Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպանին

  • 10-10-2016 15:18:09   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Նորին Սրբությունը, նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին, արդյունավոր առաքելություն ցանկացավ նրան:
 
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորեց երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են ծառայում առկա համագործակցության առավել զարգացման համար: Նորին Սրբությունը անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին` խոսելով նաև Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում երկու ժողովուրդների կրած ծանր և ողբերգական կորուստների մասին:
Իր հերթին Հունաստանի դեսպանը ընդունելության և բարեմաղթանքների համար շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հավաստիացնելով, որ առավելագույն ջանքեր կներդնի` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման, հայ-հունական համագործակցության առավել զորացմանն ի խնդիր:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց այն համագործակցությունը, որ առկա է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան միջև` գնահատանք հայտնելով Հունաստանում հայ եկեղեցականների ուսումնառության գործում ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև Սրբալույս Մյուռոնի պատրաստության համար անհրաժեշտ ձիթայուղի հայթայթման համար: Անդրադարձ կատարվեց նաև երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play