Ռուս-թուրքական հարաբերություններ.վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում


Ռուս-թուրքական հարաբերություններ.վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում

  • 07-12-2016 15:59:37   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Սկիզբը՝ այստեղ
 
 
Ա) Տնտեսական պատժամիջոցներ – Թուրքիայի կողմից ռուսական նախապայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում Ռուսաստանը սկսեց տնտեսական, ռազմական և այլ  պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Ինքնաթիռային միջադեպից արդեն 2 օր անց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարեց մշակել համալիր միջոցներ՝ ի պատասխան Թուրքիայի կողմից Սիրիայում Ռուսաստանի ռմբակոծիչը խոցելու։ Մեդվեդևն ընդգծեց, որ սահմանափակիչ միջոցները պետք է լինեն անժամկետ, և դրանց վերացումը կախված է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումից ու միջազգային իրավիճակից։ Արդեն նոյեմբերի  28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Թուրքիայի դեմ տնտեսական հատուկ միջոցներ սահմանելու մասին հրամանը։
Բուն պատժամիջոցներին անցնելուց առաջ հարկ ենք համարում անդրադառնալ 2015թ. դեկտեմբերի սկզբին Մեդվեդևի արած այն հայտարարությանը, որ Թուրքիան, հարձակվելով SU-24M-ի վրա, պատերազմի մեկնարկի հիմք է տվել, սակայն Ռուսաստանի ղեկավարությունը չի գնացել դրան. «Նրանք խախտել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ըստ էության, ագրեսիայի ակտ են իրականացրել մեր երկրի նկատմամբ։ Սակայն մենք պետք է ցույց տայինք նրանց, որ իրենք պետք է պատասխան տան դրա համար։ Այդ իսկ պատճառով ընդունվել են այդպիսի որոշումներ, որոնք պատժամիջոց չէին բառի ուղիղ իմաստով և, ըստ էության, մեր պետության պաշտոնական արձագանքն էին»։
Ռուսական գազ, «Թուրքական հոսք» գազատար – Թեև ինքնաթիռային միջադեպից հետո Ռուսաստանը, ինչպես և ակնկալվում էր, չդադարեցրեց Թուրքիային գազի մատակարարումները, այնուամենայնիվ, թուրքական մամուլում հրապարակվեցին նման մտավախություններ, և այդ խորապատկերին Թուրքիայի իշխանությունները ձեռնարկեցին մի շարք քայլեր՝ գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու ուղղությամբ։ Դա մասնավորապես վերաբերում է հետագայում Կատարից, Իսրայելից, Հյուսիսային Իրաքից, Թուրքմենստանից գազ ներկրելուն և «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումն արագացնելուն, որով Թուրքիան կստանա հավելյալ 6 մլրդ մ3 ադրբեջանական գազ և կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ շրջանցելով Իրանին։ Անկասկած է, որ այլընտրանքային գազ փնտրելու Թուրքիայի փորձերը նրա համար կարող էին օգտակար լինել միայն մոտ հեռանկարում, քանի որ այլ երկրներից Թուրքիա գազ ներկրելու խնդիրների լուծումը պահանջում է տևական ժամանակ։ Այս խնդրին հանգամանալից արդեն անդրադարձել ենք հետազոտության առաջին մասում։
2015թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը, հույս հայտնեց, որ Ռուսաստանը չի գնա այդ քայլին.
«Նույնիսկ, եթե Մոսկվան գնա այդ քայլին, ապա Թուրքիան ռուսական գազին այլընտրանք ունի, առաջին հերթին դա Ադրբեջանի և Իրանի գազն է»: Դավութօղլուն «մոռանում» է, որ Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարները գործում են գրեթե ողջ ծանրաբեռնվածությամբ և ոչ մի կերպ չեն կարող փոխհատուցել ռուսական գազի հնարավոր կորուստը՝ էլ չասած այն մասին, որ Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարները պարբերաբար ենթարկվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հարձակումներին, ինչը չես ասի Ռուսաստանից Թուրքիա եկող գազատարների համար։ 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան կարող է էներգակիրների այլ մատակարարներ փնտրել Ռուսաստանի փոխարեն՝ հիշատակելով Քաթարն ու Ադրբեջանը. «Թուրքիան Ռուսաստանի համար էներգետիկ կարևոր շուկա է։ Թուրքիան գազի կարիք ունի նույնքան, որքան Ռուսաստանը՝ իրացման շուկայի»։ Թուրքիան իսկապես Ռուսաստանի համար էներգետիկ կարևոր շուկա է, և բնականաբար Ռուսաստանը չէր ցանկանա կորցնել այն՝ կասեցնելով գազի մատակարարումները։ 2014թ. Թուրքիան հանդիսացել է Եվրոպայում ռուսական գազի երկրորդ խոշորագույն գնորդը Գերմանիայից հետո. Անկարան «Գազպրոմից» ձեռք է բերել 27.3 մլրդ մ3 գազ (Գերմանիայի ցուցանիշը կազմել է 38.7 մլրդ մ3 գազ)։
2016թ. հունվարի վերջին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշում ընդունեց թուրքական 6 մասնավոր ընկերությունների (Bosphorus Gaz, Enerco Enerji, Batı Hattı, Kibar Enerji, Avrasya Gaz, Shell Enerji ) համար 2015թ. տրված զեղչը չեղյալ հայտարարելու մասին, որոնք 2015թ. հունվարի 1-ից օգտվել են 10.25%-անոց զեղչից՝ դրա շնորհիվ տարեկան տնտեսելով 200 մլն դոլար։ Ապա հաղորդվեց, որ թուրքական ընկերությունները մտադիր են «Գազպրոմի» դեմ դիմել դատարան՝ հայտարարելով, որ վերջինս իրենցից նախ պահանջել է ավելի շատ վճարել գազի համար, իսկ մերժում ստանալուց հետո կրճատել է (10%-ով) մատակարարումների ծավալը (հոկտեմբերին նույն պատճառաբանությամբ միջազգային դատարան էր դիմել թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը)։ Սակայն գործը չհասավ դատարան, քանի որ կողմերը կարողացան սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերել։ Հիշեցնենք, որ 2013թ. պայմանագրով թուրքական մասնավոր ընկերությունները տարեկան 10 մլրդ մ3ռուսական գազ են ներկրում «Անդրբալկանյան» գազատարով, որից 2011թ. աշնանը հրաժարվել էր BOTAŞ-ը։ Վերջինս, «Գազպրոմից» չստանալով էական գազային զեղչ, չէր երկարաձգել 1986թ. նրա հետ 25 տարով կնքած պայմանագիրը, որով այդ խողովակաշարով տարեկան ներկրել է 6 մլրդ մ3 ռուսական գազ։
Ինքնաթիռային միջադեպից մոտ 10 օր անց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ ռուսական գազի ընթացիկ մատակարարումները չեն ընկնում բեռնարգելքի գործունեության տակ և իրականացվում են պայմանագրերին համապատասխան, սակայն«Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական բանակցություններ չեն տարվում թուրքական կողմի հետ։ Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարեց, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է սառեցրել «Թուրքական հոսքի» իրագործումը, քանի որՌուսաստանը չի կատարել Թուրքիայի պահանջները։ «Թուրքական հոսքի» կառուցման ձգձգումը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից Ռուսաստանի կրած թերևս խոշորագույն կորուստն է։ Ֆինանսական կողմից բացի հարցը որոշակիորեն կապված է Վլադիմիր Պուտինի իմիջի հետ, ով ԵՄ-ի կողմից «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը ձախողելուց հետո խստապես ցանկանում էր ԵՄ-ին ի ցույց դնել այլընտրանք ունենալը՝ հանձինս Թուրքիայի՝ փորձելով հնարավորինս արագ կյանքի կոչել «Թուրքական հոսքի» նախագիծը։ Սակայն արդյունքում Պուտինը հայտնվեց փակուղային իրավիճակում. Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով անհնար դարձավ նաև «Թուրքական հոսքի» կառուցումը։ Հենց «Թուրքական հոսքի» գործոնն էլ դարձավ գլխավոր պատճառներից մեկը, որպեսզի Ռուսաստանն իր հերթին ձգտի հնարավորինս շուտ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները։ 
Ատոմակայան – Թուրքիայի առաջին՝ Աքքույուի ԱԷԿ-ի մասին Էրդողանի հայտարարությունն արդեն իսկ նշվել է հետազոտության նախորդ հատվածում։ 2015թ. դեկտեմբերի սկզբին ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանը կասեցրել է Աքքույուի ԱԷԿ-ի շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, սակայն չի խզել ԱԷԿ-ի մասին պայմանագիրը, որն անելու դեպքում սահմանված են խոշոր տուգանքներ։ Բնականաբար, խնդիրը միայն տուգանքների մեջ չէ. Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ Աքքույուի ԱԷԿ-ը երկկողմ հարաբերությունների առանցքային ոլորտներից մեկն է և ոչ մի կերպ պետք չէ կորցնել այն՝ առավել ևս, ինչպես արդեն նշվել է, Թուրքիան, ի տարբերություն ռուսական գազի, ԱԷԿ-ի կառուցման հարցում իսկապես ունի այլընտրանքներ։ 
Այլընտրանք ունենալու մասին է վկայում նաև Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի այն հայտարարությունը, որում նա Ռուսաստանին կոչ արեց պայքարել Աքքույուի ԱԷԿ-ի նախագծի համար. «Չեմ կարծում, որ ռուսներն այդքան հեշտությամբ կհրաժարվեն ԱԷԿ-ից։ Թուրքիան ԱԷԿ կառուցելու հարցում կախված չէ միայն մեկ երկրի տեխնոլոգիաներից։ Մենք գիտենք, որ աշխարհի շատ երկրներում կան մի շարք ընկերություններ, որոնք ունակ են բավարարել Թուրքիայի այդ պահանջը»։
Ուշագրավ է դրանից օրեր անց Վլադիմիր Պուտինի այն հերքումը, որ Ռուսաստանն արդեն 3 մլրդ դոլար է ներդրել Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման գործընթացում. «Այդ նախագծի ապագայի մասին որոշումը պետք է ընդունվի կորպորատիվ մակարդակով։ Դա մաքուր կոմերցիոն հարց է, և մենք չենք ձեռնարկի որևէ քայլ, որը կվնասի մեր տնտեսական շահերին։ Սակայն դա «Ռոսատոմի» ու նրա գործընկերների գործն է։ Որքանով ինձ հայտնի է, թուրքական կողմը դեռ չի տվել համապատասխան թույլտվությունը, որպեսզի այդ նախագիծը համարվի առաջնահերթ և աշխատի»։
Այստեղ Պուտինը մի կողմից ակնարկում է, որ ռուսական կողմը «հեշտությամբ» կարող է հրաժարվել նախագծից, քանի որ խոշոր ներդրումներ չի արել նախագծում, մյուս կողմից էլ Պուտինը փորձում է խնդրի լուծման պատասխանատվությունը ռուսական իշխանություններից հանել և դնել «Ռոսատոմի» վրա՝ դա ներկայացնելով որպես «մաքուր կոմերցիոն հարց»՝ բացառելով քաղաքական որոշման անհրաժեշտությունը։ Եվ, վերջապես, Պուտինը հասկացնել է տալիս, որ ցանկանում է, որպեսզի թուրքական կողմն է՛լ ավելի կարևորի ԱԷԿ-ի նախագծի իրագործումը։ Առաջ անցնելով իրադարձություններից՝ նշենք, որ 2016թ. օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հայտարարվեց, որ Թուրքիան պատրաստ է մոտ ժամանակներս Աքքույուի ԱԷԿ-ին շնորհել «ռազմավարական ներդրման»կարգավիճակ, ինչը կարագացնի նախագծի իրագործումը։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը (Թուրքիան էլ) շահագրգռված չէր Աքքույուի ԱԷԿ-ի նախագծից հրաժարվելով՝ հասկանալով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը կրում է ժամանակավոր բնույթ, մինչդեռ Աքքույուի ԱԷԿ-ի հարցում կողմերը դեռ կհամագործակցեն տասնամյակներ։ Եվ, վերջապես, պետք է նշել թուրք հոդվածագիր Բարչըն Յինանչի այն նկատառումը, որ Թուրքիան Աքքույուի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման, միջուկային ենթակառուցվածքների պոտենցիալ սպառնալիքներին դիմակայելու համար հարկադրված կլինի Ռուսաստանի հետ կիսվել գաղտնի տեղեկատվությամբ, և քանի որ «Ռոսատոմը» պետական ընկերություն է, ուստիև դա կնմանվի Ռուսաստանի հետ պետական մակարդակով գաղտնի տեղեկատվության փոխանակման։
Գյուղմթերք, Տրանսպորտ - 2015թ. դեկտեմբերի 1-ին Դմիտրի Մեդվեդևը հաստատեց թուրքական ծագման գյուղմթերքի, հումքի ու սննդամթերքի այն տեսակները, որոնց ներկրումը Ռուսաստան արգելվելու կամ սահմանափակվելու է 2016թ. հունվարի 1-ից։  Դա մասնավորապես վերաբերում է սոխի, վարունգի, լոլիկի, կաղամբի, նարնջի, մանդարինի, խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի, սալորի, ելակի, խաղողի, այլ հատապտուղների ու ցիտրուսների, աղի ներկրման արգելքին։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2015թ. առաջին 10 ամիսներին Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերքի ու սննդամթերքի ներկրման ծավալը կազմել է 1 մլրդ 35.3 մլն դոլար, ինչը 21.2%-ով զիջել է 2014թ. հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին՝ 1 մլրդ 313.1 մլն դոլար։ 2015թ. և 2014թ. առաջին 10 ամիսներին թուրքական գյուղմթերքի մատակարարումներն ունեցել են հետևյալ տեսքը.
 
Շարունակությունն այստեղ
 
Հայկ Գաբրիելյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play