Հայաստանում վաճառվող թվային կցուրդ սարքերն իրենց ծագումով, որակով և թվացյալ երաշխիքի բացակայությամբ հանցավոր են. Արմեն Պողոսյան (Տեսանյութ)


Հայաստանում վաճառվող թվային կցուրդ սարքերն իրենց ծագումով, որակով և թվացյալ երաշխիքի բացակայությամբ հանցավոր են. Արմեն Պողոսյան (Տեսանյութ)

  • 08-11-2016 15:26:57   | Հայաստան  |  Հասարակություն



Թվային հեռուստատեսության անցնելու համար Հայաստանում վաճառվող թվային կցուրդ սարքերն իրենց ծագումով, որակով և թվացյալ երաշխիքի բացակայությամբ հանցավոր են: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: 
 
Ըստ նրա` թվայնացումը տեխնիակական և քաղաքակրթական առաջընթաց է, որից չպետք է հետ մնալ, սակայն այստեղ խնդիրն այն է, թե որքանով է ազգաբնակչությունը պաշտպանված որակյալ ծառայություն ստանալու հարցում: 
«Հայաստանում տեսչական հսկողության աշխատանքն այնպես է կազմակերպված, որ հավասար է չաշխատելուն»,- ասաց Ա. Պողոսյանը` ընդգծելով, որ Որակի տեսչությունը պարտավոր է բացահայտել, թե որտեղից են թվային կցուրդ սարքերը հայտնվել այստեղ, ինչու չունեն սերտիֆիկացում:
Նրա փոխանցմամբ` անալոգային հեռարձակման անջատումից հետո բնակչության կողմից բազմաթիվ ահազանգեր են ստացվում ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և մի շարք այլ խնդիրների շուրջ: 
Ա. Պողոսյանը փաստում է, որ հեռուստատեսության գործառույթն է թե սոցիալապես ապահով կամ չապահով մարդուն ապահովել ամենանվազագույն պահանջի բավարարմամբ, մինչդեռ շատ մարդիկ հայտնվել են ծուղակում այս սարքերի պատճառով: 
«Այս խնդիրների մասին ես բարձրաձայնել եմ նաև վարչապետի մոտ, ով բավականին վրդովվել է ստեղծված իրավիճակով և տվել մի շարք ցուցումներ, սակայն պետք է նկատի ունենանք, որ տեսչությունների լիազորություններում բարեփոխումներ անելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում, արդյունքում սպառողները մնում են անպաշտպան»,- նշեց Սպառողների ասոցիացիայի նախագահը: 
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ` անալոգայինից թվային հեռարձակման անցնելու նախաձեռնությունը լավ քայլ է, սակայն վատ կատարված: 
Նրա խոսքերով` անգամ ԱՄՆ-ում գոյություն ունի եթերային և կաբելային հեռուստատեսություն, հետևաբար քաղաքացիները, ելնելով իրենց սոցիալական վիճակից, կարող են ընտրել, թե որ ծառայությունից օգտվեն:
«Հայաստանում ևս պետք է ընտրության հնարավորություն լիներ, կամ գոնե անալոգայինը գործեր այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը կկարողանային ազատվել հին հեռուստացույցերից և ձեռք կբերեին նորը»,- ասաց նա` հավելելով, որ  թվային կցուրդ սարքերի վաճառքը կարմիր գծերի նման ձեռնտու է ինչ որ մեկին և որոշեցին պարտադրել հասարակությանը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play