Իշխանությունները 25 տարի հանցագործություններ են կատարում, ընտրություններ կեղծում, գողանում և այլն. Արամ Աբրահամյան


Իշխանությունները 25 տարի հանցագործություններ են կատարում, ընտրություններ կեղծում, գողանում և այլն. Արամ Աբրահամյան

  • 29-08-2016 14:06:30   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Քանի որ երբեմն իմ հասցեին կարդում եմ քննադատություններ՝ «համահարթեցնելու», «ակնարկներով խոսելու», «համ մեխին, համ նալին խփելու», ենթադրում եմ, որ իսկապես պատահում է, որ հստակ եւ հասկանալի չեմ արտահայտում իմ կարծիքը:
 
Ուստի եւս մեկ անգամ հայտնեմ իմ տեսակետը, ինձ թվում է՝ միանշանակ ձեւակերպումներով: Ոստիկանական գնդի վրա զինված հարձակման մեջ ես ոչ մի հերոսական, ոչ մի ռոմանտիկ եւ առավել եւս՝ ոչ մի «ազգափրկիչ» բան չեմ տեսնում: Զինված ներքաղաքական պայքարն ինձ համար անընդունելի է: Գիտեմ, որ նման կարծիքը «իշխանությանը ծառայելու» մեղադրանքների, հայհոյանքների եւ անեծքների տարափ է առաջացնում: Չնայած կան մարդիկ (նրանք, իհարկե, փոքրամասություն են կազմում, բայց կան), որոնք կիսում են իմ այդ տեսակետը, բայց չեն ցանկանում այն հայտնել՝ վախենալով վերոհիշյալ մեղադրանքներից եւ հայհոյանքներից: Մեկ այլ կարեւոր գործոն է, իհարկե, հիմնական զանգվածին դուր գալու ցանկությունը: Մինչդեռ ինձ թվում է՝ ցանկացած մտածող մարդու պարտքն է հակադրվել «ռոմանտիկ հույզերին», եթե այդ մարդը տվյալ հույզերը չի կիսում, եւ եթե, գումարած դրանք, ցանկանում է ապրել Հայաստան պետությունում:   Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են եւ այլն: Այո, այդպես է:
 
Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ: Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով: Պարզապես կլինեն երկու միզողներ, եւ կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին: Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով: Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել:Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված: Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար:   Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետեւյալն է՝ «բա որ իշխանությունները…», որին հետեւում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը: Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953): Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանում ուշքի գալ: Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով եւ ռեստավրացիաներով, ուշքի գալու համար: Հարց. Հայաստանն ունի՞ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play