ԱՄՆ քաղաքական տեղաշարժերն անհանգստացնում են Իրանին


ԱՄՆ քաղաքական տեղաշարժերն անհանգստացնում են Իրանին

  • 28-12-2016 17:56:17   | Հայաստան  |  Վերլուծություն

 
ԱՄՆ նախագահի ընտրությունները և Իրանի համար առավել անցանկալի թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը դարձավ իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի թոփ հարցը: Պաշտոնական Թեհրանը շարունակ հռետորաբանության մակարդակով ցուցադրում է, թե ԱՄՆ նախագահի փոփոխությունը չի կարող ազդել իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գծի վրա, սակայն հարցին չափից շատ անդրադարձը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքական տեղաշարժերն առնվազն անհանգստացնում են Իրանին: Վերջինիս Դոնալդ Թրամփի քաղաքական «հարձակումներից և շանտաժներից» պաշտպանելու պատրաստակամությունը ստանձնել են եվրոպական երկրները:
 
Իրան-Արևմուտք. Մեկնաբանելով նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը քարոզարշավի ընթացքում աչքի է ընկել Իրանի նկատմամբ վարվելիք քաղաքականության վերաբերյալ կոշտ առաջարկներով, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այն չի կարող ազդել Իրանի արտաքին քաղաքականության վրա: ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում սպառել է իրեն՝ բերելով այստեղ ահաբեկչության և ծայրահեղականության աճ, ուստի այն վերանայման կարիք ունի: Երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թրամփի՝ նախկինում արած հայտարարությունները, ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահն այլ ելք չունի՝ այդ համաձայնագրի կետերը կատարելուց բացի: Երկրի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի համաձայնագրի կետերը, իրենք այն կուղարկեն թանգարանային արխիվ: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին խոսել է այն մասին, որ Իրանն արդեն նախատեսել է համապատասխան քայլեր, եթե ԱՄՆ-ը որոշի չեղարկել միջուկային համաձայնագրերը: Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ընտրվելու պարագայում չեղյալ համարել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, սակայն հետագայում մի-փոքր մեղմեց տոնը՝ խոստանալով բանակցություններ վարել Իրանի հետ դրանց վերանայման շուրջ: Թրամփի հայտարարությունները տեղ գտան նաև եվրոպական երկրների արտաքին քաղաքական պատասխանատուների հայտարարություններում: ԵՄ արտաքին հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, մեկնաբանելով դրանք, ասել է, որ միջուկային համաձայնագիրը ԱՄՆ-ի և Իրանի միջև երկկողմ համաձայնագիր չէ, այլ բազմակողմ փաստաթուղթ, ուստի ԱՄՆ-ը չի կարող այն միակողմանիորեն չեղյալ համարել: Կարծում ենք, որ ԱՄՆ եվրոպական գործընկերներին հաջողվել է դիվանագիտական խողովակներով ճնշում գործադրել Թրամփի վրա այս հարցում, ինչի մասին է վկայում հարցի վերաբերյալ որոշակի լռությունն արդեն ընտրվելուց հետո: Կարծես թե ԱՄՆ նոր նախագահին Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականությունից հետ պահելու գործում առաջ է անցնում Մեծ Բրիտանիան: Վերջինս, մի կողմից, զարգացնում է կապերն ու ընդլայնում երկխոսությունն Իրանի հետ, մյուս կողմից՝ փորձում է հետ պահել Վաշինգտոնին ծայրահեղ քայլերից: Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ այս ուղղությամբ: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անմիջապես կապ ունի երկրի տնտեսական շահերի հետ: Վերջին ամիսներին բրիտանական նավթային ընկերություններն ակտիվացել են Իրանում՝ ձեռք բերելով այստեղ մեծ չափով ներդրումներ կատարելու պայմանավորվածություններ:
 
Մյուս կողմից՝ դեռևս նախագահի պաշտոնում գտնվող Բարաք Օբաման շարունակում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման ու խստացման քաղաքականությունը: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների ժամկետը: Խոսքը 1979թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի կողմից Իրանի հետ հարաբերություններում արտակարգ դրություն մտցնելու մասին է՝ դա կապելով Իրանում հեղափոխության արդյունքում ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը Իրանից սպառնացող վտանգով: Ավելի ուշ՝ նոյեմբերի կեսին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով արգելվում է ամերիկյան ընկերություններին օդանավեր վաճառել Իրանին:
 
Տեղեկանք: Ամերիկյան «Բոինգ» ընկերության հետ Իրանը ձեռք է բերել 100 նոր ինքնաթիռ գնելու պայմանավորվածություն, գործարքի արժեքը կազմում է մոտավորապես $25 մլրդ: Նշենք նաև, որ այս հարցն Իրանի համար ունի անվտանգային նշանակություն. ներկայում Իրանում հաշվառված 250 քաղաքացիական օդանավերից 230-ը ենթակա են վերանորոգման կամ դուրսգրման:
 
Կարծես թե այլևս հիմնականում անցյալում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները եվրոպական երկրների կողմից: Իրանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Նիկոլաս Հոփթոնը նախագահ Ռոհանիին հավատարմագրերը հանձնելիս նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլի մեկնարկ է տրվում: Վերջինս ասել է նաև, որ բրիտանական բանկերը և ընկերությունները շահագրգռված են Իրանի հետ կապերի ամրապնդմամբ, և մոտ ապագայում նախատեսվում է այս հարցով երկխոսության նոր փուլի մեկնարկ:
 
Նոյեմբերի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը 30 հոգուց բաղկացած գործարար պատվիրակության հետ միասին սկսեց արևելաեվրոպական շրջագայությունը՝ մեկնարկելով Ռումինիայից: Ռումինացի գործընկեր Լազար Կոմանեսկուի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու պայմանագիր՝ երկկողմ քաղաքական խորհրդակցությունների և մի խումբ քաղաքացիների համար վիզային ռեժիմի փոփոխության վերաբերյալ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները՝ ներկա 250 մլն եվրոյի փոխարեն հասցնելով 1 մլրդ եվրոյի: Պաշտոնյաները համաձայնություն են ձեռք բերել նաև Իրանում համատեղ 1500 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, որի ծախսերի 70%-ը կատարելու է ռումինական կողմը: Զարիֆի հաջորդ կանգառը Սլովակիայում էր: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Վերջինիս հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկկողմ փոխհարաբերություններում փոխըմբռնման հուշագիր: Օրակարգի մյուս հիմնական թեման երկկողմ միջպետական տնտեսական հանձնաժողովի ձևավորման հարցն էր: Զարիֆը շրջայցը եզրափակեց Չեխիա այցելությամբ, որտեղ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկել է միջուկային համաձայնագրերին և ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր:
 
Իրան-Ռուսաստանի Դաշնություն. Ռուսաստանի Դաշնության հետ Իրանի հարաբերություններն աստիճանաբար ռազմավարական երանգներ են ստանում: Մասնավորապես՝ կողմերն արդեն հայտարարել են 2017թ. $15 մլրդ չափով Իրանին զենքի վաճառքի վերաբերյալ, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով հայտարարվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Ուստի, չի բացառվում, որ խոսք կարող է լինել նաև ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին: Ռազմավարական համագործակցությունն աստիճանաբար ամրապնդվում է նաև տնտեսական չափիչներով. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները 2016թ. առաջին 9 ամիսների ընթացում կազմել են $1,6 մլրդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 80%-ով:
 
Նոյեմբերի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը ղեկավարում էր տնտեսական և քաղաքական ոլորտների ռուս բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը: Վերջինս հանդիպումներ է ունեցել Իրանի քաղաքական բարձրաստիճան ղեկավարության մի շարք ներկայացուցիչների հետ: Արտգործնախարար Զարիֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես քաղաքական կարգավորման, այնպես էլ տնտեսական, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների բարելավման, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի, էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախագահ Ռոհանին ռուս պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրան-ՌԴ հարաբերությունները մտնում են ռազմավարական համագործակցության փուլ: Կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում միասնական գործողություններին, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված քայլերին առնչվող հարցեր: Նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Վ.Մատվիենկոն հայտարարել է, որ առաջիկայում կմեկնարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև բանակցությունները համագործակցության շուրջ, իսկ 2017թ. կստորագրվի կազմակերպության և Իրանի միջև ազատ առևտրային ռեժիմի հաստատման համաձայնագիր: Սա կարող է լավ խթան հանդիսանալ նաև Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ 2017թ. կակտիվանան Իրանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև գործակցության ընդլայնման բանակցությունները:
 
Իրանի արտաքին քաղաքականության օրակարգային այլ ուղղություններ. Իրանը փորձում է տնտեսական խոշոր գործընկերների հետ հարաբերություններում նոր որակական փոփոխություններ մտցնել՝ ավելացնելով քաղաքական համագործակցության ձևաչափեր: Նախագահ Ռոհանին Թեհրանում ընդունել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին: Վերջինս շեշտադրել է, որ Չինաստանը տարածաշրջանում իր քաղաքականությունն իրականացնելիս հենվում է նաև Իրանի վրա՝ որպես այստեղ առաջին ուժ: Պաշտոնյաները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերի իրականացման հարցեր:
 
Թուրքիայի հետ հարաբերություններում թեպետ առերես լուրջ տարաձայնություններ չեղան, սակայն դժվար է դրանք կայուն գնահատել: Ակնհայտ է, որ տարածաշրջանում ազդեցության համար պայքարող երկու պետություններն ունեն բազմաթիվ քաղաքական հարցեր, սակայն փորձում են դրանք մեղմել տնտեսական գործակցությամբ: Այս մասին նշել է նաև Իրանի նախագահ Ռոհանին նոյեմբերի 25-ին Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահը նշել է, որ, թեպետ երկու երկրների դիրքորոշումներում կա որոշակի տարակարծություն Իրաքի և Սիրիայի հարցերում, սակայն միմյանց միջև հարաբերությունները բարեկամական են, իսկ տնտեսական կապերը կողմերի միջև շարունակ զարգանում են: Սակայն չենք կարծում, որ տնտեսական հարաբերություններում ամեն ինչ հարթ է ընթանում: Մասնավորապես՝ կան բազմաթիվ խնդիրներ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա իրանական ապրանքների և հակառակ ուղղությամբ տարանցման հարցերում: Առաջին ամենամեծ խնդիրն այն է, որ Թուրքիայով անցնող ճանապարհն անվտանգ չէ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի պատճառով, Թուրքիան մշտապես նոր պայմաններ է առաջադրում տարանցման համար վճարվող տուրքերի մասով, և, վերջապես, վերջինիս կողմից լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում սահմանային հսկման անցակետերում՝ առաջացնելով այնտեղ մինչև 15 կիլոմետրի հասնող բեռնատարների հերթեր: Այդ պատճառով Իրանն ակտիվորեն աշխատում է տարանցման այլընտրանքների որոնման ուղղությամբ: Նոյեմբերին փորձարկվեց արդեն Եվրոպա-Սև ծով-Վրաստան-Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը՝ Գերմանիայից Իրան հասցնելով երկու կոնտեյներ: Ընդ որում՝ այս ճանապարհով ծախսերը 1-2% ավելի էժան ստացվեցին, իսկ ճանապարհը շատ ավելի անվտանգ է թուրքական երթուղուց: Իրանն ակտիվորեն փորձում է զարգացնել նաև Հնդկաստան-Ռուսաստան ցամաքային առևտրային ուղին, որն անցնելու է Իրանի և Ադրբեջանի տարածքով: Ներկա ենթակառուցվածքների պայմաններում այդ երթուղով ապրանքափոխադրումը տևում է 22 օր, մինչդեռ դրանց արդիականացման և երկաթգծի շինարարության պարագայում ժամանակահատվածն էապես կկրճատվի:
 
Նոյեմբերին հետագա համագործակցության լավ հիմքեր դրվեցին իսլամական աշխարհի երկրներից Օմանի հետ: Կողմերը պայմանավորվել են երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մոտ ապագայում հասցնել $5 մլրդ-ի՝ ներկայիս $1 մլրդ-ի փոխարեն: Նախատեսվում է կառուցել Իրան-Օման օրական մինչև 28 մլն մ3 թողունակությամբ գազատար, իսկ իրանական գազն Օմանում կհեղուկացվի և կարտահանվի: Իրանն ավելացրել է նաև նավթի արտահանման ծավալները՝ դրանք հասցնելով 2,44 մլրդ բարելի: Իրանական նավթի հիմնական մասի՝ ավելի քան 60%-ի գնորդները շարունակում են մնալ ասիական երկրները:
 
Ռոման Կարապետյան 
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play