Կարեն Վարդանյան․ ՊՆ պաշտոնակ արված ղեկավարները ամենից շատն էին կապված տեխնոլոգիաների կիրառման հետ


Կարեն Վարդանյան․ ՊՆ պաշտոնակ արված ղեկավարները ամենից շատն էին կապված տեխնոլոգիաների կիրառման հետ

  • 28-04-2016 17:28:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ՏՀՏ և ԲՏոլորտիմասնագիտականխմբեր են միավորվել` մոբիլիզացիոնծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված կլինեն ՀՀ ռազմաարդյունաբերության զարգացմանը և սպասվող մարտահրավերների դիմագրավմանը: Այս թեմայով զրուցել ենք ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

- Պարո´ն Վարդանյան, արդյո՞ք մոբիլիզացիոն խմբի կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվել են, և որո՞նք են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ընթանալու են աշխատանքները:

- Հենց չորսօրյա պատերազմական գործողությունների ժամանակ էլ ոլորտի մասնագետները սկսեցին աշխատանքներ իրականացնել` ինչ-որ բանով օգտակար լինելու համար, բայց դրանք ավելի շատ հախուռն բնույթ էին կրում, և մենք, հասկանալով, որ այդ աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն, որոշեցինք այդ ամենը որոշակի կառուցվածքի մեջ մտցնել, որպեսզի զգալի արդյունք ապահովենք: Ստեղծվեց վեց խումբ` գաղտնագրված կապի միջոցների, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, անօդաչու թռչող սարքերի չեզոքացման, զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրման, ինֆորմացիոն հակազդեցության, պատերազմի և հարձակվողական զինատեսակների ստեղծման: Այս խմբերում ներգրավվելու և դրանց գործունեության մեջ իրենց մասնագիտական նպաստը բերելու համար դիմեցինք ոլորտում գործող ընկերությունններին, ինչպես նաև անհատների, հասկանալու համար` ով ինչ ռեսուրսով կմասնակցի համընդհանուր գործին:

- Իսկ հարցի ֆինանսական կողմն ինչպե՞ս եք կարգավորելու:

- Կոնվերս Բանկում դրամային հաշիվ ենք բացել` 1930 052916980200, և այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, հորդորում ենք փոխանցումներ կատարել ԻՏՁՄ-ի այս հատուկ հաշվեհամարին, որտեղ կուտակված գումարներն ուղղվելու են ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը: Բացի այդ, մեզ ժողովների անցկացման համար գրասենյակային տարածքներ անհրաժեշտ կլինեն, ինչպես նաև ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնց տրամադրումը ևս մեծ աջակցություն կլինի: Ինժեներական խմբին զուգահեռ ստեղծվել է նաև պահովման խումբ, որի գործառույթը պետության (այս դեպքում` Զինված ուժերի) և մասնագիտական խմբերի միջև համագործակցության հաստատումն է:  Այս խումբը պետք է զբաղվի նյութատեխնիկակական ապահովման, ինչ-ինչ սարքավորումների ձեռքբերման, տեխնիկական տեքստերի ճիշտ ձևակերպման, իրավաբանական ծառայությունների ապահովման հարցերով, այսինքն` ապահովի ինժեներական խմբի նորմալ, օրինական աշխատանքը: Մենք արդեն դիմել ենք ՊՆ-ին, որ այս խմբերի օրինական աշխատանքը երաշխավորող համապատասխան հրամաններ արձակի:

- Ի՞նչ հրամանների մասին է խոսքը:

- Դու չես կարող առանց հրամանի, ասենք, հարվածային անօդաչու թռչող սարք արտադրել. դա անվտանգ չէ, կարող են գալ, մարդուն ձերբակալել` ահաբեկիչ լինելու կասկածանքով: ՊՆ-ի կողմից հրամանները դեռ չենք ստացել, բայց հուսով ենք` շուտով կլինեն: Նաև երկրորդ հարցով ենք դիմել ՊՆ-ին` պետք է երկու պաշտոնյայի նշանակեն մեզ հետ աշխատելու համար. մեկը պետք է ապահովի խմբի կապը ՊՆ-ի համապատասխան վարչությունների հետ, որպեսզի ավելի ճշգրիտ պատկերացնենք խնդիրները և չգործենք մեր ենթադրությունների վրա, իսկ երկրորդ պաշտոնյան պետք է ապահովի եղած նախատիպերի փորձարկումը համապատասխան ստորաբաժանումների կողմից: Շատ կարևոր է, որ մենք պետական հրամանի տակ աշխատենք. ի վերջո սա քաղաքացիական արտադրանք չէ, զենք է:

- Եթե ճիշտ հասկացա, մասնագիտական խմբերը գործելու են անվարձահատույց` կամավորականության սկզբունքով:

- Հետևյալ սխեման ենք մտածել գործունեության սկզբունքների շուրջ` կոնցեպցիաների քննարկման ժամանակ խմբերը կգործեն կամավոր, բայց երբ կոնցեպցիան արդեն պատրաստ լինի, այն կհանձնենք որևէ ձեռնարկության, որը կարող է պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել, այսինքն` արդեն մշակված նախատիպը պետք է համապատասխան ձեռնարկություն կյանքի կոչի, և փորձարկելուց հետո ՊՆ-ի համաձայնությամբ բազմացնի: Ուրիշ հարց է` նույն հիմնարկությո՞ւնը կզբաղվի արտադրանքի բազմացմամբ, թե՞ այդ գործառույթը կհանձնի ՊՆ-ի որևէ գործարանի:

- Պետական ֆինանասավորում, աջակցություն ակնկալո՞ւմ եք:

- Ցանկալի կլիներ, իհարկե, բայց չեմ կարող ասել` ինչքանով է այն իրատեսական: Այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են լինելու մեզ ծրագրի կյանքի կոչման համար, շատ թանկ են: Այժմ բացված հաշվեհամարին որոշակի գումարներ փոխանցվել են, բայց դա չնչին թիվ է:

- ՏՏ-ն Հայաստանում գերակա ճյուղ է հայատարարվել, շատ է խոսվում այն մասին, որ այս ոլորտում մեր երկիրը մասնագիտական մեծ ներուժ ունի, բայց, ինչպես տեսնում ենք, այդ ներուժը հիմնականում դրսի կողմից է օգտագործվում այն պարագայում, որ ռազմաարդյունաբերության հետ կապված Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ինչո՞ւ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, անպայմա՞ն դանակը ոսկորին պիտի հասնի:

- Չեմ կարող ասել, դա իմ պատասխանելիք հարցը չէ. այդ ուղղությամբ հետաքննություն պետք է անցկացվի: Կարծում եմ` պատճառը քաղաքականության բացակայության մեջ է:

- Իսկ դուք ինչո՞ւ միայն հիմա որոշեցիք նման առաջակությունով հանդես գալ:

- Մեր առաջարկությունը նոր չէ: Դեռևս 2011-ին մենք «ՀՀ ՊՆ և ԶՈւ և տեխնոլոգիական ոլորտի արդյունավետ համագործակցությունն ապահովող ենթակառուցվածքների ստեղծման և համագործակցության սկզբունքների ձևավորման վերաբերյալ» նախագիծ ենք ուղարկել ՊՆ-ին` առաջարկելով մինչ հակառակորդի կողմից հնարավոր ակտիվ գործողությունների վերսկսումը, ստեղծել ՀՀ ՊՆ և տեխնոլոգիական ոլորտի արդյունավետ համագործակցության ենթակառուցվածք, որը կապահովի ներկայիս մարտահրավերներին համապատասխան սպառազինությունների արդիականացումը, նոր զենքերի ստեղծումը, զորքերի կառավարման արդյունավետության բարձրացումը և այլն: Նախագծում մենք նշել էինք, որ ժամանակակից մարտահրավերներին հարիր ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը ՀՀ-ում հնարավորություն կընձեռի ոչ միայն զինել ՀՀ ԶՈւ-ն ժամանակակից սպառազինությամբ և մասնակիորեն ազատվել այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու կախվածությունից, այլև թույլ կտա ունենալ մրցունակ ռազմական արտադրություն, որի վաճառքից ստացվող ֆինանսական հոսքերը կարող են ուղղվել ՀՀ ԶՈւ զարգացմանն ու մարտունակության բարձրացմանը: Մասնավորապես՝ այն իր մեջ պետք է ներառեր խնդիրների և պատվերների ընտրության, աշխատանքային հարաբերությունների կանոնակարգման և ֆինանսավորման ֆունկցիաների տարանջատումը: Մենք մանրամասնորեն ներկայացրել էինք վերոհիշյալ խնդիրների լուծմանն ուղղված ենթակառուցվածքի փոփոխության առաջարկությունները:

- Ի՞նչ արձագանք ստացավ ձեր նախագիծը:

- ՊՆ-ում ԻՏՁՄ-ի և ՊՆ-ի համատեղ հանձնաժողով ստեղծվեց, որն աշխատեց 3-4 տարի` զրո արդյունքով: Հանձնաժողովն աշխատում էր, բայց արդյունքները կասեցվում էին, իսկ թե ինչ պատճառով, պետք է պատասխանատուներին ուղղել այդ հարցը: Այն մարդը, ով հանձնաժողովի նախագահն էր`Ալիկ Միրզաբեկյանը, նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից: Ես դրա համար դիմում եմ համապատասխան մարմիններին` հետաքննություն անցկացրեք, թե ինչու էին աշխատանքները կասեցվում: Կլինի հետաքննություն, թե ոչ, արդեն չեմ կարող ասել:

- Պարո´ն Վարդանյան, ես ՊՆ-ից հիմնականում երկու հիմնավորում եմ լսել ռազմաարդյունաբերության զարգացման համար հայաստանյան ՏՏ ընկերությունների հետ չհամագործակցելու հետ կապված. նախ` Հայաստանում ՏՏ ոլորտի արտադրանքը շատ թանկ է, և երկրորդ` ՊՆ-ն գնում է ոչ թե գաղափար, այլ ապրանք:

- Երկու «հիմնավորումն» էլ հիմարություն են: Եկե´ք ԱՄՆ-ի օրինակով նայենք հարցին: Այնտեղ ՊՆ-ն մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնց շնորհիվ իրականացվում է ՊՆ-ի գիտահետազոտական ապահովումը, այսինքն` ՊՆ-ն ոչ միայն արտադրանք է գնում, այլև ֆինանսավորում է ապագային ուղղված գիստահետազոտական աշխատանքները: Օրինակ` DARPA-ն (Defense Advanced Research Projects Agency) շատ հեռահար ծրագիր է` մշակում է այն տեխնոլոգիաները, որոնք պետք են լինելու ԱՄՆ բանակին 20 տարի հետո, և ՊՆ-ն ֆինանսավորում է այդ ծրագրի իրականացում: Այլ ծրագրեր էլ կան. ՓՄՁ-ները դիմում են գիտահետազոտական աշխատանքները կյանքի կոչելու ծրագրերի իրականացման մրցույթների համար, և հաղթողները ֆինանսավորվում են բանակի կողմից: Այնպես որ` Ձեր նշած «հիմնավորումներ» ներկայացնողներն ուղղակի անգրագետներ են, որոնք փորձում են այդ կերպ բացատրել իրենց անգործությունը: Խոսքս ՊՆ-ի մասին չէ, այլ հենց նման մտքեր արտահայտողների: Տեսաք, նախագահի հրամանագրերով, աշխատանքից ազատվեցին ՊՆ այն պաշտոնյաները, որոնց ղեկավարած ոլորտների աշխատանքն ամենից շատն էր կապված տեխնոլոգիաների կիրառման հետ: Թանկ է… Թանկը նրանց ջիպերն ու ապրելակերպն են. որպեսզի գեներալ օլիգարխները կարողանան իրենց ուզած կյանքով ապրել, չպետք է գումար «վատնեն» տեխնոլոգիական ոլորտի վրա:

- Գոնե ապրիլյան պատերազմը տրամադրվածության փոփոխություն առաջացրե՞լ է պատկան մարմինների մոտ:

- Մի թեթև փոփոխություն կա, հուսով եմ` դա կայուն կլինի և կունենա իր զարգացումը: Տեսե´ք, մենք ուզում են նախ ՏՏ ոլորտի կազմակերպություններով մոբիլիզացվել, հետո արդեն լուծումներ տալ առկա խնդիրներին: Բնական է, որ չենք կարող մենք մեզանից որոշել ու զենք արտադրել. ՊՆ-ի հետ պետք է համագործակցենք: Նրանք, ում հանեցին աշխատանքից, անընդհատ քանդել են տեխնոլոգիական ոլորտի և ՊՆ-ի միջև վստահությունը` այն հավասարեցնելով զրոյի, մինուսի են հասցրել անգամ: Հնարավոր է` ընթացքում ՊՆ-ի հետ համագործակցությունը խորանա, բայց նախ պետք է կորսված վստահությունը վերականգնել:

- Իսմ մեր ներքին մասնագիտական ներուժը բավարա՞ր է համապատասխան լուծումներ գտնելու համար:

- Ներուժը շատ է, բայց շատ ժամանակ ենք կորցրել` 25 տարի: Ժամանակին մեծ բազա կար, և եթե չքանդվեր, արդեն շատ բաների հասած կլինեինք: Այս պահին մենք մեր առաջ երեք տիպի խնդիր ենք դրել. առաջինը կարճաժամկետ խնդիրներ են, այսինքն` արագորեն հակազդեցության մեխանիզմներ մշակելը, երկրորդ` միջնաժամկետ խնդիրները` եղած ձեռնարկությունների շրջանակում նոր ռազմաարդյունաբերություն կազմակերպելը և երրորդ` ստարտեգիական խնդիրները` Հայաստանի ռազմաարդյունաբերության զարգացման 10-20 տարվա տեսլական ունենալը: Մենք պատրաստ ենք երեքն էլ կյանքի կոչել:

- Տեղյակ կլինեք, որ շատ է քննարկվել պահածոների տուփերով սահմանը հսկելու հարցը: Մարդկանց մի մասը գտնում է, որ դրանք արագորեն պետք է փոխարինվեն ժամանակակից տեխնոլոգիաներով, մյուս մասն էլ հավաստիացնում է, որ ոչ մի ժամանակակից տեխնիկա չի կարող ավելի արդյունավետ լինել, քան դրանք:

- Հիմարություն է: Ժամանակակից սարքը մի քանի հարյուր մետրի վրա անգամ մկանն է ցույց տալիս` ելնելով դրա մարմնի ջերմաստիճանից: Պահածոյի տուփի չափ էլ չկա՞: Նորից եմ կրկնում` մարդիկ հիմարություններ են դուրս տալիս իրենց անգործությունն արդարացնելու համար. տարիներով գործ չեն արել, ռազմաարդյունաբերությունը քանդել են, հիմա էլ ուզում են արդարացնել իրենց:

- Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման հեռանկար տեսնո՞ւմ եք:

- Մենք ուրիշ տարբերակ չունենք. կա´մ դառնում ենք ռազմաարդյունաբերության, տեխնոլոգիական առումով տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը, կա´մ չենք լինում: Մեզ ոչնչացնելու խնդիր է դրված: Եթե հավ չենք, հավի հոգեբանություն չունենք, պետք է հաղթենք, կամ լքենք ասպարեզը, ամեն մեկս մի տեղ գնանք և այս հրաշք հողը, դրախտը տանք ուրիշներին: Պետք է հաղթենք, այլընտրանք չկա:

Հարցազրույցը` Անի Ռափյանի

nyut.am

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կամավորական սկզբունքներով ընդգրկվելու վերոնշյալխմբերից որևէ մեկում, պետք է նամակ գրեն հետևյալ հասցեով` projects@uite.org` նշելով իրենցմասնագիտական հմտություններըկոնտակտային տվյալները և թե որ սեկցիայում են ցանկանում ներդրումունենալ:

ԻՏՁՄ-ի հաշվեհամարին փոխանցում կատարած անձանց հորդորվում է դրա վերաբերյալ տեղեկացնել՝նամակ հղելով  projects@uite.org-ին:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play