«Invest Armenia-2016» բիզնես ֆորումի հիմնական թեման լինելու է Հայաստան-Իրան համագործակցությունը


«Invest Armenia-2016» բիզնես ֆորումի հիմնական թեման լինելու է Հայաստան-Իրան համագործակցությունը

  • 01-04-2016 16:14:29   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ներդրումների խթանմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված, թվով երկրորդ «Invest Armenia-2016» բիզնես ֆորումն անցկացվելու է ապրիլի 22-ին  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Invest Armenia-2016»-ի կազմակերպիչ, «Invest Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը, բիզնես ֆորումը կազմակերպում է BPA ընկերությունը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության»` ի դեմս միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ: Բիզնես ֆորումի կայացմանն աջակցել է նաև «Հայ-իրանական բարեկամության միություն» ՀԿ-ն: 
 
Ըստ նրա`  «Invest Armenia-2016» բիզնես ֆորումի  հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծրագրերը և հեռանկարները, ինչպես նաև տնտեսական կանխատեսումներ Հայաստանի համար 2016-2018 թվականների կտրվածքով և միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական ապրանքի վաճառքի հնարավորությունները: 
«Վերոնշյալ թեմաների շուրջ նախատեսվող քննարկմանը հրավիրել ենք «Քարֆուր»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենին, ով ներկայացնելու այն բոոր նախապայմանները, որոնք կան հայկական ապրանքներն օտարերկրյա ցանցերում վաճառելու համար, ինչպես նաև հայկական այն ընկերությունների ղեկավարներին, որոնք միջազգային շուկայում արտահանման փորձ ունեն և կարող են իրենց փորձով կիսվել մյուս գործարարների հետ»,- ասաց Վ. Փենեսյանը: 
Վերջինիս փոխանցմամբ` միջոցառմանը հրավիրված են լինելու հյուրեր` Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից և Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ: 
«Invest Armenia» ծրագրի համակարգող Վ. Փենեսյանի խոսքերով` համաժողովի ընթացքում ներկայացվելու են վերջին տարիներին մեծ հաջողություններ ունեցած ընկերությունները. «Համաժողովից հետո ակնկալում ենք մասնակիցների այց հայկական մի քանի խորոշ ձեռնարկություններ` արտադրական գործընթացին և տեխնիկական հագեցվածությանը տեղում ծանոթանալու նպատակով»: 
Նրա գնահատմամբ` «Invest Armenia-2016» բիզնես ֆորումը բացառիկ հնարավորություն է բոլոր գործարարների համար թե իրենց բիզնեսը ներկայացնելու, թե նոր ներդրումներ և նոր գործընկերներ ձեռք բերելու տեսանկյունից: 
«Բոլոր այն անձիք, ովքեր հետաքրքրված կլինեն բիզնես ֆորումին մասնակցելու առումով, կարող են դիմել BPA ընկերություն և ծանոթանալ մասնակցության հնարավորությունների»,- ասաց Վ. Փենեսյանը` հավելելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է և տոմսերով: 
Նա կոչ արեց ներդրումային ծրագրեր ունեցող և գործող բիզնեսը մասամբ կամ ամբողջությամբ վաճառել ցանկացող գործարարներին դիմել BPA ընկերություն, որն համապատասխան ուսումնասիրություններից հետո այդ ընկերություններին կներկայացնի ֆորումի շրջանակներում: 
BPA ընկերություն դիմելու համար ցանկացողները կարող են զանգահարել  56-41-76 հեռախոսահամարով:   
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play