ՀՀ միջազգային պայմանագրի կողմ կկարողանան դառնալ նաեւ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կազմավորումները


ՀՀ միջազգային պայմանագրի կողմ կկարողանան դառնալ նաեւ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կազմավորումները

  • 08-12-2010 16:14:40   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, ՀՀ միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաեւ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները: Կառավարության հիմնավորմամբ, օրենքի նախագիծը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները: «Մինչ այդ օրենքում ունեինք այդ հնարավորությունը, մասնավորապես, Լինսի հիմնադրամի հետ ենք ստորագրել համապատասխան պայմանագիր: Այս փոփոխությունն ընդլայնում է այդ ցանկը եւ հնարավորություն է տալիս ավելի հստակ հիմքով շարունակել գործընթացը` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ պայմանագրեր ստորագրելիս»,-նախօրեին ԱԺ-ում հայտնել էր հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Չնայած փոխնախարարի պնդումներին, թե օրենքում առաջարկվող փոփոխությունն «ավելի լայն է եւ չի վերաբերում միայն ԼՂՀ-ին», նախագիծն երկար եւ բուռն քննարկումների տեղիք տվեց: Ինչպես նկատեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, օրենսդրական նախաձեռնությունը լավ հնարավորություն էր, որպեսզի խորհրդարանում քննարկվեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված մոտեցումները: Շ.Քոչարյանը նկատեց, թե օրենսդրական նախաձեռնությունը ԼՂՀ-ի տեսանկյունից դիտարկելու դեպքում, կարելի է արձանագրել, որ այն դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն այս փոփոխությամբ ՀՀ-ի համար հանդիսանալու է միջազգային պայմանագրի կողմ: Նշվեց նաեւ, որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ ունի բազմաթիվ գործող պայմանագրեր, եւ այդ գործընթացը շարունակվելու է: «Տարբերությունը կարող է լինել այն, որ ԼՂՀ-ի հետ ստորագրվելիք պայմանագիրը կարող է բերվել ԱԺ վավերացման, ինչը մինչ այդ տեղի չի ունեցել»,-ասաց փոխնախարարը: Նախագծի ընդդիմախոսները` «Ժառանգություն» խմբակցության անդամները, քվեարկությանը չմասնակցեցին, ըստ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, «համարելով նախագիծը չմտածված, չհիմնավորված»: Դեռեւս նախօրեին Ս.Սաֆարյանը հայտարարել էր, որ խոսքն ամենեւին չի վերաբերում Ղարաբաղի հետ պայմանագրային հիմքեր ունենալուն: «Մենք բոլորս դրա կողմնակից ենք, բայց միաժամանակ հստակ գիտակցում ենք, որ ամենալավագույն ճանապարհը ԼՂՀ-ն ճանաչելն է եւ ճանաչման հիմքի վրա համագործակցության պայմանագրեր կնքելը»,-վստահեցրել էր նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play