Չի՞ կարելի արդյոք ընդհանրապես դեմ լինել բռնությանը. Արամ Աբրահամյան


Չի՞ կարելի արդյոք ընդհանրապես դեմ լինել բռնությանը. Արամ Աբրահամյան

  • 28-07-2016 17:49:56   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Հասարակությունը բաժանվել է երեք չափազանց անհավասար մասերի զինյալների գործողությունների պաշտպաններ (մեծամասնություն), ոստիկանության գործողությունների պաշտպաններ (փոքրամասնություն) եւ սթափ մարդիկ (ճնշող փոքրամասնություն):
 
Առաջին երկուսի դիրքորոշումը պարզ է` եթե դու հալած յուղի տեղ չես դնում Ալեք Ենիգոմշյանի բացատրությունները կրակոցների, վիրավորների եւ պատանդների մասին, ուրեմն դու տականք ես, ռեժիմի սպասարկու: Եթե դու «բացեր ես տեսնում» կատարվածի վերաբերյալ Աշոտ Ահարոնյանի վարկածի մեջ, ապա դու դարձյալ տականք ես, արդարացնում ես պետության դեմ կատարված հանցագործությունները: Բայց մի րոպե… Թե մեկը, թե մյուսը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ դեպքերը ներկայացնել այս կամ այն ձեւով, նրանք հակամարտության կողմերն են: Ինչո՞ւ ես պետք է նրանց անվերապահորեն հավատամ, միայն այն պատճառով, որ չեմ սիրում իշխանություններին կամ Ժիրայր Սեֆիլյանի՞ն: Ստացվում է, որ ես պետք է երկրպագուն լինեմ կա՛մ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի, կա՛մ ծեծող-ջարդող, գործ սարքող եւ անկապ «բերման ենթարկող» ոստիկանների: Մեկը սեւ է, մյուսը սպիտա՞կ: Իսկ չի՞ կարելի արդյոք ընդհանրապես դեմ լինել բռնությանը` ում կողմից էլ այն կիրառվի, ընդհանրապես դեմ լինել ապօրինի զենքին եւ դրա կիրառմանը, ով էլ դա անի` Լիսկայի թիկնապահնե՞րը, թե՞ «Սասնա ծռերը»: Ընդհանրապես դեմ լինել զենքի ուժով քաղաքական հարցերի լուծմանը` լինի դա 1996 թվականի սեպտեմբերի 25-ին, 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը, 2008 թվականի մարտի 1-ին, թե 2016 թվականի հուլիսի 17-ին: Ընդհանրապես կողմ լինել ժողովրդավարությանը, լայնախոհությանը, ներողամտությանը: Լեհական «Սոլիդարնոստը» ոչ մի ոստիկանական շենք չէր գրավել, ոչ մի մեկին չէր սպանել, ոչ մեկին պատանդ չէր վերցրել: Բայց կարողացել էր հաղթել այսօրվա Հայաստանի իշխանությունից 1000 անգամ ավելի ուժեղ, հզոր Խորհրդային Միության անվերապահ աջակցությունը վայելող կոմունիստական իշխանությանը: Ինչի՞ շնորհիվ: Նրանք պահանջում էին Վոյցեխ Յարուզելսկու հրաժարակա՞նը: Ոչ, դա հետեւանք էր, դա ինքնաբերաբար ստացվեց: «Սոլիդարնոստը» եւ Լեհաստանի ժողովրդի մեծամասնությունը պայքարում էին հանուն երկրի ժողովրդավարացման, հանուն համամարդկային արժեքների, հանուն իրենց երկրի` զարգացած աշխարհի մասը դառնալու: Ինձ թվում է՝ հենց այսպես պետք է քաղաքական գործիչները կողմնորոշեն իրենց լսող զանգվածներին, ինչը չեն արել երբեք՝ 1992 թվականի հանրահավաքներից սկսած: Հնամաշ «ազգային-ազատագրական» էմոցիաներով, բոցաշունչ, խարազանող ճառերով, հետեւանքների, ոչ թե պատճառների, երկրորդական խնդիրների մասին խոսելով չի ձեւավորվում հասարակության, ինչպես ընդունված է ասել, «տեսլականը»: Առանց դրա կլինի փողոցում անիմաստ վազվզոց եւ «բերման ենթարկելու» վրա շեղված ոստիկանների հետ անպտուղ բանավեճ: 
 
Արամ Աբրահամյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play