«Հայաստանը եղել և մնում է Վրաստանի կողմնակիցը».Վրաստանի վարչապետ»


«Հայաստանը եղել և մնում է Վրաստանի կողմնակիցը».Վրաստանի վարչապետ»

  • 01-11-2016 12:15:27   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Վրաստանի արտաքին քաղաքական իրադարձությունները սեպտեմբերին կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի. Վրաստանի ղեկավարության պաշտոնական և աշխատանքային ուղևորություններ (վարչապետի պաշտոնական այցը Հայաստան սեպտեմբերի 5-ին; վարչապետի աշխատանքային այցը ԱՄՆ սեպտեմբերի 19-22-ին), օտարերկրյա բարձրաստիճան անձանց այցելությունները Վրաստան (Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական այցը սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ին; Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանի պաշտոնական այցը սեպտեմբերի 10-12-ին; Շվեյցարիայի համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստ Մարկվալդերի պաշտոնական այցը սեպտեմբերի 5-6-ին), ինչպես նաև պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական օրակարգի առավել հրատապ իրադարձությունները (հայ-վրացական հարաբերություններ և Վրաստան-Չինաստան փոխհարաբերություններ)։ Անդրադառնանք Վրաստանի սեպտեմբերյան արտաքին քաղաքական ամենակարևոր իրադարձություններին։
 
Անցած ամսվա արտաքին քաղաքական իրադարձությունների շարքում ուշագրավ է Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլու աշխատանքային այցը ԱՄՆ (սեպտեմբերի 19-22), որտեղ նա սեպտեմբերի 21-ին ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդես եկավ նաև բարձր մակարդակի մի քանի այլ հանդիպումներում, որոնք կազմակերպվել էին Էստոնիայի, Վրաստանի, Կորեայի Հանրապետության, UNDP-ի, ՀԱՀ-ի, Ֆրանսիայի կողմից։ Նա ելույթ է ունեցել նաև «Ինովացիոն ֆինանսավորումը 2030թ.՝ կայուն զարգացման շրջանակներում» թեմայով բարձրամակարդակ հանդիպմանը։
 
Այցի շրջանակներում Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է մի քանի պաշտոնական ընդունելությունների, որոնք տեղի են ունեցել ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների՝ ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի և նրա տիկնոջ անունից։ Նա մասնակցել է նաև ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կազմակերպած ընդունելությանը։ Գ.Կվիրիկաշվիլին մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի, Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի ու Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ։
 
Վրաստան-Հայաստան. Անցած ամիս հայ-վրացական հարաբերություններն ամրության փորձության ենթարկվեցին։ Հերթական անգամ նման ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառ դարձավ Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ էին եկել նաև կիսաճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի պատվիրակությունները։ Նշված պատվիրակությունների այցելությունը կարող էր շարքային «տհաճ» իրադարձություն մնալ պաշտոնական Թբիլիսիի համար և մոռացվել, եթե չլիներ աբխազական պատվիրակության այցի տեղեկատվական լուսաբանումը։ Աբխազական պատվիրակության (որը գլխավորում էր Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, պատվիրակության կազմում էր նաև Աբխազիայի Ազգային ժողովի փոխնախագահ Վաղարշակ Կոսյանը) անդամ, արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կան Տանիան Facebook-ի իր էջում հրապարակել էր լուսանկար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած ընդունելությունից, որտեղ, ինչպես պարզաբանում է Տանիան, աբխազական պատվիրակությունը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։
 
Աբխազական պատվիրակության հետ Հայաստանի նախագահի՝ նույն լուսանկարում գտնվելու փաստը, թեկուզև Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ Հայաստանի նախագահը նույնպես գտնվում էր հյուրի կարգավիճակում, վրդովել էր վրացական հասարակությանը, քաղաքական գործիչներին և Վրաստանի ԱԳՆ-ին։ Այս տեղեկատվությանն անհապաղ արձագանքեց վրացական «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան, որը սույն փաստն անվանեց «զայրացուցիչ» և «անընդունելի»։ Քաղաքական գործիչը դիմեց Վրաստանի ԱԳՆ-ին՝ կոչ անելով «համապատասխան միջոցներ ձեռնարկել», ներառյալ Վրաստանում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելն ու «նրանից բացատրություններ պահանջելը, թե ինչու է հարևան բարեկամական երկրի նախագահը հանդիպել Աբխազիայի պատվիրակության հետ»։
 
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում նույն օրը հայտարարեցին, թե պաշտոնական Երևանը կտրականապես հերքում է հանդիպման փաստը, իսկ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեի խոսքով՝ Հայաստանում Վրաստանի դեսպանը թեմայի շուրջ խոսել է Հայաստանի փոխարտգործնախարարի հետ։
 
Ինչպես պարզաբանում է հայկական կողմը, ոչ մի հանդիպում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ չի եղել։ Դա հերթական քաղաքական շահարկում է, որին հաճախ են դիմում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները»,- նշել է Վրաստանի ԱԳ փոխղեկավարը։
 
Վրացական ԶԼՄ-ին մեկնաբանություն տվեց նաև վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ըստ որի՝ «Հայաստանը եղել և մնում է Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակիցը»։ «Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարություն է արել այն մասին, որ ոչ մի հանդիպում և, առավել ևս, պաշտոնական բանակցություն չի եղել։ Հայաստանը եղել և մնում է Վրաստանի կողմնակիցը, երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցը։ Մնացած ամեն բան ընդամենը քաղաքական շահարկում է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
 
Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման (Բրատիսլավա) ժամանակ աշխատանքային հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են ինչպես միջպետական օրակարգի հարցեր, այնպես էլ իրավիճակը՝ կապված աբխազական պատվիրակության Ստեփանակերտ կատարած այցելության հետ։ Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վրաց գործընկեր Միխայիլ Ջանելիձեին հավաստիացրել է, որ «Հայաստանի դիրքորոշումն անսասան է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ»։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները «հաստատել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները և քննարկել հարցեր՝ կապված Վրաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի հետ»։
 
Չնայած ամսվա սկզբի բավական բարդ տեղեկատվական ֆոնին՝ սեպտեմբերի 5-ին առաջին պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս այցը դարձավ վրացական կառավարության ղեկավարի տարածաշրջանային պաշտոնական այցերի շղթայի շարունակությունը։ Ավելի վաղ նա պաշտոնական այցով եղել էր Թուրքիայում (հուլիսի 19) և Ադրբեջանում (31 օգոստոսի)։ Մեկօրյա այցի ընթացքում Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտի հարցեր։ Հայաստանի և Վրաստանի վարչապետները պատրաստակամություն են հայտնել առավել մեծ աջակցություն ցուցաբերել երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Երես առ երես հանդիպումից հետո տեղի է ունեցել ավելի լայն ձևաչափով քննարկում՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ, ընդգծվել է վրաց-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային նախագծեր։ Վրացական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Քալաձեն, ԱԳՆ փոխնախարար Դավիթ Դոնդուան, վրաց դիվանագետներ (այդ թվում և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, որը Ախալքալաքի ընտրատարածքի պատգամավորի մեծամասնական թեկնածուն է)։ Հայկական պատվիրակությունում էին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, հայ դիվանագետներ և պատգամավորներ։
 
Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարին ընդունեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որի հետ Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկեց երկու երկրների առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար համագործակցության հարցեր։ Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ՝ կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների պոտենցիալը «գործի կդրվի ամբողջությամբ»։ Հանդիպման ընթացքում նշվել է նաև համագործակցության կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հաղորդակցությունները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությաւնը։
 
Ամսվա կեսին՝ սեպտեմբերի 13-ին, աշխատանքային այցով Վրաստան մեկնեց հայկական պատվիրակությունը՝ կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ։ Այցի ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ կրթական նախագծերի հեռանկարները, հայ-վրացական աշխատանքային այնպիսի խմբերի ստեղծման հարցերը, որոնք աշխատելու են միջնակարգ և հանրակրթական կրթության, գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև նշեցին կրթական փոխանակման անհրաժեշտությունը Հայաստանի և Վրաստանի միջև։ Լևոն Մկրտչյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ առաջիկայում տեղի կունենա վրացական պատվիրակության պատասխան այցելությունը Հայաստան։
 
Վրաստան-Չինաստան. Սեպտեմբերը նշանավորվեց նաև վրաց-չինական հարաբերությունների խորացմամբ։ Չինաստանն արագ և վստահ քայլերով մտնում է Հարավկովկասյան տարածաշրջան՝ պաշտոնական Թբիլիսիի հետ տնտեսական կապերի ուժեղացման միջոցով։ Սեպտեմբերի 12-ին Չինաստանում տեղի ունեցավ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչների վերջին աշխատանքային հանդիպումը, որի արդյունքներով Թբիլիսին հաջողությամբ ավարտեց բանակցությունները Պեկինի հետ։ Վրաստանը դառնալու է առաջին երկիրը տարածաշրջանում, որը հաստատելու է ազատ առևտրի ռեժիմ ՉԺՀ-ի հետ։ Բանակցությունները սկսելու որոշումը կայացվել էր 2015թ. սեպտեմբերի 10-ին, չինական Դալյան քաղաքում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովում (երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ), իսկ 2015թ. դեկտեմբերի 10-ին Պեկինում Չինաստանի առևտրի նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության միջև համագործակցության մասին Հուշագիր ստորագրվեց, որը նախատեսում էր սկսել բանակցությունները։ «Վրաստանը դարձավ առաջին երկիրը, որը կարողացավ ռեկորդային ժամկետում՝ յոթ ամսում ավարտել բանակցությունները Չինաստանի հետ ազատ առևտրի ռեժիմի մասին»,- ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին։
 
Առկա տեղեկատվության համաձայն՝ ըստ համաձայնագրի պայմանների, համաձայնագրի կնքումից հետո արտադրատեսակների 95,5%-ը, որոնց թվում նաև գինիները, հանքային ջուրը և գյուղմթերքները, Վրաստանից կարելի է արտահանել չինական շուկա «զրոյական սակագնով և առանց անցումային շրջանի»։ Կումսիշվիլին ասել է, որ սա աննախադեպ երևույթ է, երբ Չինաստանը հնարավորություն է ընձեռում զրոյացնել մաքսային սակագները գինիների և գյուղմթերքների համար՝ առանց որևէ անցումային շրջանի։
 
Այսպիսով, հոկտեմբերի սկզբին Թբիլիսի կայցելի ՉԺՀ առևտրի նախարարը, այցի ընթացքում էլ կստորագրվի ազատ առևտրի մասին Հուշագիրը։ Այնուհետև փաստաթղթի տեքստը փորձարկում կանցնի և կստորագրվի երկու երկրների կողմից, ինչից հետո Չինաստանի հետ Վրաստանի ազատ առևտրի մասին համաձայնագիրը կմտնի ուժի մեջ։ Վրացական կողմը սպասում է, որ Պեկինի հետ համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին, այն կգործարկվի 2017թ. կեսին։
 
Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ համաձայնագիրը Չինաստանի հետ «վիթխարի ձեռքբերում է, որը մեծ նշանակություն կունենա Մետաքսի ճանապարհի զարգացման համար»։
 
 
Ջոնի Մելիքյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ,
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play