«Հայաստան-Իրան» գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 90 գործարար. (տեսանյութ)


«Հայաստան-Իրան» գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից Հայաստան է ժամանել շուրջ 90 գործարար. (տեսանյութ)

  • 21-12-2016 18:36:56   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանում մեկնարկել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որն ուղղված է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Համաժողովին, որը  կազմակերպվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում, մասնակցում է 170 գործարար՝ որոնցից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Գործարարների թվում են ֆինանսական, բանկային, սննդի վերամշակման, ոսկերչության, դեղագործության և այլ որորտների մի շարք ներկայացուցիչներ:
 
Համաժողովի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հայերին երկու կարևոր հանգամանք առանձնացրեց, որոնք, նրա գնահատմամբ, կարող են նպաստել հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը: Ըստ նրա, առաջին նախապայմանը երկկողմ ներդումների աջակցության և տարբեր ցուցահանդեսների միջոցով երկու երկրների միջև առևտրային արտաշրջանառության ծավալների մեծացումն է, իսկ երկրորդը՝ Հյուսիս-հարավ միջանցիկ ավտոճանապարհի և Պարսից ծոցից-Սև ծով երկաթգծի կառուցումն է, որը «նոր էջ կբացի հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում»:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչ արեց Իրանից ժամանած գործարարներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու շանսը բաց չթողնել. «Հայաստանում մենք ունենք չօգտագործված արտադրական ռեսուրսներ և ներդրումային քաղաքականությունը կարգավորող բարենպաստ իրավական ռեժիմներ, ինչը կարող է նպաստել երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների բարելավմանը կոնկրետ արտադրությունների տեսքով»: Ա. Ղազարյանը նաև գոհունակություն հայտնեց, Իրանի՝ որպես տարանցիկ երկրի կողմից  Հայաստանին տրված մեծ արտոնությունների վերաբերյալ: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ապրանքատեսակ, որն արտադրվում է Հայաստանում, առանց ավելորդ լարվածությունների և մաքսային քաշքշուկների Իրանի միջոցով հեշտությամբ արտահանվում է արտերկիր:
Գործարար համաժողովի ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց 5 հուշագիր. 
- առաջին հուշագիրը վերաբերում է տնտեսական համագործակցությանը: Այն ստորագրեցին «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը, Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հայերին և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մկրտիչ Ջալալյանը։
- երկրորդ հուշագիրը վերաբերում է  բժշկական համագործակցությանը: Այն   ստորագրեցին «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգայի կենտրոնի» տնօրեն Արմեն Տանանյանը և Մուհամադ Հոջաբ Փանահին։
- երրորդ հուշագիրը ստորագրեցին ԻԻՀ Գիլանի նահանգի «Գործարանների և արտահանման միության» և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» գործադիր տնօրեններ Գագիկ Մակարյանն ու Ղասեմ Ռեզայանը։
- չորրորդ հուշագիրը ստորագրվեց ԻԻՀ Գիլան նահանգի առևտրի արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի նախագահ Հադիդ Իսկուր Թաբաննի ու Երևան քաղաքաի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի միջև։
- հինգերրորդ հուշագիրը ստորագրեցին ԻԻՀ Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն