Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարող է վերանայվել և փոխվել. Ռազմական փորձագետ


Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարող է վերանայվել և փոխվել. Ռազմական փորձագետ

  • 21-06-2016 18:24:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Վրաստանի արտաքին քաղաքականությունը մայիսին պակաս ակտիվ էր նախորդ ամսվա համեմատ, բայց և այնպես, հագեցած էր միջազգային պաշտոնական և աշխատանքային այցերով։ Տեղի ունեցան գագաթաժողովներ, գիտաժողովներ, ինչպես նաև բիզնես համաժողովներ (Հակակոռուպցիոն գագաթաժողով Լոնդոնում, Տրանսադրիատիկական գազատարի շինարարություն, այցելություն Ֆրանսիա), որոնցում Վրաստանը ներկայացված էր երկրի ղեկավարության և կառավարության անդամների մակարդակով։ Իրենց հերթին, Վրաստան են այցելել ինչպես պետությունների ղեկավարներ (Սլովակիայի նախագահը), այնպես էլ եվրոպական կառույցների (Եվրոպայի խորհուրդ և այլն) ղեկավարներ, ինչը համապատասխանում է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին պաշտոնական Թբիլիսիի հայտարարած ինտեգրման տրամաբանությանը։
 
Վրաստանի առաջին դեմքերի՝ նախագահի և վարչապետի միջազգային այցելությունների ժամանակացույցը, ապրիլի համեմատ, այնքան էլ ծանրաբեռնված չէր։ Ամսվա կեսին՝ մայիսի 11-13-ին, Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին այցելել է Մեծ Բրիտանիա։ Նա Լոնդոնում մասնակցել է այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի կազմակերպած Հակակոռուպցիոն գագաթաժողովին, որին մասնակցում էին աշխարհի մոտ 40 երկրների ղեկավարներ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ1՝ գագաթաժողովի շրջանակներում քննարկվել են միջազգային հակակոռուպցիոն համագործակցության օրակարգում գտնվող հրատապ հարցեր, ինչպես նաև հափշտակված ակտիվների վերադարձման, շահառուական սեփականության, պետական գնումների և ֆինանսական թափանցիկության խնդիրները։
 
Ինչ վերաբերում է Գեորգի Կվիրիկաշվիլուն, ապա նա ելույթ է ունեցել «Georgia Investor Day» բիզնես համաժողովում, որին մասնակցում էր 130 գործարար, ինչից հետո բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի (Michael Fallon) և արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի (Philip Hammond) հետ։ Հանդիպումների ընթացքում բրիտանացի նախարարները հերթական անգամ հաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման, ինչպես նաև նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ հարցերում։ Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել բրիտանական հայտնի Chatham House ուղեղային կենտրոնում։ Նա մանրամասն կանգ է առել Վրաստանի արտաքին քաղաքականության և իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների հարցերի վրա։ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է նաև British Petrolium ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլիի (Bob Dudley) և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
 
Մայիսի 31-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աշխատանքային այցով կառավարական պատվիրակությամբ մեկնեց Ֆրանսիա, որտեղ Բորդո քաղաքում մասնակցեց «Գինու քաղաքի» բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի (Francois Hollande) հետ և քննարկել ԵՄ-ի հետ Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցերը։ Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի նախագահը դրական է գնահատել բարեփոխումները Վրաստանում, ինչպես նաև այն առաջընթացը, որին հասել է երկիրը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում՝ հավաստիացնելով Գեորգի Կվիրիկաշվիլուն իր լիակատար աջակցության մասին։ Վրացական կառավարական պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և նրա տեղակալ Լևան Դավիթաշվիլին։
 
Մայիսին տարբեր այցելություններ են կատարել նաև կառավարության այլ անդամներ նույնպես։ Մայիսի 19-ին, օրինակ, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին այցելեց Բեռլին, որտեղ մասնակցեց և ելույթ ունեցավ «Connectivity for Commerce and Investment» բիզնես կոնֆերանսի «Տնտեսական հաբերը և տրանսպորտային միջանցքները՝ ապագա ռազմավարություններ, քաղաքական և բիզնես մոդելներ» նիստում։ Նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ կոնֆերանսում հատուկ հետաքրքրություն են առաջացրել այն միջոցառումները, որոնք ուղղված են եղել Նոր Մետաքսի ճանապարհ նախագծի զարգացման գործում Վրաստանի դերի մեծացմանը։ Ուշադրություն է դարձվել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին։
 
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մայիսի 19-20-ին այցելել է Բրյուսել, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ նախարարների և Աֆղանստանում ՆԱՏՕ «Ամուր աջակցության առաքելության» (Resolute Support Mission - RSM) մասնակիցների հավաքին։ Քննարկվել են իրադրությունն Աֆղանստանում, ՆԱՏՕ առաքելության ապագա պլանները։ Այցելության շրջանակում, մայիսի 19-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է ունեցել Սլովակիայի, Ալբանիայի և Ռումինիայի իր պաշտոնակիցների հետ, որոնց հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափի համագործակցության հրատապ հարցեր։ Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ խոսվել է նաև ՆԱՏՕ Վարշավյան գագաթաժողովին պատրաստվելու և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած առաջընթացը հավուր պատշաճի ներկայացնելու հարցերի մասին։
 
Մայիսին պաշտոնական այցով Վրաստանում են եղել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների նախարարների կոմիտեի նախագահ, Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Դանիել Միտովը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, ինչպես նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան։
 
Մայիսի 9-ին Դանիել Միտովը և Գաբրիելա Բատաինի-Դրագոնին պաշտոնական այցով գտնվել են Վրաստանում։ Այցի շրջանակում նրանք հանդիպել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու և խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության ներկայացուցիչների հետ։ Այցելության շրջանակում, արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում տրվել է 2016-2019թթ. Վրաստանի գծով Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանի (20 մլն եվրո բյուջեով) մեկնարկը։ «Գործողությունների նոր պլանը շատ ավելի հավակնոտ է, քան 2013-2015թթ.։ Մենք արդեն ունենք աջակցություն, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերոջ՝ Եվրամիության կողմից, ԵՄ անդամ այլ երկրների կողմից»,- ասել է Մ.Ջանելիձեն՝ ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում։
 
Նշենք, որ նախագիծն ուղղված է մարդու իրավունքների, այդ թվում՝ սոցիալական իրավունքների պաշտպանությանն ու առաջմղմանը, արդարադատության ապահովմանը, դեմոկրատական կառավարման ամրապնդմանը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ու կոռուպցիայի, փողերի լվացման, կիբեռհանցագործության և մարզական մրցումներով մանիպուլյացիաների դեմ պայքարի միջոցառումների մշակմանը։
 
Մայիսի 29-հունիսի 2-ին պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան, որի երկիրը հուլիսի 1-ից դառնալու է Եվրամիության նախագահը։ Այցի ընթացքում Սլովակիայի նախագահը հանդիպում ունեցավ վրացի իր գործընկերոջ՝ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ, ներառյալ հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին Վրաստանի պատրաստվածության հարցը, ինչպես նաև այն «առաջընթացը», որին Թբիլիսին սպասում է ԵՄ-ից՝ անվիզա ռեժիմ ստանալու իմաստով։ Սլովակիայի նախագահը հանդիպում ունեցավ նաև վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Դ.Ուսուպաշվիլու հետ։ Թբիլիսիում և Բաթումում տեղի ունեցան Վրաստանի և Սլովակիայի բիզնես համաժողովներ։ Արդեն համաժողովի շրջանակում, երկու երկրների առևտրային և տնտեսական կապերի ամրապնդման համար, Վրաստանի Ներդրումների ազգային գործակալությունը և Սլովակիայի Առևտրի ու ներդրումների զարգացման գործակալությունը ստորագրեցին հուշագիր փոխըմբռնման մասին։
 
Տնտեսական ոլորտի իրադարձությունների մեջ, որոնք արտաքին քաղաքական շեշտադրում ունեին, հարկ է առանձնացնել «Վրաց-քրդական գործարար խորհրդի» (ՎՔԳԽ) մեկնարկը, որը տեղի ունեցավ մայիսի 21-ին Թբիլիսիում, «Courtyard Marriott» հյուրանոցում։ Խորհրդի հիմնադիրներն են վրացի գործարարներ Իրակլի Մգալոբլիշվիլին և Միխայիլ Կակուլիան, համանախագահն է Դավիթ Նաբիևը։ Միջոցառմանը ներկա էին Քրդստանի ինքնավար շրջանի պաշտոնական ներկայացուցիչը (Աբդուլսալամ Զիբարի), վրացական և քրդական գործարար հանրույթի ներկայացուցիչներ և պատվավոր հյուրեր։ Խորհրդի հիմնական նպատակը աջակցությունն է Խորհրդի անդամների տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ներառյալ օժանդակությունն առևտրին, առևտրային և ներդրումային գործունեությանը ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչպես նաև մշակութային կապերի զարգացումը։
 
Վրաստանը և տարածաշրջանային էներգետիկ, ենթակառուցվածքային նախագծերը
Էներգետիկ և ռազմաքաղաքական ուղղությունները մայիսին հիմնականն են եղել Վրաստանի արտաքին քաղաքականությունում։ «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի (Բաքու-Սուփսա 830 կմ խողովակաշար, թողունակությունը՝ տարեկան 7 մլն տ նավթ կամ օրական 140 հազ. բարել) 20-ամյա հոբելյանի շրջանակներում մայիսի 16-ին Վրաստան այցելեց Ադրբեջանական Հանրապետության վարչապետ Արթուր Ռասիզադեն։ Վրաստանի կառավարությունում ադրբեջանցի հյուրին ընդունեց վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին, որը նրա հետ քննարկեց վրաց-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի հիմնական հարցերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն, փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը և Ադրբեջանի նավթային պետական ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը։
 
Մայիսի 17-ին Հունաստանում, Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Տրանսադրիատիկական գազատարի (TAP) կառուցումն սկսելու արարողությունը, որը 2019թ. 800 կմ-անոց գազատարով միմյանց կկապի Հունաստանն ու Իտալիայի հարավը, որով նախատեսվում է ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա (թողունակությունը՝ տարեկան 16 մլրդ մ3, ներդրումների ծավալը գնահատվում է $45 մլրդ, որից $2 մլրդ-ն ներդրվելու է Վրաստանում)։ Վրացական պատվիրակությունը՝ երկրի վարչապետի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնեց Հունաստան՝ մասնակցելու այդ միջոցառմանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության հարցեր և Տրանսադրիատիկական խողովակաշարի անցկացման նախագիծը։ Ըստ Գ.Կվիրիկաշվիլու՝ նախագիծը նպաստելու է էներգաանվտանգության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության խորացմանը։ Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ Ալեքսիս Ցիպրասը մեկ անգամ ևս Հունաստանի ամուր աջակցությունն է հայտնել Վրաստանի եվրոպական ընտրությանը և նշել, որ Վրաստանը ԵՄ հուսալի գործընկերն է։ Վրացական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախի Քալաձեն և ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն։
 
Բեռնափոխադրումների ոլորտում մայիսի կեսին Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպման («Ղազախստան թեմիր ժոլի» ԲԸ ղեկավար Ասկար Մամինի, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբանովի և «Վրացական երկաթուղիներ» ԲԸ ղեկավար Մամուկա Բախտաձեի միջև) ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելացնել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով բեռնափոխադրումների ծավալները։ Երթուղին անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև՝ Թուրքիայով դեպի Ուկրաինա և ԵՄ երկրներ։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովի տեղեկատվությամբ՝ խոսք է եղել նաև մրցունակ սակագների սահմանման, Աքթաու-Կուռիկ-Ալյաթ-Աքթաու երթուղով լաստանավերի աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկաթուղային մեքենաշինության արտադրանքի արտադրության և մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Մայիսի 17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համակարգող կոմիտեի նիստը։
 
Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցություն
Ինչպես և սպասվում էր, մայիսի 15-ին ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը։ Այս ձևաչափը նոր չէ և գործում է 2014թ. օգոստոսից։ Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ եռակողմ այս հանդիպումները պետք է տեղի ունենան տարին երկու անգամ, բայց վերջին հանդիպումը կայացել է որոշակի դադարից հետո։
 
Եռակողմ հանդիպումից առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երկկողմ հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի և Թուրքիայի իր պաշտոնակիցների՝ Զաքիր Հասանովի և Իսմեթ Իլմազի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ակտիվացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Թինաթին Խիդաշելին Բաքվին առաջարկել է օգտվել երկրում գործող ՆԱՏՕ և Վրաստանի Համատեղ մարզավարժանքային և գնահատման կենտրոնից ((JTEC), ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ինստիտուցիոնալ շինարարության ՆԱՏՕ դպրոցից (DIB)։ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել է տարածաշրջանային անվտանգության, Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն աջակցելու հարցեր, ինչպես նաև Սևծովյան անվտանգության կոնֆերանսի նախագիծը։
 
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախատեսել են իրականացնել նաև մի շարք միջոցառումներ, որոնց մի մասը մինչև տարեվերջ տեղի է ունենալու Վրաստանում, մի մասը՝ Անկարայում, մի մասն էլ՝ Բաքվում։ «Խոսկացությունը եռակողմ ձևաչափով վարժանքների մասին էր։ Վրաստանը ցանկություն հայտնեց, որ 2017թ. մի քանի այդպիսի զորավարժություններ անցկացնի։ Մենք դրա համար համաձայնություն ստացել ենք, այնպես որ մենք 2017թ. գարնանը կպատրաստվենք... կաշխատենք համատեղ զորավարժություններ անցկացնելու և կրթական ծրագրերի ուղղությամբ»,- ընդգծել է Խիդաշելին։
 
Գաբալայի հանդիպման հիմնական արդյունքների վերաբերյալ նշենք, որ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների պայմանավորվածությունները կարելի է հանգեցնել հետևյալ երեք կետերին. 1. համագործակցություն կիբեռանվտանգության և էներգաանվտանգության ոլորտներում (նավթատարների և գազամուղների պաշտպանություն), 2. երեք երկրների ԶՈւ մարտունակության և մարտական պատրաստվածության բարձրացում ռազմական կրթության ոլորտում (ծրագրեր և նախագծեր) համագործակցության ճանապարհով, 3. փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորություն երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև (Բաթումում ամռանը կայանալիք նախարարների հանդիպման ժամանակ)՝ դրանց հետագա համագործակցության իրավական հիմքի ստեղծման նպատակով։
 
Վերը նշված բոլոր կետերը ցույց են տալիս, որ Վրաստանը հարևան պետությունների հետ պաշտպանության ոլորտում կարող է դուրս գալ փոխհարաբերությունների նոր մակարդակ, ինչը կարող է միջնորդավորված ձևով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի վրա։ Վրացի որոշ փորձագետներ շտապեցին հայտարարել, թե պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագրի հնարավոր ստորագրումը, ինչպես նաև էներգաանվտանգության ապահովման շուրջ համագործակցությունը երեք երկրների միջև կարող է դառնալ այսպես կոչված «այլընտրանք» ՆԱՏՕ մտնելուն և հետագայում կարող է վերաճել ռազմական դաշինքի։ Սակայն նման հեռահար վերլուծություններն առայժմ հիմնավորված չեն, քանի որ պաշտոնական Թբիլիսին դեռևս շարունակում է ցուցադրաբար, երկրի ղեկավարության մակարդակով, հայտարարել արտաքին քաղաքականությունում եվրոպական ու եվրատլանտյան վեկտորի անայլընտրանքայնության մասին։ Այս գաղափարին թերահավատորեն է վերաբերվում նաև ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան, ըստ որի՝ խոսքը ռազմական դաշինքի մասին չէ, քանի որ երեք երկրների առջև չի դրված հավաքական պաշտպանության հարցը, և ընդհանրապես, նրանցից յուրաքանչյուրն իր «թշնամին» ունի։ Այնուամենայնիվ, Մաիսայան չի բացառում, որ իրավիճակը կարող է փոխվել, և պաշտոնական Թբիլիսիի գերակայությունները կարող են վերանայվել։ Մեր կարծիքով՝ նման բան կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ Բրյուսելը (ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը) կորցնեն հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ և, որպես հետևանք, արգելակվեն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները, ինչը կարող է հիասթափություն և եվրաթերահավատություն առաջ բերել երկրում։ Միայն այդ պարագայում երկրի արտաքին քաղաքականության վեկտորը կարող է վերանայվել և փոխվել։
 
Ջոնի Մելիքյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play