Մեկ օր դիահերձարանում անցկացրած վանաձորցի ազատամարտիկն իրեն անտեսված է համարում.«Հետք»


Մեկ օր դիահերձարանում անցկացրած վանաձորցի ազատամարտիկն իրեն անտեսված է համարում.«Հետք»

  • 23-09-2016 18:16:20   | Ադրբեջան  |  Հասարակություն

«Հետք».64-ամյա Գարիկ Աղաջանյանն Արցախյան պատերազմի մասնակիցներից է: Մարտի դաշտ է մեկնել Արցախյան շարժման առաջին իսկ օրերին:
 
Թե հատկապես ո՞ր հատվածներում ընթացող մարտերին է  մասնակցել, դժվարանում է ասել: Պատերազմի ընթացքում ստացած երկու վիրավորումների հետևանքով տեղանուններն ու էլի որոշ մանրամասներ չի հիշում: Երկրապահ կամավորական միության անդամ Գ. Աղաջանյանը չի կարողանում ներկայացնել մարտական ուղին նաև գրավոր տարբերակով, ինչպես սովորաբար անում են ազատամարտիկները:
 
«Մարտական ուղին պետք ա իրանց շեֆը գրեր, էդ էլ չգրվեց: Հետո, երբ ասեցի, որ գրեն, ասին՝ այ մարդ, ինչի՞ն ա պետք էդ մարտական ուղին»,- պատմում է կինը՝ Ռայան:
 
Վերջինս փորձում է ձեռքի տակ ունեցած փաստաթղթերի ու զինակից ընկերների պատմածով ամբողջացնել ամուսնու անցած ճանապարհը:
 
«1988-ին, երբ ամեն ինչ խառնվեց իրար, մենք Սումգայիթում էինք ապրում: Երեք երեխաներիս հետ մի կերպ փախանք,  եկանք Հայաստան: Միանգամից որոշեցինք գալ, հաստատվել Կիրովականում: Կարճ ժամանակ անց, երբ Արցախյան շարժումն ակտիվացավ, Գարիկը որոշեց մեկնել Արցախ»:  
 
Գ. Աղաջանյանն առաջին անգամ վիրավորվել է Հորադիզում: 1993թ. օգոստոսին բեկորային վիրավորում ստացած Գարիկին անմիջապես տեղափոխել են Երևան: Կարճ ժամանակ անց, սակայն, լիովին չապաքինված՝ նա կրկին մեկնել է մարտի դաշտ:
 
«Որ երկրորդ անգամ գնում էր, խնդրեցի, ասի՝ վիրավոր ես, ինչու՞ ես նորից գնում,  մորդ միակ տղեն ես: Ասեց՝ բա էն զոհվածներին մեր չի՞ բերել: Նրանք էլ մեր ունեն: Ես պիտի գնամ մինչև վերջ: Բոլորս դեմ էինք, բայց չլսեց, գնաց»,- հիշում է կինը:
 
 Արցախ մեկնելուց ամիսներ անց՝ 1994թ. հունվարի 28-ին, Գարիկը ծանր վիրավորվում է, այս անգամ՝ Մարտունու շրջանում: Ինչպես հետո ընկերներն ու բժիշկներն  են ընտանիքի անդամներին պատմել, վերջինս մեկ-երկու օր համարվել է ոչ թե վիրավոր, այլ զոհված: Հենց դա է եղել պատճառը, որ Գարիկը որոշ ժամանակ անց է կացրել դիահերձարանում:
 
«Երկրորդ անգամ վիրավորվեց գլխից, գլխի կեսը տարել էր, փամփուշտը մի կողմից մտել էր, մյուս կողմից՝ դուրս եկել: Որ ինձ տարան Երևան, ասին՝ իրան մորգից են հանել բերել: Հենց իմացել են մահացած ա եղել: Ահավոր վիճակում էր»,- պատմում է Ռայան:
 
«Բա ո՞վ մի երկու օր մորգում մնար, որ էդ տեսքին չլիներ»,- միջամտում է Գարիկը:
 
«Անգիտակից պառկած էր: Գլուխն էլ ընենց էր բլանդած, ոնց որ մեշոկ:  Ասում էին՝ չի լավանա, չի ապրի, մենինգիտ էր արդեն՝ լրիվ թարախակալած: Մարմնի կեսը պարալիզացված էր, ոչ քայլում էր, ոչ հասկանում էր՝ ինչ էինք ասում, ոչ ճանաչում էր որևէ մեկին: Ասում էր՝ էս ի՞նչ երեխեք են»,- անցած օրերի տպավորությունների տակ շարունակում է կինը:
 
Ամիսներ են պահանջվում, որպեսզի Գարիկի առողջական վիճակը փոքրիշատե կայունանա: Մանկան պես քայլ առ քայլ նա սովորում է քայլել, աստիճանաբար սկսում է ճանաչել հարազատ-մտերիմներին:
 
Պատերազմին հաջորդող տարիներին Գ. Աղաջանյանը պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» (1997թ.), «Մարտական ծառայության մեդալ» (2003թ.), «Հայաստանի երկրապահ» (2005թ.) հուշամեդալներով:
 
«Սկզբնական շրջանում էլի ուշադրություն էին դարձնում, բայց 2005-ից հետո էս քանի տարի ա անտեսված ա: Ոչ մի անգամ որևէ տոնի՝ Շուշիի ազատագրման օր կլինի, Հաղթանակի օր, Բանակի օր, թե մի ուրիշ տոն, չեն հիշի: Շատ ա նեղվում, որ տելեվիզրով տեսնում ա, թե ոնց են տոնում էդ տոները, ասում ա՝ հլա տես է, ոնց որ ինձ մարդու տեղ չդնեն, ոնց որ մեռած ըլնեմ»,- ասում է կինը:
«Երկրապահը (նկատի ունի Երկրապահ կամավորականների միությունը-հեղ.) ով իրան պետք ա, ով կյանքում կռվի դաշտում էլ չի եղել, պրոստը գրանցված ա, ով մոտիկ ա, կօգնի փողով, բայց ով իսկականից գնացած ա եղել, զոհվել ա կամ վիրավորված ա, էդ մարդկանց չեն ընդունում: Բոլոր ցուցակները Երկրապահի ձեռումն ա: Մեկը մի անգամ չզանգեց, հարցրեց՝ Գարիկ, սա՞ղ ես, թե՞ չէ»,- նեղսրտում է Գարիկը:
 
Ամուսնու անտեսվածության վիրավորանքը մեղմելու համար Ռայան նրանից գաղտնի 2012թ. նամակ է գրել Պաշտպանության նախարարին. «Գրեցի՝ ինչի՞ ա էլի էս մարդը մոռացված, ախր ինքը միշտ առաջին գծում ա եղել, միշտ կռվել ա…»:
 
Նամակից որոշ ժամանակ անց ազատամարտիկին կանչում են Երևան ու պարգևատրում «Ծովակալ Իսակով» մեդալով:
 
Առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկի մեջ կռվելու ցանկությունը նոր ուժով է պոռթկում ապրիլյան պատերազմի օրերին:
 
 «Սրտով ուզում էի գնամ, բայց չկարողացա: Ջահելների համար նեղվում էի, աֆիցերներին, կներես, ուշունց եմ տվել, թե ջահելներին խի՞ եք տարել առաջին գիծ: Գոնե երկրորդ գիծ, երրորդ գիծ դրեք: Իմ նման կամավոր գնացողներին մտցրեք առաջին գիծ»:
 
Մինուճար որդուն 2000-ականների սկզբին կորցրած Աղաջանյաններն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն. Գարիկի առողջական վիճակի պարբերաբար ստուգման, ձեռք բերած բազմաթիվ հիվանդությունների սրացումների համար անհրաժեշտ դեղամիջոցներից մինչև կոմունալ-կենցաղային պայմանների բարելավում:
 
Տիկին Ռայան ժպիտով է հիշում մարտի դաշտից բերած Գարիկի  միակ «ավարը», որի շուրջ հարևաններն այսօր էլ հաճախ են կատակում:
 
 «Գարիկն Արցախից մի քանի պոպոք էր բերել վեշ-մեշոկում: Հարևանները կատակում  էին՝ ուրիշներն ինչ ասես բերում են, դու՝ պոպոք: Ասում էր՝ իմ էղածը Սումգայիթում է մնացել, ես թուրքինը բերեմ վայելե՞մ: Ինձ պետք չի: Ամեն անգամ հարևաններով  հիշում ենք էս պատմությունն ու ծիծաղում»,- հիշում է  կինը:
 
 Դժվարությամբ տեղաշարժվելու պատճառով տարիներ շարունակ պոլիկլինիկայի հերթերից խուսափող Գարիկին ու քաղաքի մյուս ազատամարտիկներին վերջերս Վանաձորում կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարը խոստացել է՝ այսուհետ ոչ թե դուք եք գնալու բժշկի մոտ, այլ բժիշկն է գալու ձեզ մոտ՝ ձեր տուն:
 
Այս հայտարարությունը Աղաջանյանների ընտանիքում թեև ողջունում են, բայց դրա իրականացմանը թերահավատորեն են մոտենում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն