Վարչապետն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն


Վարչապետն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

  • 15-01-2016 15:22:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: 
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն  է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով:
 
«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում: Նրա խոսքով՝ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասը նաև աշխատում է ընկերությունում: Ուսանողների հետ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ և վստահեցրել, որ գործադիրը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնություններին: Իսկ արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:
Այնուհետև տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը և ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են ոլորտում առկա միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև առկա խնդիրները: 
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: «Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, և պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», - նշել է Հովիկ Աբրահամյանը:  Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը: 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play