Մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող շինարարությունը էկոլոգիական և սեյսմիկ տեսանկյունից քանդեց Երևանը. Կարինե Դանիելյան (տեսանյութ)
05-12-2016 14:31:59 | Հայաստան | Հասարակություն
«ՀՀ անկախության տարիներին մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող քաղաքաշինությունն ուղղակի քանդեց Երևանը թե սեյսմիկ, թե էկոլոգիական տեսանկյունից»,- նշում է բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը` ամփոփելով տարին:
Ըստ նրա` բնապահպանների բազմաթիվ հորդորների արդյունքում քաղաքաշինության նախարարությունը մշակել է Երևանի կենտրոնի զարգացման քաղաքաշինության ծրագիր, օրենքի նախագիծ, որը «մտել է Ազգային ժողով և այնտեղ լռվել»:
«Օրենքի նախագծի հետ կապված մեր բոլոր հարցումներին տրվում են տարբեր պատասխաններ. Ես հասկանում եմ, որ նույն պատգամավորները շահագրգիռ չեն օրենքի ընդունման հետ կապված, քանի որ կառուցողների զգալի մասն իրենք են և ինչո՞ւ պետք է այնպիսի օրենք ընդունեն, որը կսահմանափակի իրենց գործունեությունը»,- ընդգծեց Կ. Դանիելյանը:
Վերջինիս կարծիքով` այս ճանապարհով հետագայում ևս գնալու դեպքում Հայաստանը կարող է հասնել մի վիճակի, երբ կենտրոնից մարդիկ կհեռանան:
Նա բերում է Էդինբուրգ քաղաքի օրինակը, երբ կենտրոնի խիտ կառուցապատման հետևանքով բնակիչները ստիպված էին եղել փախչել այնտեղից, իսկ պատկան մարմինները` քանդել կենտրոնը և նորովի այն կառուցել:
Նման դժվարին և բարդ գործընթացից խուսափելու համար բնապահպանի խոսքերով` շատ քաղաքաներ ընտրել են լուրջ բարեփոխումներ իրականցնելու ճանապարհը, մինչդեռ Հայաստանը շարունակում է Երևանի կենտրոնի խտացման ուղղությամբ ընթանալ:
Անդրադառնալով բնապահպանական մեկ այլ մտահոգիչ փոքր ՀԷԿ-երի խնդրին, Կ. Դանիելյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի համար է լուրջ և արդիական, այլև շատ այլ երկրների, պարզապես մեկ տարբերությամբ. այս ոլորոտում Հայաստանն ընտրել է ամենավատ ճանապարհը:
«Համապատասխան նորմերն ընդունվեցին շատ մեղմ, այսօր դրանք վերանայվում են, էկոլոգիական թողկը շատ քիչ է հաշվարկած և փաստորեն կարելի է ասել, որ ամբողջ գետը վերցնում է ՀԷԿ-ը, արդյունքում ոչ ձկներին է ջուր մնում, ոռոգման խնդիր է առաջանում»,- նշեց նա` ընդգծելով, որ այդ ՀԷԿ-երի տերերը դարձյալ իշխանությունների ներկայացուցիչներն են, ովքեր գետերը վերածում են կանալների:
Բնապահպանը տեղեկացրեց, որ նախորդ կառավարության հետ ՄԱԿ-ի աջակցությամբ իրենք աշխատել են մոտ երկու տարի և պարզել, որ կայուն զարգացման ամենախոցելի խնդիրը հանրության և պետական կառույցների ներկայացուցիչների կարծիքների տարբերությունն է թե իրավիճակի գնահատման, թե հնարավոր անելիքների տեսանկյունից:
Նա լրագրողներին ցույց տվեց ՀՀ-ում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնակարարականների իրականացման ռազմավարություն «Մինչև 2030 թվականաի կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում զեկույցների գիրքը, որտեղ կան բոլոր առաջարկներն ու լուծումները կապված Հայաստանի բնապահպանական ոլորտում առկա հիմնախնդիրների հետ:
Անցնող տարին ամփոփելով` Կ. Դանիելյանը թվարկված խնդիրներին զուգահեռ նշեց մեկ դրական երևույթ. Այն է` Սևանի մակարդակի բարձրացումը, ինչի արդյունքում լիճը կարողացել է ինքնամաքրվել, շնչել ու կենդանանալ: