Սասնա ծռեր շարժումն հայտարարել է նորից փողոց դուրս գալու մասին


Սասնա ծռեր շարժումն հայտարարել է նորից փողոց դուրս գալու մասին

  • 24-10-2016 19:03:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն օրերս հայտարարել էր, որ Սասնա ծռեր ջոկատի ՊՊԾ գնդի գրավումից հետո ձեւավորված շարժումը առաջիկայում կվերսկսի աշխույժ գործունեությունը, կվերականգնի հանրահավաքների, երթերի եւ ցույցերի պրակտիկան, որ կիրառում էր հուլիսյան իրադարձությունների ընթացքում եւ դրանից որոշ ժամանակ անց:
 
Այդ հանրահավաքները հուլիսի 31-ի հայտնի հանգուցալուծումից հետո շարունակվելով, աստիճանաբար վերածվեցին զավեշտի, եւ ի վերջո կայացվեց թերեւս ամենաճշգրիտ որոշումը` դադարեցնել դրանք:
Ինչ է փոխվել այժմ, որ բերել է դրանք վերսկսելու որոշման: Տվյալ պարագայում խնդիրն իհարկե բազմամարդությունը չէ: Ի վերջո, հանրահավաքա-երթային գործողությունների մեխը չի կարող եւ չպետք է լինի դրա մասնակիցների քանակը: Բուն խնդիրն այն է, թե այդ գործողությունները հանրության ինչ մասի, ինչ շրջանակի եւ շերտերի համար եւ որքան հասկանալի, պարզ ու մատչելի օրակարգ են պարունակում, որքանով է այդ օրակարգը ընկալելի, հասկանալի եւ գնահատելի հասարակության լայն շերտի համար:
Բանն այն է, որ միայն իշխանության հանցավորության, անօրինականության, դավաճանության եւ այդ կարգի այլ բնորոշումների եւ նկարագրությունների, ըստ այդմ իշխանության անհապաղ հեռացման եւ Հայաստանը փրկելու մասին հետեւությունը դեռեւս օրակարգ չէ:
Սասնա ծռերի գործողությունից հետո ձեւավորված շարժումը փաստացի չկարողացավ անգամ ապահովել ՊՊԾ գնդի գրավման միայն 12-րդ օրը ձեւակերպված գործնականում միակ քաղաքական օրակարգային հարցի` Հայաստանը Ռուսաստանի գաղութի կարգավիճակից դուրս բերելու հետագա ընթացքը, դրան տալ համապարփակ բովանդակություն, վերածել այն Հայաստանի իրավիճակի հանրամատչելի ախտորոշման, հանրությանը ցույց տալով այդ խնդրի եւ իր ներկայի ու ապագայի սոցիալ-տնտեսական, անվտանգային խորքային խնդիրների ու մարտահրավերների առարկայական կապը:
Ուշագրավ է, որ Ալեք Ենիգոմշյանի ազդարարած մեկնարկից հետո մամուլը ստացավ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի համատեղ հոդվածը, որում գնահատված էր իրավիճակը` Սասնա ծռերի գործողության, դրան հանրային արձագանքի, ներքին ու արտաքին քաղաքական համատեքստի, մարտահրավերների եւ հեռանկարների վերաբերյալ:
Այդ հանգամանքը հետաքրքիր է մասնավորապես նաեւ այն համատեքստում, որ Սասնա ծռերի գործողությանն էլ փաստորեն նախորդել էր Ժիրայր Սէֆիլյանի նամակը` ՀԽ իր գործընկեր առաջնորդ Գարեգիկ Չուգասզյանին: Իհարկե, այդ նամակը չէր պարունակում ընդգրկվող հարցերի այն շրջանակը, որ կա Ավետիսյանի եւ Սէֆիլյանի համատեղ հոդվածում: Բայց, այդուհանդերձ, համատեղ հոդվածը Սասնա ծռերի գործողությունից հետո ձեւավորված շարժման քաղաքական աշխուժացման ծրագրային ուղենիշն է, որում փաստացի ամրագրվում է այդ խմբավորման հիմնական մոտեցումը Հայաստանի ներքաղաքական զարգացման առումով` ընտրության մասնակցության մերժում, քանի դեռ չի եղել իշխանափոխություն:
Այդ ուղենիշը հռչավում է ՏԻՄ ընտրությունից հետո եւ համապետական ընտրությունից առաջ: Փաստացի, այդ հռչակումը մարտահրավեր է Հայաստանի ընդդիմությանը կամ այն ուժերին, որոնք հանդես են գալիս այդ կարգավիճակով եւ մասնակցել են ՏԻՄ ընտրությանը, ու պատրաստվում են մասնակցել խորհրդարանի ընտրությանը:
Ավելին, Սասնա ծռեր պայմանական շարժման աշխուժացումը գուցե ավելի շատ հենց ընդդիմադիր ուժերին, քան իշխանությանը նետված մարտահրավեր է:
Այդ առումով ստեղծվել է բավական ուշագրավ վիճակ, որ ուրվագծվեց դեռեւս հուլիսյան իրադարձություններից ու դրանից հետո ընթացող զարգացումներից: Դրանք հնարավոր է բաժանել պայմանական երկու փուլի: Առաջին փուլում, Սասնա ծռերի գործողությունից հետո, քաղաքական դաշտը փաստացի հայտնվել էր կաթվածահար, անելանելի մի իրավիճակում: Հնարավոր չէր, այսպես ասած պոպուլյար չէր չաջակցել Սասնա ծռերին, բայց մյուս կողմից դա փաստացի նշանակելու էր ընդունել գործունեության նրանց մեթոդաբանությունը:
Պատահական չէ, որ տեւական ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել էր անելանելի վիճակում, իսկ իրավիճակի տրամաբանությունը սահուն փոխելու համարձակ ջանքի միակ օրինակը, որ ցուցաբերեց ՔՊ կուսակցությունը, արժանացավ հակասական վերաբերմունքի:
Հուլիսի իրադարձությունների հանգուցալուծումից հետո, երբ Սասնա ծռեր շարժումը փաստացի գտնվեց արդեն երկրորդ` քաղաքական փուլը ձեւակերպելու եւ սպասարկելու համարժեքությանն անպատրաստ, ինչն իհարկե պայմանավորված է բազմաթիվ բազմաբնույթ հանգամանքներով, իրավիճակը շրջվեց արդեն հօգուտ առաջին փուլում անելանելիության մեջ հայտնված քաղաքական ուժերի:
ՏԻՄ ընտրությունից հետո իրադրությունը կարծես թե հակառակ է շրջվել, քանի որ այդ ուժերը հանրությանը շոշափելի հույս տալով մասնակցելով այդ ընտրությանը, փաստացի չարձանագրեցին դրան համարժեք արդյունք, միաժամանակ իրենք էլ իրենց հերթին անհամարժեք գտնվեցին ձեռք բերած թեկուզ փոքր արդյունքը շոշափելի քաղաքական հենքի վերածելու խնդրին:
Եվ գուցե պատահական չէ, որ այդ շրջադարձից հետո աշխուժացման որոշում է կայացնում Սասնա ծռեր շարժումն ու հայտարարում նորից փողոց դուրս գալու մասին, առաջնորդող ուղենիշ հռչակելով ընտրությանը մասնակցության անհեռանկարության հանգամանքը:
Եվ դա, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ բավական բարդ կացության առաջ կարող է դնել խորհրդարանի ընտրությանը ընդդիմադիր դիրքերից մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերին: Նրանք փաստացի ստիպված են լինելու պայքարելով իշխանության դեմ, նաեւ պայքարել Սասնա ծռերի հռչակած «ընտրությունների մասնակցության ավելորդության» դեմ: Այդ հռչակագիրը կարող է ընդդիմադիր ուժերից զգալի էլեկտորատ հեռացնել, ինչը ընտրության ցանկալի արդյունք ստանալու մի շարք հնարավորություններ կբացի իշխանության համար, եթե այդ ուժերը չկայացնեն Սասնա ծռեր շարժմանը միանալու հավաքական որոշում: Իսկ այդպիսի որոշում չկայացնելու դեպքում, նրանք արդեն կամա թե ակամա կմիանան իշխանության արդյունքի ձեւավորմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play