Արցախի հարցում Բաքուն ու Մոսկվան քննարկելու որեւէ նորություն չունեն. Մեկնաբան


Արցախի հարցում Բաքուն ու Մոսկվան քննարկելու որեւէ նորություն չունեն. Մեկնաբան

  • 02-09-2015 16:46:57   | Ադրբեջան  |  Վերլուծություն
 
Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ սուղ է, հատկապես Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի մասով: Տարածված տեղեկատվության համաձայն, Լավրովը Ալիեւի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման գործընթացում կգրանցվի առաջընթաց:

 

Միեւնույն ժամանակ, Ալիեւ-Լավրով հանդիպման մասին տեղեկատվական հոսքերում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քիչ բան կա: Լավրովն ու Ալիեւը, ըստ տեղեկատվության, խոսել են երկկողմ հարաբերության, տնտեսական զարգացման, Եվրաօլիմպիադայի բացմանը Պուտինի մասնակցության, Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության խորացման մասին՝ «տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում», ինչպես նշել է Ալիեւը:

 

Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ կարծես թե միայն Լավրովի հույսն է, համենայն դեպս Ալիեւի հետ հանդիպման ծիրում: Իհարկե, տեղեկատվության պակասն ինքնաբերաբար չի նշանակում, որ հարցը չի եղել առանցքայինն ու գլխավորը: Ավելին, տեղեկատվության պակասը կարող է նույնիսկ վկայել հակառակի մասին՝ գլխավորը եղել է հենց Արցախը, սակայն կողմերը հրապարակավ քիչ են խոսում այդ մասին, կուլիսային պայմանավորվածություններին ավելորդ վնաս չհասցնելու համար:

 

Առավել եւս, որ ներկայում Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել առնվազն հնարավորինս խոչընդոտել հակամարտության կարգավորման գործընթացում գերակա դեր ստանձնող Միացյալ Նահանգներին: Իսկ այդ գործում Մոսկվայի գործընկերը Ադրբեջանն է. Բաքուն է արդեն տարիներ շարունակ բողոքում ԱՄՆ հայամետ քաղաքականության դեմ, Բաքվի եւ ԱՄՆ հարաբերությունը ներկայում լարված է, եւ Ալիեւը դեմ չի լինի Մոսկվայի հետ գործակցված հնարավորինս բարդացնել տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը:

 

Այդ իմաստով, հատկանշական է Ալիեւի հայտարարությունը «տարածաշրջանային նոր իրողությունների» պայմաններում Մոսկվայի եւ Բաքվի ռազմավարական գործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին: Տարածաշրջանում առկա է երեք նոր էական հանգամանք, որոնք մտահոգիչ են Բաքվի համար, միաժամանակ մարտահրավեր պարունակող, սակայն ընդհանուր առմամբ նպաստավոր եւ շահեկան են Հայաստանի համար:

 

Մարտահրավեր պարունակում է թուրք-քրդական բախումը, որը սահմանակից է Հայաստանին եւ կարող է ունենալ զարգացումներ, որոնք Հայաստանի համար կլինեն որոշակի սպառնալիք, առնվազն ինչ-ինչ առիթներ տալով Հայաստանում ռուսական ռազմակայանի «գործարկման» համար: Միեւնույն ժամանակ, իհարկե պաշտոնական Անկարային հնարավորինս թուլացնող թուրք-քրդական բախումը Երեւանի համար ընդհանուր առմամբ շահեկան է, քանի որ ամուր դիրքերում գտնվող Անկարան Հայաստանի հանդեպ մշտապես ունենալու է նույնքան կոշտ դիրքորոշումներ տարբեր հարցերում: Միաժամանակ, Անկարայի խնդիրները հարված են թե ռուս-թուրքական, թե թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որոնք Հայաստանն օղակող աքցաններ են:

 

Մյուս երկու նոր իրողությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-Արեւմուտք համաձայնությունն ու Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի բացումը՝ այսինքն՝ Հարավային Կովկասում հետխորհրդային փլուզման քառորդ դարի վերջում ՆԱՏՕ ինստիտուցիոնալ հաստատումն է: Այդ երկու իրողությունները միտված են տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի անվտանգության բարձրացում:

 

Միաժամանակ, այդ նոր իրողությունները ի վիճակի են քանդել ռուս-թուրքական եւ թուրք-ադրբեջանական աքցանները, որ օղակում են Հայաստանը: Այդ պայմաններում, Ալիեւը փաստորեն խոսում է ռուս-ադրբեջանական աքցան ձեւավորելու մասին: Դրա «պատրաստումն» ընթանում է արդեն տարիներ, Ալիեւն ու Լավրովը խոսում են խորացնելու, ամրացնելու մասին, եւ Ալիեւը գուցե նույնիսկ ակնարկում է, որ ժամանակն է գործի գցել աքցանը:

 

Այդ տեսանկյունից, միանգամայն հավանական է, որ կոնկրետ Արցախի հարցում Բաքուն ու Մոսկվան քննարկելու որեւէ նորություն չունեն, թերեւս բացառությամբ հրադադարի պահպանման հարցում նոր հանձնառություն ստանձնելու ամերիկյան առաջարկի մերժումը: Մոսկվային պարզապես պետք է խորացնել հարաբերությունն Ադրբեջանի հետ եւ գոնե որպես նվազագույն արդյունք ստանալ նոր ռազմական պատվերներ, նոր միլիարդների համար, որոնք Մոսկվային այսօր պետք են օդի ու ջրի պես:

 

Պատահական չէ, որ ՌԴ արտգործնախարարի մակարդակով Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը հույս է հայտնվում, որ Ադրբեջանը կմասնակցի սեպտեմբերին Սվերդլովսկում կազմակերպվելիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Այլ կերպ ասած, ՌԴ արտգործնախարարը բաց տեքստով Բաքվից ռազմական նոր պատվերների ակնկալիք է հայտնում: Նախկինում այդ հարցերը լուծվում էին ռազմական գերատեսչությունների միջոցով, ներկայում այդ գործի վրա դրվել է փորձառու դիվանագետ Լավրովը, ինչը վկայում է, որ Մոսկվան Բաքվից արդեն խնդրում է ռազմական պատվերներ:

 

Միեւնույն ժամանակ, Երեւանին էլ թերեւս փորձ է արվում ցույց տալ, որ Մոսկվան Բաքվի հետ քննարկում է Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ կարեւոր, ճակատագրական հարցեր, որպեսզի Երեւանը անհապաղ վազի Կրեմլ եւ խնդրի, որպեսզի Բաքվի հետ վատ բաներ չպայմանավորվեն:

 

Այդ համատեքստում, ուշագրավ է, որ Բաքու Լավրովի այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այցելեց Ստեփանակերտ ու մասնակցում է Արցախի անկախության տոնին: Արդյոք Երեւանը ուզում է ցույց տալ, որ գոնե անմիջապես չի վազի Կրեմլ: Չի բացառվում, որ դրա համար կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք, այն իմաստով, որ Հայաստանի ՊՆ-ն ամռան ընթացքում բավական աշխույժ դիվանագիտական աշխատանք է կատարել Վրաստան-Իրան-ԱՄՆ եռանկյունու հետ: Եռանկյունի, որում մեծ հաշվով պարփակված են տարածաշրջանային այն նոր իրողությունները, որոնց վրա Բաքուն ու Մոսկվան փորձում են խարսխել ռուս-ադրբեջանական աքցանը:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play