Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը (Տեսանյութ)


Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը (Տեսանյութ)

  • 01-12-2015 18:23:45   | Թուրքիա  |  Քաղաքական



Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր պոլսահայ Գարո Փայլանը նախօրեին մեջլիսում իր ելույթը սկսեց հայերեն <Բարև ձեզ>-ով:
 
 Հայազգի պատգամավորի ելույթը մեկը մյուսի ետևից տարածվեց առաջատար լրատվամիջոցներով և համացանցով, իսկ հայկական կայքէջերի համար դա մի իսկական գլխագիր էր: Հիրավի, թուրքական խորհրդարանում Գարո Փայլանի ելույթի մուտքը իրադարձություն էր հայության համար, որն իր նախադեպը չէր ունեցել:
 
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները վերջերս կտրուկ փորձության են ենթարկում մեջլիսին. պետք չէ մոռանալ՝ օրեր առաջ Թուրքիայի նոր խորհրդարանի երդման արարողության ժամանակ <Ժողովուրդների դեմոկրատական> կուսակցության քուրդ պատգամավոր Լեյլա Զանանը յուրովի խմբագրեց պատգամավորների երդման տեքստը. նա երդումը սկսեց քրդերենով, իսկ տեքստում գրված <թուրք ժողովուրդ> բառը ընթերցեց <Թուրքիայի ազգեր>...
 
Նախօրեին, երբ Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից իր ցավն էր հայտնում Դիրաբեքիրի Սուր գավառում սպանված քուրդ փաստաբան Թահիր Էլչինի մահվան առիթով և դատապարտում էր լրագրողներ՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության փաստը, նա՝ հայազգի պատգամավորը, կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմուռուկը: Այս իրողությունը հանրության աչքից կարծեք՝ վրիպել է...
 
Պատգամավորի ելույթի ժամանակ, մեջլիսի նախագահ Իսմաիլ Կահրամանը հայտարարեց, որ ոչ ոքի թույլ չի տա վիրավորել երկրի հեղինակությունը: Վերջինիս հակադարձելով՝ Փայլանն ասաց. <Այդ պետականության հեղինակության վրա երեք մատ փոշի է նստած, մենք այդ փոշին ենք մաքրում>:
 
Իր խոսքի ավարտին հայազգի համարձակ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ներկա և նախորդ իշխանավորներին մեղադրեց Հայոց ցեղասպանության մեջ մեղսակցության, հանցագործության անպատժելիության մեջ և դա նա արեց չափազանց դիվանագիտորեն՝ ասելով. <Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաններն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից և ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Քանի հանցագործությունները չեն պատժվում, դրանք կկրկնվեն>:
 
 Ջեմմա Բաղդադյան
Տեսանյութը՝   https://www.youtube.com/watch?v=lt1nO7gGDQU                 
Նոյյան տապան  -   Քաղաքական