Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգները կոչ են անում Բրիտանիայի կառավարությանը ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը


Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգները կոչ են անում Բրիտանիայի կառավարությանը ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը

  • 01-04-2015 18:16:36   | Հայաստան  |  Քաղաքական
2015թ-ի  Ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Հարյուրամյակի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովուրդին:
Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգին եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկ ու կես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ  հանդես եկավ միացյալ հայտարարությամբ՝ չվարանելով համատարած սպանդը  դատապարտել որպես «Թուրքիայի նոր ոճիրներ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:  Բրիտանիայի խորհրդարանը 1916-ին հրատարակում է  բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնպիի «Կապույտ գիրքը», որն իր մեջ  ամփոփում է բծախնդրորեն փաստագրված տեղեկութուններ և ականատեսի վկայութուններ՝ օսմանցի թուրքերի ձեռքով հայերի կոտորածի մասին: Իր հերթին Ուինսթոն Չերչիլը հայոց սպանդը որակում է որպես «քաղաքական նպատակներով ծրագրված և գործադրված» «վարչական հոլոքոսթ», որը նպատակադրել է «բնաջնջել  մի ցեղ»:
Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճիրի իրականությունը:
Ապրիլ 24-ին ընդառաջ քննության առարկա են  Մեծ Բրիտանիայի կառավարության և խորհրդարանի կողմից որդեգրվելիք դիրքորոշումները: Հարյուրամյակը պատեհ առիթ է Բրիտանիայի համար՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկիրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նույն Բրիտանիայի շահերը պահանջում են անհապաղ զատվել Թուրքիայի ժխտողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությունից:  
Իբրև ժառանգներ Հայոց ցեղասպանության վերապրողների՝ կոչ  ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915թ. մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում են նրանց հիշատակը:
Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել՝ պատմական արդարության վերահաստատումը ու հայ ժողովուրդի պատմական իրավունքների վերականգնումը:
Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից՝ նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանութունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն ցեղասպանության ժխտումը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նշման նախօրյակին մենք՝ Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներս, հաստատում ենք, որ ավելի քան երբևէ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում:
 
01 Ապրիլ 2015թ.     
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութուն
 
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play