Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց


Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց

  • 24-04-2015 17:15:33   | Վրաստան  |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: 
Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին 
ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ 
իրագործված Ցեղասպանությունը:
 
1915-23թթ Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացան 
Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հոգևոր և աշխարհիկ-հասարակական 
կազմակերպությունները:
 
Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական 
քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության 
համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի 
համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, 
ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ 
հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի 
Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:
 
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում, 
պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում 
ոչնչացման – Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
 
1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը 
կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի 
մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության 
կողմից:
 
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա 
կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, 
Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, 
Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության 
իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 46-ը, ինչպես նաև 
միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական 
Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և 
այլն:
 
 
Վրաստանի Հայ Համայնք
Մամլո Դիվան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play