Ո՞վ պետք է զինված ապստամբության գոտուց դուրս կազմակերպի քաղաքական գործընթացը


Ո՞վ պետք է զինված ապստամբության գոտուց դուրս կազմակերպի քաղաքական գործընթացը

  • 29-07-2016 18:18:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Առաջնորդների բացակայությունն արաբական գարնան հեղափոխությունների եւ աշխարհում վերջին «անկանոն» իրադարձությունների բնորոշ հատկանիշն էր: Պատերազմներն ու հեղափոխությունները դադարել են անձնականացված լինել. Ղրիմը գրավել են առանց տարբերակիչ նշանների «կանաչ մարդուկները», Թուրքիայում փորձում են «խռովության դեմ պայքարի» անվան տակ չեզոքացնել Էրդողանի հակառակորդներին, իսկ Հայաստանում ապստամբների գրաված ՊՊԾ գնդից դուրս առաջնորդներ չեն գտնվում, որոնք կարող են մոբիլիզացնել ժողովրդին եւ քաղաքական տեքստ ձեւակերպել:

 

Քաղաքական առաջնորդների եւ տեքստերի բացակայությունը հայ հասարակությունում խառնաշփոթ է առաջացնում: Հասկանալի չէ, թե ով պետք է զինված ապստամբության գոտուց դուրս կազմակերպի քաղաքական գործընթացը:

 

Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ն եւ Արթուր Բաղադասարյանի կուսակցությունը հայտարարել են պայքարի բռնի մեթոդների անթույլատրելիության մասին՝ դա հիմնավորելով Հայաստանի արտաքին քաղաքական իմունիտետի թուլացման սպառնալիքով:

 

Ցույցերին միանալու մասին հայտարարել են Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, որն ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլատֆորմի հետ, եւ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը, որը հանդես է գալիս Հայաստանում զարգացման եվրասիական ուղու օգտին:

 

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես մասնակցում է ցույցերին, սակայն չի միանում ապստամբների մեթոդներին:

 

Առավել ակտիվ է Ժառանգությունը, որի անդամները ներկայում հարթակում են եւ փորձում են կազմակերպել անհնազանդության ակցիաներ:

 

Հետաքրքիր է նաեւ արտաքին քաղաքական արձագանքը: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ ապստամբները փորձում են «քաղաքական փոփոխությունների» հասնել, սակայն անընդունելի զինված մեթոդներով: Իսկ Ռուսաստանն ապստամբների գործողությունները «քրեական դրսեւորում» է անվանել:

 

Իրավիճակի հստակեցումը կարեւոր է այն առումով, որ ընդամենը մեկ ամսից երկիրը կմտնի նախընտրական փուլ: Հաջորդ տարվա գարնանը պետք է խորհրդարանական ընտրություններ կայանան՝ առաջինը սահմանադրության բարեփոխումներից հետո: Կարծիք կա, որ նախընտրական արշավն սկսել է տրամադրությունների արմատականացումից:

 

Անկախ արդյունքից՝ Էրեբունիի իրադարձություններից հետո իշխող Հանրապետական կուսակցության համար ավելի բարդ է լինելու ավանդական դեմագոգիկ քարոզարշավ անցկացնել: Ավելի դժվար կլինի նաեւ օգտագործել իրավապահ մարմիններին ու թաղային հեղինակությունների գողական ցանցը, քանի որ երկու համակարգերն էլ Էրեբունիի իրադարձությունների ժամանակ ցույց են տվել իրենց ծայրահեղ խոցելիությունը եւ ոչ ֆունկցիոնալությունը:

 

Դատելով ընթացիկ իրադարձություններից՝ անգամ եթե հաջողվի այս իրավիճակից դուրս գալ առանց նոր կորուստների ու տոտալ անկայունության, Հայաստանին սպասվում է բուռն նախընտրական շրջան՝ գրեթե անկանխատեսելի ելքով:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն