Տավուշի մարզում թայվանական տեխնոլոգիաներով մշակաբույսերի աճեցումը դրական արդյունքներ է տվել


Տավուշի մարզում թայվանական տեխնոլոգիաներով մշակաբույսերի աճեցումը դրական արդյունքներ է տվել

  • 03-11-2015 17:05:35   | Տավուշի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ Տավուշի մարզում թայվանական տեխնոլոգիաներով մշակաբույսերի աճեցումը դրական արդյունքներ է տվել:
 
Այս տարի ևս ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի 10 համայնքներում իրականացվեց «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում Թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության և երիտասարդների ներգրավմամբ» ծրագիրը: «Սուրբ Հեղինե» բարեգործական հասարակական կազմակերպությունը բնակիչների շրջանում անցկացրեց տեղեկատվական սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում գյուղաբնակ ֆերմերներին ներկայացվեցին թայվանական տեխնոլոգիաները, տրամադրվեցին բանջարեղենի (չերրի պոմիդոր, չիլի տաքդեղ, բադրիջանի, ) ՀՀ բուծված, արտոնագրված և փաթեթավորված տարբեր սորտերի բարձրորակ հայկական սերմեր, որոնք արտադրվել են ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում:
 
«Սուրբ Հեղինե» ԲՀԿ-ի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանը նշեց, որ իրենք ՀՀ ԳՆ Տավուշի ԳԱՄԿ-ի աշխատակիցների հետ այցելել են որոշ գյուղաբնակ ֆերմերների, որոնք, անցյալ տարվանից կիրառելով թայվանական տեխնոլոգիաները, այս տարի բարձրորակ բերք են ստացել. աճեցրել են պոմիդոր, կծու տաքդեղ, բադրիջան: Տիկին Սառիկյանը նշեց. «Թայվանական տեխնոլոգիաների կիրառման առավելությունն այն է, որ արդյունքում ստացվում է ավելի բարձրորակ բերք: Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել նոր հողատարածքներ, ստեղծել սածիլներ արտադրող ժամանակակից արտադրամասեր, ՓՄՁ-ներ, նոր աշխատատեղեր, օգտագործել նոր բուժիչ հատկություններով օժտված բանջարեղեններ, ինչի արդյունքում մարզում վերելք կապրի բանջարեղենների արտադրությունը»: Նշենք, որ թայվանական տեխնոլոգիաների կիրառման արդյունքները վկայում են, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը արդարացված է Տավուշի մարզում: Կարինե Սառիկյանը նկատեց. «Այդ տեխնոլոգիաների կիրառումը հատկապես արդարացված է այն պատճառով, որ հնարավորություն է տալիս տեղափոխել սածիլներն ավելի վաղ, արևոտ օրերն ավելի շատ օգտագործել, ինչի արդյունքում երկարում է բույսի վեգետացիան և բավականին բարձր բերք է
 
տալիս սովորականի հետ համեմատած: Բացի այդ հնարավորություն է ստեղծվում տեղում արտադրել բարձրորակ սածիլներ, մուլչապատման շնորհիվ բարձրացնել բույսերի դիմադրողականությունը և այլն»:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play