ԱԺ խմբակցությունները` վերջին պաշտոնանկությունների մասին


ԱԺ խմբակցությունները` վերջին պաշտոնանկությունների մասին

  • 10-12-2010 18:19:37   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդարադատության նախարարի պաշտոնանկության խնդիրը գտնվում է բացառապես երկրի նախագահի իրավասությունների տիրույթում, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ի գիտություն է ընդունել տեղի ունեցած միջադեպը եւ դրան հետեւած նախարարի պաշտոնանկությունը: Ինչ վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետին պատասխանատվության ենթարկելու հավանականությանը, ապա, եթե եղել է միջադեպ, ուղղակի պատասխանատուները որոշակի պատժամիջոցների պետք է ենթարկվեն: Դեկտեմբերի 10-ի ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մեկ բան հստակ է` մեր երկրում իրենց օրենքից վեր դասող մարդիկ չպետք է լինեն, եւ օրենքի առջեւ հավասար են բոլորը: Կարծում եմ, հստակ մեկնաբանություն եղել է երկրի նախագահի կողմից, եւ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք այլեւս չկա: Ի վերջո, կարեւոր է հանրային վստահության խնդիրը, գաղտնիք չէ, որ կար սպասում, թե կլինի հստակ արձագանք այս միջադեպի հետ կապված»,-ասաց Ն.Զոհրաբյանը: Ըստ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, նորանկախ Հայաստանում մինչ այժմ նախարարին պաշտոնից հեռացնելիս «երբեք բնութագրեր չեն եղել, այսինքն` նոր ֆորմատ է առաջանում, որ ցանկացած դեպքում հասարակությանը տեղյակ է պահվում, թե ինչի համար է նախարարը հրաժարական տալիս կամ ինչու է երկրի նախագահը նախարարին ազատում աշխատանքից»: Հանրապետական պատգամավորի համոզմամբ, սա մեկ քայլ առաջ է: Նշվեց նաեւ, որ կուսակցությունում Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացած Գագիկ Բեգլարյանի հարցը չի քննարկվել: «ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստ հրավիրվելու դեպքում, բնականաբար, քննարկումներ կլինեն, բայց ելքերը, չեմ կարծում, որ սպասելի են շատ, այսպես, դաժանության մոտեցումներով»,-ասաց Գ.Սահակյանը, ով նաեւ ՀՀԿ փոխնախագահն է: Ըստ նրա, իրենք գնահատում են Գագիկ Բեգլարյանի աշխատանքը քաղաքապետի պաշտոնում: «Առավել եւս գնահատում ենք նրա հրաժարականը»,-ասաց նա: «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համոզմամբ, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր պաշտոնին հարիր վարքագիծ ունենա: «Երեւույթները դատապարտելի են, հետեւանքները` նորմալ: Որեւէ քաղաքական ենթատեքստ այս ամենի տակ չեմ տեսնում»,-ասաց նա: «Ես գնահատական չեմ տալու այնքան ժամանակ, մինչեւ չտեսնենք, որ պատժվում են նաեւ սովորական, շարքային քաղաքացիներին ծեծող պաշտոնյաները եւ նրանց հարազատները: Ես չեմ գնահատելու, որ այս քայլն ուղղվելու, կամ նոր էջից սկսելու, կամ արատավոր եւ մերժելի երեւույթները դատապարտելու քայլ է, եթե չբացահայտվեն լրագրողների նկատմամբ բռնարարքներ իրականացրած անձինք, այն պաշտոնատար անձինք, որոնց հարազատները եւ իրենք անձամբ բազմիցս նմանատիպ ծեծկռտուքներ են իրականացրել»,-հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, զարմանալի է, որ ծեծն իրականացրած պաշտոնյայի` ԴԱՀԿ ծառայության պետի, ազատման հրամանագիր չկա, բայց կա նրան չպատժած նախարարի ազատման հրամանագիր: «Ես սա կապում եմ ավելի շատ ներքաղաքական եւ այս նախընտրական իրավիճակի հետ: Արդարության հաստատումը, օրինականության հաստատումը, արատավոր երեւույթների մերժումը, իմ տպավորությամբ, այս պահին գոնե առնվազն շղարշ են` քողարկելու այն, ինչ կատարվում է իշխանության դաշտում, եւ որի նպատակն ուղղակի ապագա խորհրդարանական ընտրություններն են»: Ըստ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Արտուշ Շահբազյանի, դատելով արձագանքներից տեսանելի է, թե ինչքան մեծ է հասարակության մեջ իրական փոփոխությունների ցանկությունը: «Իսկապես հանդուրժելի չէ այն վիճակը, որ մեզ մոտ խնդիրների պարզաբանումը շատ հաճախ իրականացվում է «անասնական» ճանապարհով, այնպես, ինչպես ջունգլիներում է ընդունված: Համոզվելու համար պետք է տեսնենք, որ կատարվածը ոչ թե դրվագներ են, որոնք ունեն որոշակի սուբյեկտիվ պատճառներ, այլ հիմքում ունեն որոշակի օրինաչափություններ, որոնց նպատակն է այս վիճակն այլեւս չհանդուրժելով, ձեռնարկել իրական փոփոխությունների գործընթաց»,-ասաց Ա.Շահբազյանը: Նույն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ կարծիք հայտնեց, որ պաշտոնանկ արված Գեւորգ Դանիելյանն «այն հազվագյուտ պաշտոնատար անձանցից է, ով համենայնդեպս իր բարեկրթությամբ, մասնագիտական ունակություններով այսօր պահանջված անձ է Հայաստանի Հանրապետությունում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play