Ծառուկյանը ոչ թե մարտահրավեր է, այլ ընդամենն ինդիկատոր.Մեկնաբան


Ծառուկյանը ոչ թե մարտահրավեր է, այլ ընդամենն ինդիկատոր.Մեկնաբան

  • 09-01-2017 18:17:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությունը ֆիլմ է ցուցադրել Ծառուկյանի գործունեության մասին:
 
Ֆիլմը նվիրված է նրա 60-ամյա հոբելյանին, որը լրացել է նոյեմբերի 25-ին: Ավելորդ է ասել, թե ինչ գույներով եւ երանգներով է ներկայացված նրա գործունեությունը տարբեր ասպարեզներում: Այլ կերպ ասած, ֆիլմը կարող է զարդարել ցանկացած քաղաքական սուբյեկտի նախընտրական արշավ: Ծառուկյանն իհարկե այժմ քաղաքական սուբյեկտ չէ, թեեւ արդեն մի քանի ամիս է, ինչ անձամբ է բաց պահել քաղաքականություն վերադարձի հեռանկարը:
 
Բոլոր դեպքերում, քանի որ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, իսկ Ծառուկյանն էլ, անկախ քաղաքական թե տնտեսական կարգավիճակից, անկասկած հանդիսանալու է այդ փուլի առանցքային գործոններից մեկը, ցուցադրվող ֆիլմը ստանում է ոչ թե հոբելյանական, այլ ընդգծված քաղաքական ենթատեքստ:
 
Չի բացառվում, որ դա նաեւ քաղաքականություն վերադարձի Ծառուկյանի հայտարարության նախաբանն է, նախապատրաստությունը:
 
Ինչու է ձգձգվում հայտարարությունը` Ծառուկյանը չի՞ կողմնորոշվում, ինտրի՞գն են հասունացնում, «ամենահամեղը» թողնելով ամենավերջում, թե՞ անորոշ է ֆորմատը, որով պետք է նա ներգրավվի նախընտրական գործընթացի մեջ` կուսակցական, թե՞ վերկուսակցական:
 
Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանն ինքը որեւէ դեպքում չի հավակնի թե վարչապետի պաշտոնի, թե պատգամավորական մանդատի: 2014-15-ի իրադարձությունները բավական խոսուն էին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը Հայաստանի անգամ բազմափորձ քաղաքական գործիչների համեմատ հստակ պատկերացնի քաղաքական իրադրության շերտերն ու դրանցում առկա իրական հնարավորությունները: Դրա մասին է վկայում նաեւ նրա հայտարարությունը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի մասին: Ծառուկյանը հայտարարեց, թե նա գիտե իր գործը եւ անում է դա:
 
Անկասկած ԲՀԿ նախկին նախագահի հայտարարությունը Կարեն Կարապետյանի բուն գործին չէ, որ առնչվում էր, այլ այն մասին էր, որ վարչապետությունը եւ կառավարությունը իր, այսինքն Ծառուկյանի գործը չէ:
 
Նրա գործը անձնական սեփականությունն ու դրա պաշտպանվածությունը, անձեռնամխելիությունն է, ինչի շուրջ էլ Ծառուկյանը 2015 թվականի փետրվարին պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի տանը, Սամվել Կարապետյանի ու ՀՅԴ ներկայությամբ:
 
Այլ կերպ ասած, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին կարողացել էր համոզել, որ «Սերժ Սարգսյանը տասը տարի անց նրան դարձնելու է բոմժ», ապա Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ու Սամվել Կարապետյանը նրան համոզեցին, որ իրականում բոլորը մի նավակում են, եւ դրա անվտանգությունը բոլորի գործն է:
 
Ինչ խոսք, դեռ բացարձակապես պարզ չէ, թե ով էր Ծառուկյանի հետ անկեղծ` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանի տանը կայացած հաշտության մասնակիցներն ու վկաները: Հնարավոր է, որ բոլորն էլ թե յուրովի կեղծ էին, թե անկեղծ էին յուրովի՝ ըստ իրավիճակի, որը աշխարհում եւ Հայաստանում փոխվում է շատ արագ:
 
Փաստն այն է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ հավատացած է, որ իսկապես մի նավակի վրա են եւ դրա ընթացքը բոլորի անվտանգության խնդիրն է, այդ թվում եւ իր:
 
Անկախ կարգավիճակից եւ ֆորմատից, Ծառուկյանը խորհրդարանի նախընտրական շրջանին կմասնակցի հենց այդ տրամաբանությամբ, լինելով արդեն իր «բնական վիճակի» մեջ: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանը նրան ոչ թե դուրս բերեց քաղաքականությունից, այլ դրեց «բնական միջավայրի» մեջ:
 
Ըստ այդմ, Ծառուկյանի «քաղաքականություն վերադարձի» հարցը խոշոր հաշվով արհեստական է: Նա արդեն այնտեղ է, որտեղ պետք է թե իրեն, թե իշխող համակարգին: Ընդ որում այնտեղ է ոչ թե ակամայից, այլ միանգամայն գիտակցված ընտրությամբ:
 
Այդ իմաստով, Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ հանրային տարբեր արձագանքները որոշակիորեն եւս դառնում են արհեստական, որովհետեւ նրա «վերադարձն» ինքնին հանրության համար խնդիր չէ, առավել եւս նոր խնդիր: Այն գուցե եղած ու շարունակվող խնդիրները լուծելու հանրային անկարողության հայելին է:
Հանրության համար շատ վաղուց խնդիր է ընդհանրապես այն «բնական միջավայրը», ուր վերադարձրել է Սերժ Սարգսյանը Ծառուկյանին:
 
Ավելին, Ծառուկյանն այդ միջավայրում հանրության համար թերեւս առավելագույնս բացված խաղաքարտն է, եւ եթե այն կարող է առաջացնել խնդիրներ հանրության համար, ապա այստեղ արդեն բուն հարցը խնդիրներին խորքային առումով արձագանքելու եւ լուծումներ մշակելու հանրային ոչ համարժեքությունն ու անկարողությունն է` հատկապես հասարակական-քաղաքական դաշտում սուբյեկտային հավակնություն ունեցող խմբերի մոտ: Ծառուկյանն այդ առումով ոչ թե մարտահրավեր է, այլ ընդամենն ինդիկատոր:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play