Լեյտենանտի երկրորդ Ամանորը Շուշիի բանտում.«Հետք»


Լեյտենանտի երկրորդ Ամանորը Շուշիի բանտում.«Հետք»

  • 28-12-2016 17:20:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
hetq.am Դեկտեմբերին լրացավ մեկ տարին, ինչ լեյտենանտ Արամ Աղայանը գտնվում է Շուշիի բանտում: Նա երկրորդ Ամանորն է անցկացնելու անազատության և ոչ թե  ծառայության մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Դավիթ Սարգսյան) զինվորականին այս տարվա նոյեմբերին դատապարտել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման (ՔՕ 358.1 2-րդ մաս):
 
Լեյտենանտի ծնողները ամսական մեկ անգամ ընդամենը կես ժամով են կարողանում  տեսակցել որդուն՝ բանտային ապակիներից այն կողմ:
 
Դատալեքս տեղեկատվական համակարգում այս գործի մասին տեղեկատվությունը փակ է: Ուստի փորձեցինք գտնել կողմերին և ստանալ գործի նյութերը: Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ փոխանցեց մեղադրական ու պաշտպանական ճառերը, ինչպես նաև դատավճիռը, որը նա արդեն իսկ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
 
2,6 տարվա ազատազրկում՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքի համար
 
Ըստ դատավճռի, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչու է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է`պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
 
 
 
Արամ Աղայանը ծնվել է 1991թ., Նոր Հաճն քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է կարատեի դեռևս 5 տարեկանից: Դպրոցն ավարտել է գերազանցությումբ: Կրթությունը շարունակել է ԵՊՀ  Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, կրկին գերազանցությամբ  ավարտել: Ապա սովորել է Արմենակ Ղանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտում: Հանդիսանում է  «Վարդանանք» ռազմահայրնասիրական ակումբի անդամ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության  համար պարգևատրվել է Պաշտպանության նախարարի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև ԵԿՄ Շենգավիթ բաժանմունքի պատվոգրերով: Հրաժարվել է վիճակահանությունից և ինքնակամ մեկնել Շուշի:
 
Արամի հայրը՝ Գրիգոր Աղայանը պատմեց, որ Ապրիլյան պատերազմի օրերին որդին Շուշիի ՔԿՀ մեկուսարանի մի խումբ սպաների հետ նամակ է ուղարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. «Մոտավոր եմ նշում, քանզի մենք անձամբ նամակը չեմ կարդացել: Գրել էին, որ իրենց էլ ուղարկեն առաջնագիծ, գրել էին, որ իրենց տեղը մեր զինվորների կողքին է, այլ ոչ բանտում: Պատերազմի ավարտից հետո մեզ նոր կդատեք: Բայց ինչպես շատ նման նախաձեռնություններ, սա ևս մնաց անպատասխան»,-նշեց Գրիգոր Աղայանը:
 
Այս տարվա սկզբին՝ փետրվարին, Գրիգոր Աղայանը դիմել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ հիմնավորելով, որ որդուն  ներկայացվել է անհիմն մեղադրանք. «Սպան, ով մարտական հերթապահության ապահովման նպատակով կատարել է օրենքով և զինվորական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններ, չի կարող մեղադրվել»: Փետրվարի 22-ին նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի ՊՆ-ն իրավասու չէ միջամտելու դատարանների գործունեությանը: «Ստացվում է, որ Հայոց բանակի զինվորը և սպան, փաստորեն անպաշտպան են»,-ասում է լեյտենանտի հայրը:
 
Արամ Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 3 ամիս ազատազրկում (որպես 2014 թ-ի դատվածության պայմանական ազատման չկրած մաս՝ մասնակի գումարման սկզբունքով):
 
Տուժողի ընտանիքը որևէ բողոք չունի
 
«Հետքը» զրուցեց նաև այս քրեական գործով տուժող ճանաչված զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հոր՝ Վելիխան Գրիգորյանի հետ: Նա նշեց. «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Դա իմ տեսակետն է ու նաև իմ տղայի: Էն, ինչ ասում եմ, դատարանում հնչել է: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց, որ մտերիմ են եղել»,-«Հետքին» ասաց Վելիխան Գրիգորյանը:
 
 
Մեղադրողը, սակայն, պահանջել է 3 տարվա ազատազրկում, իսկ նախկին պայմանական պատժից՝ մասնակի գումարման սկզբունքով՝ 6 տարվա:
 
Ռազմական ոստիկանության հետաքննիչը որպես վկա կանչվել է դատարան
 
Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ընդգծեց, որ Արամ Աղայանի գործով այնքան խախտումներ ու բացեր կարող է նշել, որոնք մեկ նյութում չեն տեղավորվի. «Այստեղ չկա հանցակազմ: Զինվորական կարգի դեմ ուղղված հանցանք չկա: Հիմնական օբյեկտ չկա»:
 
Տարօրինակն այն է, որ ՌՈ հետաքննիչին վկայի կարգավիճակ են տվել: Այս հարցին անդրադարձել է պաշտպան Պապիկյանն իր ճառում: Ավելին՝ ՌՈ հետաքննիչ լեյտենանտին հարց է տվել փաստաբանը դատարանում, թե երբևէ եղել է, որ դատարանում որպես վկա հանդես գա իր իսկ քննած գործով: Պարզվել է, որ նման նախադեպ չի եղել:
 
«Ինչպե՞ս կարելի է բացատրել Պարգև Սիմոնյանին որպես վկա դատակոչի ենթակա անձանց ցուցակի մեջ ընդգրկելը. այդ անձը նախաքննության ընթացքում ունեցել է հստակ դատավարական կարգավիճակ՝ հետաքննիչ: Նախաքննական մարմնի «թեթև ձեռքով» հետաքննիչը դարձել է վկա: Ենթադրենք քննիչը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում հետաքննիչին վկա դարձնել, այդուհանդերձ նա պարտավոր էր իմանալ, որ դատավարական կարգավիճակ ունեցող մեղադրանքի կողմում հանդես եկող անձին վկա դարձնելով՝ քրեական գործը դարձնում է կարճման ենթակա՝ ԵԽԽՎ թիվ 1620 բանաձևի 4.7.3 կետի լույսի ներքո»,-գրված է պաշտպանական ճառում:
 
Փաստաբանը շեշտեց, որ թեև դեպքը տեղի է ունեցել 2015թ-ի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ծառայողական քննություն է եղել սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 10-ին բացատրություն է վերցրել: Ապա քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 23-ին, սակայն քննիչը, չգիտես՝ ինչպես սեպտեմբերի 2-ին է օպերատիվ գործողություններ կատարել, այսինքն՝ քրեական գործի հարուցումից առաջ:
 
Խոսելով որդու դատապարտման մասին՝ Գրիգոր Աղայանը կարծիք հայտնեց. «Ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտում նստի, որովհետև ամբողջ դատական պրոցեսը դա ցույց տվեց... դատական նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում էին. 11 ամիս նիստ էին անում: Ոչ միայն դատախազն էր բացակայում, այլև՝ դատավորը: Շտամպ դնող մեքենայի հետ գործ ուենենք փաստորեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Աղայանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play