծության  ոլորտում համատեղ ֆերմաների հիմնումը, ինչը ոչ միայն կնպաստի հայկական շուկայում խոզի մսի պահանջարկի բավարարմանը, այլև այդ արտադրանքի դեպի ռուսական շուկա արտահանմանը: 
Հանդիպմանը նախարարն առաջարկել է կանադական կողմին առավել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի ագրարային ոլորտը և ըստ այդմ մշակել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրեր:  
Միաժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-կանադական փոխգործակցության խորացման և զարգացման  հարցում:
Համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելու նպատակով Սերգո Կարապետյանն առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագիր ստորագրելու  նպատակահարմարության հարցը: 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ ի պատասխան նախարարի առաջարկին, դեսպան Ջոն Քյուրը հայտնել է, որ կդիմի Կանադայի գյուղատնտեսության նախարարությանը` համապատասխան աշխատանքային խումբ Հայաստան գործուղելու և համագործակցության հեռանկարային ուղղությունները ճշգրտելու  նպատակով:    
                                                                         
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play