Խաչատուրովը կամ պետք է ազատվի աշխատանքից, կամ ուղղակի պետք է դատվի. Քաղաքական վերլուծաբան


Խաչատուրովը կամ պետք է ազատվի աշխատանքից, կամ ուղղակի պետք է դատվի. Քաղաքական վերլուծաբան

  • 31-05-2016 18:35:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան,  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հերքել է, թե ինքը տեղյակ է եղել հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Այս հայտարարությանը ի՞նչ պետք է հետևեր։

 

Գլխավոր շտաբի պետը պարտավոր է հրաժարական տալ՝ ինչպիսին էլ լինի բացատրությունը։ Տեղյակ է եղել, պիտի հրաժարական տա, տեղյակ չի եղել, պիտի հրաժարական տա։ Եթե տեղյակ չի եղել, նշանակում է, որ ինքն ունակ չէ կանխել պատերազմը, ունակ չէ զգալ, որ պատերազմը մոտենում է, հետևաբար այդպիսի մարդու ներկայությունը, այն էլ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ուղղակի վտանգ է ՀՀ և Արցախի Հանրապետությանը։ Հայաստանի և Արցախ պաշտպանության նախարարություններն էլ հայտարարում են, որ իրենց համար անսպասելի է եղել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ արդյոք ինքը և իր թիմակիցները ինչ սաբոտաժ են իրականացրել ԶՈՒ կազմում, որի արդյունքում, ինչպես մասնագետներն են փաստում, հարկից շատ զոհեր ենք տվել։ Երկու պարագայում էլ Խաչատուրովը կամ պետք է ազատվի աշխատանքից, կամ ուղղակի պետք է դատվի, որովհետև նրա երկու բացատրություններն էլ կարող են հավասարապես վտանգավոր լինել ՀՀ բանակի համար։ Ի վերջո, մենք պետք է մի բան հասկանանք՝ եթե նույնիսկ չենք մտածում, որ պարոն Խաչատուրովը իմացել, բայց չի հայտնել, կամ իմացել, բայց ադեկվատ որոշումներ չի կայացրել, այդ դեպքում սա արդեն դավաճանության և սաբոտաժի խնդիր է։ Եվ եթե տեղյակ չի եղել, այդ դեպքում նա ոչ թե պետք է հարցազրույց տա և արդարանա, որ ինքը չի պատկերացրել, այլ պարզապես պետք է հրաժարականի դիմում գրի, որովհետև ուղղակի ասում է՝ ես ի վիճակի չեմ զգալ, թե երբ է հակառակորդը հարձակվելու, իսկ այդպիսի հրամանատար ՀՀ ԶՈՒ-ում և Արցախում պետք չեն։

 

Մենք տեսանք երեք ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների աշխատանքից հեռացում, բայց այդպես էլ նրանցից որևէ մեկը պատասանատվության չենթարկվեց։ Ինչո՞ւ։

 

Պատասխանատվության ենթարկելը ինքնանպատակ չէ։ Հասարակությունը ուզում է հասկանալ, որ իր՝ այսքան թանկ վճարելուց հետո պետությունը և մասնավորապես ՊՆ-ն հստակ դասեր են քաղում տեղի ունեցածից, և ի դեմս պատժելիության սկզբունքի գործադրման՝ այլևս թույլ չեն տալու այդ սխալները։ Եվ այժմ, երբ ընդամենը կան պաշտոնից ազատված պաշտոնյաներ, բայց նրանց պատասխանատվության տեսակը և չափը որոշված չէ, հասարակությունը չի կարող բավարարված լինել նրանց պաշտոնանկություններով և հույս փայփայել, որ նրանց փոխարինելու եկածները չեն լինելու նույնքան ապաշնորհ, նույնքան ոչ պրոֆեսիոնալ, որքան իրենց նախորդները։

 

Մյուս կողմից էլ, հասկանում եմ պահի նրբությունը. այդ պաշտոնանկությունները  ռուսական մամուլը գնահատեց որպես Հայաստանի պարտության դրսևորումներ, դա հայտնվեց ադրբեջանական մամուլի էջերում, Ադրբեջանը փորձեց շահարկել, բայց հանուն ՀՀ և Արցախի պաշտպանունակության՝ մենք պարտավոր ենք չհետևել այդ  քարոզչություններին։ Ի վերջո, մենք գիտենք, որ մեր քաջարի զինվորը և սպաներից շատերն ուղղակի պահել են մեր սահմանը առավելագույն թափով, և մենք մեր ներսում ամաչելու բան չունենք, եթե անգամ Սերժ Սարգսյանը գնա այդպիսի պատժիչ գործողությունների, հանկարծ դա կարող են մանիպուլյացիայի առարկա դառնալ ռուսական կամ ադրբեջանական շրջանակներում։ Սա եղավ այն ժամանակ, երբ Վահրամ Բաղդասարյանը փորձեց արդարացնել, թե ինչու են ասում՝ այդ տարածքները կարևոր չեն, ամայի են, որպեսզի հանկարծ Ադրբեջանի նախագահը չկարողանա հաղթանակը հիմնավորել մեր այս քայլերով։ Կներեք, պատասխանատվությունը լղոզելը շատ ավելի վտանգավոր կարող է լինել մեր պաշտպանունակության առումով, և պատասխանատվության չենթարկելը շատ ավելի մեծ և վատ հետևանք կարող է ունենա մեր բանակի և զինվորի համար, քան եթե Ալիևը, օրինակ, իր մի ելույթում հղում անելով ասի՝ այ տեսեք, անգամ Հայաստանի նախագահն է ասում, որ մենք անկարևոր տարածքներ ենք վերցրել և այլն։ Ինձ համար այս շահարկումներն այդքան վտանգավոր չեն, դրանք մեր լսարանի համար չեն, և ճիշտ հակառակը, պատասխանատվության ենթարկելը կոնկրետ կատարած հանցանքների կամ չկայացրած պատշաճ որոշումների համար թերևս ավելի կարևոր է։

 

Պարոն Սաֆարյան, ի վերջո ինչո՞ւ չհաջորդեց նրա հրաժարականը։ Իշխանությունը գոնե հայտարարությունների մակարդակով փորձում է ցույց տալ, որ պայքարում է  կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, որ խաղի նոր կանոններ են լինելու և այլն։

 

Որովհետև այս համակարգում մեկի պոչը մյուսի ոտքերի տակ է, և մեկը մյուսին չի կարող կպնել, այս համակարգում իշխանական բուրգը հենվում է ոչ թե ժողովրդի վստահության և քվեի վրա, այլ հենց այդ կարգի մարդկանց վրա։ Եվ այդ մարդկանց դուրս մղելը իշխանությունից իհարկե ընկալում են որպես իրենց իշխանության թուլացում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ ունեն դրսի շատ ազդեցիկ հովանավորներ, և բնականաբար նաև նրանց պաշտոնանկություններն այնքան հաճելի չեն ընկալվում որոշ մայրաքաղաքներում։ Հավանաբար այդ պատճառով են վախենում այդ մարդկանց ձեռք տալ։ Եվ եթե երկրորդ մասով կարող եմ հետևություններ անել, ապա առաջին մասով մենք բոլորս գիտենք, որ իշխանական բուրգը հենց այդ մարդկանց վրա է հենվում։

 

Հնարավոր համարո՞ւմ եք օլիգարխիկ խմբերի իրար դեմ դուրս գան, կոռուպցիոն և մենոշնորհների դեմ պայքարում ներիշխանական պայքար հնարավո՞ր է։

 

Հնարավոր է, որովհետև նաև հասկանանք, որ մի կողմից իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մոդել պետք է փոխվի, մոտեցումները պետք է փոխվեն, որովհետև ամբողջ համակարգի անգործունակությունը և ոչ պրոֆեսիոնալիզմը բավական թանկ են ազդում իշխանության վրա, և իշխանությունն էլ կարող է դրա համար թանկ վճարել, բայց մյուս կողմից մենք ունենք իշխանության ներսում մարդիկ, որոնք կոսերվատիվ են, բացարձակապես շահագրգռված չեն, որ խաղի կանոնները և մոդելը փոխվի, քանի որ իրենք այս մոդելի շահառուներն են։ Հետևաբար, եթե մենք ներսում ունենանք որոշակի խլրտումներ կամ որոշ մարդիկ պատժվեն, բնականաբար սրվելու է ներիշխանական թևերի միջև պայքարը, և մենք դա արդեն տեսնում ենք։ Հատկապես երբ առաջիկայում ունենք ընտրություններ, և նրանցից ամեն մեկը լուծելու է ապագա իշխանության մեջ լինելու կամ մնալու իր հարցը։ Պետք է խոստովանել, որ Հայաստանը լավագույն ժամանակները չէ, որ ապրում է։

 

Իշխանությունը իմիտացիո՞ն քայլեր է փորձում գործի դնել, երբ ասում է, որ կհնչեն մենաշնորհ ունեցողների անուններ։

 

Գիտեք, իշխանության վարքագիծը առայժմ հիշենում է շանտաժ՝ ձեզ լավ պահեք, խելոք պահեք, մեր ասած ձևով արեք, այլապես ձեր անունները կտամ։ Այսինքն՝ իշխանությունը կարծեք թե խոստովանում է, թե գիտի ովքեր են օրենքը խախտում, ովքեր են մոնոպոլիստները, ովքեր են այս անարդար և անհավասար համակարգից օգտվողները։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ խնդիրներ են դրվել այդ մարդկանց առջև լուծելու, և այժմ իշխանությունը հասկացնում է, որ եթե չլուծեք այս խնդիրները, ապա ձեր անունները կտամ, ձեզ կպատժեմ։ Կներեք, բայց շանտաժներով երկիր չեն կառավարում։ Եվ այդ մարդկանց շանտաժները եթե ավարտվելու են ստվերային պայմանավորվածություններով, չենք հասկանալու, թե դրանցից ով ինչ պիտի աներ և ինչու պիտի աներ, և ով ինչ արեց և ինչի դիմաց արեց, եթե այդ գործարքը լինելու է նրա դեմ՝ ես ինձ, դու քեզ, այսինքն՝ ես քեզ հիմա ձեռք չեմ տալիս, բայց դու առաջիկա ընտրություններում բեր ինձ վերարտադրի, կներեք, դա անցյալի իներցիայի շարունակություն է դառնում և դրանից Հայաստանի քաշը չի ավելանալու, այլ պարզապես ստացվելու է, որ այդ մարդիկ մտան իրենց համար հարմարավետ,  անձնական շահերի բավարարման դաշտ, միմյանց շահերը բավարարեցին և վերջ։

Հանրությունը կոնկրետ քայլեր էր ակնկալում իշխանությունից, բայց չի տեսնում։

 

Իշխանությունը կարծեք թե չի գիտակցում, որ ինքը երկրորդ անգամ իրավունք չի ունենալու հանրությանն ասելու՝ գիտեք՝ ես չգիտեի, որ Ադրբեջանն ինձ վրա հարձակվելու է։ Այս իշխանությունը կարծեք թե չի գիտակցում, որ երկրորդ անգամ չի կարողանալու ասել՝ եկեք նկատողություն հայտարարենք և անցնենք առաջ։ Աստված մի արասցե, եթե պատերազմի երկրորդ ալիքը եղավ, իսկ դրա ռիսկերը տակավին պահպանվում են, այդ դեպքում այդ ալիքը ոչ միայն կարող է Հայաստանի և Արցախի համար ճակատագրական լինել, այլ ճակատագրական հենց այս իշխանության համար, քանի որ այդ իրավիճակում նրանք իշխանություն չեն էլ ունենալու։ Հետևաբար որքան ուշ անեն այս քայլերը, այնքան ավելի դժվար և վատ է լինելու և երկրի, և իրենց համար։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ