Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ցուցահանդեսը<br />


Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ցուցահանդեսը

  • 24-11-2010 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակույթի նախարարության հոբելյանական միջոցառումների շրջանակում նշվում է 20-րդ դարի հայ կերպարվեստի ուրույն դեմքերից մեկի` քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, 70-ամյակը: Արժանին մատուցելով արվեստագետի թողած ստեղծագործական ժառանգությանը, մշակութասեր հանրության սեղանին դրվեց «Բենիկ Պետրոսյան» պատկերազարդ ալբոմը, իսկ նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվող ցուցահանդեսը կհամախմբի նրա արվեստի երկրպագուներին եւ պատեհ առիթ կհանդիսանա մտորելու մանրաքանդակի վարպետի թանգարան ունենալու անհրաժեշտության շուրջ: Բենիկ Պետրոյանը (1939-1996թթ.) 20-րդ դարի հայ արվեստի տաղանդաշատ ներկայացուցիչներից է, հազարամյակների խորքից եկող ու սերնդե-սերունդ փոխանցվող վարպետության ու փորձի կրողը: Հայ արվեստասերին ներկայանալով իբրեւ մանրաքանդակի հիմնադիր ու անգերազանցելի վարպետ, նա միաժամանակ հիացրեց բազմաժանրությամբ` թողնելով մոնումենտալ եւ հաստոցային քանդակի, դրվագումի, գեղանկարի ու գրաֆիկայի, ձուլածու եւ կոփածո աշխատանքների, խեցեգործության մի ստվար ժառանգություն: Իր ապրած կարճատեւ կյանքն ասես բավականացրեց անցնելու առավել երկարատեւ ստեղծագործական ուղի` շնորհիվ ի վերուստ տրված շնորհքի, բարձրաճաշակության ու աշխատասիրության: Ցուցադրվելով ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նախկին Խորհրդային տարածքում, Ռումինիայում, Հրավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բ.Պետրոսյանն, իր կենդանության օրոք, թե ետմահու, ամենուր հաստատեց ժամանակակից հայ ստեղծագործողի բարձր պրոֆեսիոնալիզմն ու իր անդավաճան պատկանելությունը հայ քանդակագործության ազգային դպրոցին: Ցանկացած նյութի հետ նա աշխատեց սիրով` թողնելով 1000-ից ավելի աշխատանքներ քարից, մետաղից, կավից` դրանք ավանդելով սերունդներին եւ երազելով, որ Հայաստանն ունենա մանրաքանդակի կենտրոն ու ցուցասրահ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play