Բանակցությունների և երկխոսության փոխարեն կիրառվեց սպառնալիքի և բռնի ճնշումների ճանապարհը. Ազգագրագետ(Տեսանյութ)


Բանակցությունների և երկխոսության փոխարեն կիրառվեց սպառնալիքի և բռնի ճնշումների ճանապարհը. Ազգագրագետ(Տեսանյութ)

  • 01-08-2016 16:42:58   | Հայաստան  |  Վերլուծություն



Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  
 
«Օրվա հրատապ պահանջներից մեկը՝ մեկ առ մեկ պատասխանատվության ենթարկել անիրավական և ագրեսիվ գործողություններ իրականցրած ոստիկաններին: 
 
Սկսելով ՛՛բերման ենթարկված՛՛ անձանց առանց ներկայանալու և ՛՛բերման ենթարկելու՛՛ պատճառն իրազակելու գործողություններից, ՛՛բերման ենթարկմանը՛՛ ֆիզիկապես չդիմադրող մարդկանց նկատմամբ բռնության գործադրումից, փախչող մարդկանց մահակներով հետապնդելուց, առանց որևէ կոնկրետ ապացույցի առաջադրված մեղադրական տեքստերից, մարդկանց խիտ բնակության վայրերում խաղաղ բնակիչների կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններից, ՛՛բերման ենթարկված՛՛ մարդկանց նկատմամբ նվաստացման գործողություններ և ագրեսիվ կտտանքներ կիրառելուց, մարդկանց հետ սպառնալիքի և հայհոյախառն լեզվով հաղորդակցվելուց...
 
Չափազանց կարևոր է ժամանակավոր մեկուսացման վայրերում գտնված/գտնվող մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և կտտանքների դեպքերի իրավական քննությունը և դատապարտումը: Սրանով, թերևս, կամավորության սկզբունքով պետք է զբաղվի բռնությունների դեմ աշխատող ՀԿներից որևէ մեկը, և այդպիսի կամավոր կառույցին բոլորս տրամադրենք կոնկրետ նյութեր՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, փաստաբանների, հարազատների և պարզապես ականատեսների վկայությունները: Սա մեր օրվա պահանջներից մեկն է: Իսկ ահա քննչական մարմինների օրվա՝ արդեն իսկ իրականացվող պահանջը տուժողներին վկա սարքելն է: Արդյունքում կարձանագրվի, որ ՛՛իրավապահների՛՛ գործողություններից տուժողներ չկան: Նույնիսկ աչքը կորցրած երիտասարդ տղան, համարյա պատանին: Փոխարենը կմեկնարկի ՛՛զանգվածային անկարգություններից՛՛ տուժած ՛՛իրավապահներ՛՛ի քննչական ծանր զինանոցը:
Սրա վրա եմ հրավիրում նաև նախկինում իմ ուսանող, այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Farmanyan Samvelի ուշադրությունը, ով իր ֆեյսբուքյան էջում արդեն գրել է ՛՛Չհաշված Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումները, որոնք անշուշտ լուրջ հետաքննության կարիք ունեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները դրսևորեցին բացառիկ զսպվածություն և արհեստավարժություն՛՛ և ոգևորվել. ՛՛Չնայած հանրային լայն ակնկալիքներին, ընտրվեց համբերատար բանակցությունների և երկխոսության ուղին: Առողջապահության նախարարությունն ապահովեց բոլոր տուժածներին համաչափ և որակյալ բուժօգնություն` անկախ նրանից, թե որ կողմն էր ներկայացնում տուժողը՛՛: Ցավում եմ Սամվել Ֆարմանյանի այս ապատեղեկաացվածության համար, որովհետև ակնհայտորեն ՛՛համբերատար բանակցությունների և երկխոսության փոխարեն՛՛ իրականում կիրառվեց սպառնալիքի և բռնի ու հոգեբանական ճնշումների ճանապարհը, իսկ տուժածների զգալի մասը, ՛՛համաչափ և որակյալ բուժօգնություն՛՛ ստանալու փոխարեն, ծանր վիրահատություններից հետո անմիջապես տեղափոխվեցին բանտային խոնավ, խավարասերներով հարուստ հիվանդանոցային շքեղ անունը կրող խցիկներ, որտեղ նրանցից մի քանիսը նույնիսկ անզոր են լվացվել և մի կտոր սնունդ ընդունել: Շատ մեծ ցավ եմ ապրում, որ իմ նախկին ուսանողի պաթետիկ եզրակացությամբ ՛՛Անկախության 25-րդ տարեդարձը մենք նշում ենք հենց այսօր այս խորհրդանշական ձեռքբերմամբ՛՛ն է: Առաջարկում եմ Farmanyan Samvelին ԱԺ իր վստահելի գործընկերների և հանրության համար վստահելի մարդկանց մի փոքր խմբի հետ ձեռնամուխ լինել բանտում գտնվող հիվանդների նկատմամբ վերաբերմունքի և երեկ բանտարկված ապստամբների նկատմամբ հնարավոր կտտանքները կանխելու վերահսկողությանը: Սա, իհարկե, նույնքան պաթետիկ չէ, բայց կյանքի և ապագա քաղաքական գործունեության լուրջ փորձառություն կլինի»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն