Մեզանում «անկեղծ» տոները քիչ են. Արամ Աբրահամյան


Մեզանում «անկեղծ» տոները քիչ են. Արամ Աբրահամյան

  • 01-11-2016 12:56:03   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ».Ես միշտ ասում եմ ընկերներիս՝ եկեք նշենք իրար ծնունդները, երեխաների հարսանիքները, թոռների կնունքները, պարզապես հանդիպենք՝ պարտադիր չէ ճոխ սեղանների շուրջ:
 
Եթե դա չանենք, ապա կհանդիպենք հոգեհանգստից հոգեհանգիստ, թաղումից թաղում: Որովհետեւ նման տեղեր մենք պարտավոր ենք գնալ, իսկ ահա, ուրախ առիթներով, կարծես թե, պարտավոր չենք հանդիպել: Եվ քանի որ իմ եւ իմ հասակակիցների տարիքն «այնքան էլ» պատանի չէ, պարզ է, որ տխուր առիթներն ավելի շատ լինեն, քան ուրախները: Կարեւոր է, որ առաջինները չստվերեն երկրորդներին: Բայց ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ սգո մշակույթն ավելի զարգացած է, քան տոն նշելու: Գուցե հենց այդ պատճառով է, որ մեզանում իսկական, «անկեղծ» տոները քիչ են: Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում՝ «բա էս երկրում…», «բա էս խեղճ ժողովուրդը…», «բա էս իշխանությունը…» փաստարկների սովորական հանգերգով: «Ներմուծել» որեւէ պետական տոն եւ վերացնել հինը շատ դժվար է՝ Ռուսաստանում, օրինակ, նոյեմբերի 4-ին նշում են Ժողովրդի միասնության օրը՝ 1612 թվականին լեհերի հանդեպ տարած հաղթանակի առթիվ: Բայց փոխարինել այդ տոնով ավանդական, խորհրդային նոյեմբերի 7-ը առայժմ չի ստացվում:
 
Ճիշտ նույն ձեւով Հայաստանում չի հաջողվել վերացնել մարտի 8-ը` ոչ թե այն պատճառով, որ մեր քաղաքացիները շատ են հարգում Կլարա Ցետկինին, այլ որովհետեւ նրանք կարիք ունեն կանանց մեծարելու եւ ունեն դրա տասնամյակների ավանդույթը: Մեր եկեղեցին, ինչպես եւ այլ քրիստոնյա եկեղեցիներ, խելացի է գտնվել՝ հեթանոսական տոներին քրիստոնեական բովանդակություն տալով: Տրնդեզն ու Վարդավառը, այո, Հայաստանում սիրում են՝ չգիտեմ, թե որքանով են ըմբռնում դրանց քրիստոնեական իմաստը: Եվ այսքանը՝ գումարած Նոր տարին, որը վերածվում է գաստրոնոմիական խրախճանքի: Տոներն, այդպիսով, քիչ են՝ ի տարբերություն, ասենք, կաթոլիկների, որոնք գրեթե ամեն կիրակի ամենայն անկեղծությամբ ինչ-որ տոն են նշում: «Հելոուին» տոնողներին մեր եկեղեցականները դատափետում են՝ այդ տոնը դիտարկելով իբրեւ ինչ-որ սատանայական, դիվային երեւույթ: Այդ «սեւ հումորը», ճիշտն ասած, իմ սրտով էլ չի: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է մեր երիտասարդների մի մասը տրվում այդ խաղին: Հավանաբար, դրա մեջ կա մի բան, որը մեր հասարակությունում պակասում է. այդ խաղում երեւի կան տարրեր, որոնք իրենց կյանքն ավելի բազմազան են դարձնում: Շատ խիստ դատելու փոխարեն պետք է մտածել այլընտրանքի մասին: Թե չէ՝ մեր «ազգային» ծիսակարգից կմնա միայն մեռելոցը:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play