Կիպրոսի պաշտպանության նախարարն Հայաստանում է


Կիպրոսի պաշտպանության նախարարն Հայաստանում է

  • 27-05-2015 18:16:27   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  
 
Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը:
Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ու մշակութային ընդհանրությունների, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում համընկնող մոտեցումների վրա: Շեշտվեց, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարիք ունի ակտիվացման, այն հասցնելով առևտրատնտեսական, մշակութային, ուսումնակրթական և այլ ոլորտներում երկու երկրների ձևավորած արդյունավետ փոխգործակցության մակարդակին:
Հանդիպման արդունքում Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների պաշտպանության նախարարները համաձայնեցրեցին պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները. բարձր և աշխատանքային մակարդակի փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ, համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում, տարբեր ոլորտներում փորձի փոխականում և զինվորականների հանգստի կազմակերպում: 
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Խրիստոֆորաս Ֆոկաիդիսը ստորագրեցին պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: 
Հայաստանում գտնվելու ընթացքում Կիրպոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play