«Ոհմակը» անորոշության մեջ է.Կարեն Կարապետյանի հակացուցակը


«Ոհմակը» անորոշության մեջ է.Կարեն Կարապետյանի հակացուցակը

  • 12-01-2017 17:42:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վարչապետ Կարեն Կարապետյանի պատգամավոր գրանցվելու իրավունքի մասին հարցին պատասխանելով ասել է, թե վաղ է խոսել այդ մասին, քանի դեռ ներկայացված չեն յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերը:
 
Մուկուչյանը միաժամանակ ասել է, որ օրենքը սահմանում է պատգամավոր գրանցվելու պայմանը. 4 տարվա Հայաստանի քաղաքացիություն եւ վերջին 4 տարում մշտական բնակություն Հայաստանում:
Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չի համապատասխանում այդ պահանջին, քանի որ վերջին չորս տարում նա Հայաստանում չի բնակվել: Իհարկե, Հայաստանի իշխանության համար խնդիր չէ ստեղծել փաստաթուղթ, ըստ որի Կարեն Կարապետյանը աշխատել է Ռուսաստանում, բայց բնակվել է Հայաստանում: Ասենք, աշխատել է «Սկայպով», ի վերջո ներկայիս դարաշրջանը տալիս է այդպիսի հնարավորություն:
Հավանաբար Տիգրան Մուկուչյանը հենց դրա համար էլ ասում է, թե վաղ է խոսել: Նա դեռ չգիտե, թե ինչ որոշում է կայացնելու իշխանությունը: Մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին հայտնել է ցուցակում Կարեն Կարապետյանի չլինելու մասին, հենց պահանջին չբավարարելու պաճառով: Մամուլում եղել է նաեւ տեղեկություն, թե Կարապետյանն ինքն է կտրականապես դեմ կեղծիքի գնով ցուցակում հայտնվելուն:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը ցուցակում չլինելու պարագայում էլ կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն: Հայաստանի Սահմանադրությամբ չկա պահանջ, որ վարչապետի թեկնածուն պետք է անպայման լինի ցուցակում:
Ընդ որում, նախնական քննարկումներում խոսվում էր այդպիսի պահանջ ներառելու մասին, բայց դա տեղ չգտավ հիմնական նախագծում, հավանաբար հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի սցենարներում կար նաեւ Կարապետյանի տարբերակը: Իսկ վարչապետի պաշտոնի համար սահմանված պահանջները գրված են այնպես, որ պարտադիր չէ Հայաստանում անընդմեջ բնակություն:
Այդպիսով, Կարապետյանը չի կարող լինել ցուցակում, համենայն դեպս ըստ օրենքի եւ տրամաբանության, բայց կարող է լինել վարչապետ: Իսկ որ նա կլինի ՀՀԿ վարչապետը 2017-ից հետո էլ, համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Փոխո՞ւմ է Կարապետյանի ցուցակում լինել-չլինելն ինչ որ բան, թե՞ դա ընդամենը տեխնիկական հարց է: Թերեւս փոխում է, կամ հարցը բացի տեխնիկականից, նաեւ հոգեբանական է:
Առաջին հերթին այն իմաստով, որ իշխանության համակարգում կարող է առաջանալ ամեն գնով իրավական կեղծիք թույլ չտալու նախադեպ:
Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ առաջնորդվել է «թղթերով ամեն ինչ կարգին» է տրամաբանությամբ, որը մի քանի տարի առաջ արձանագրեց նաեւ Սերժ Սարգսյանը: Այսինքն, իշխանությունը թղթերը շատ հանգիստ համապատասխանեցրել է իրականությանը, սկսած դեռեւս 1998 թվականի նախագահի ընտրությունից, որտեղ աղմկոտ պատմություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի «ԺԷԿ-ի տեղեկանքը»:
Այժմ փաստորեն իշխանությունը չի գնում թղթերն ամեն գնով իրեն համապատասխանեցնելու տարբերակով, այլ ինքն է իր քայլերը համապատասխանեցնում թղթերին, առնվազն մի դրվագում, որն իհարկե վճռորոշ, ճակատագրական դրվագ չէ, սակայն ամենեւին էլ անկարեւոր եւ անհետաքրքիր մանրուք չէ:
Առավել եւս, որ իշխանության համար այդ իրավիճակում կա մի մեծ հարց. Սերժ Սարգսյա՞նն է որոշել, որ այս դեպքում չպետք է գնալ «թղթերով ամեն ինչ կարգին» է տարբերակին, թե՞ Կարեն Կարապետյանն է կտրականապես բացառել այդ տարբերակով գնալն, ու Սերժ Սարգսյանը արդեն ստիպված է եղել նահանջել իշխանության տարիների փիլիսոփայությունից ու սկզբունքից:
Հարցերն իհարկե չեն սահմանափակվում դրանով, սակայն այդ հարցի պատասխանը պետք է դառնա ՀՀԿ-ում եզրակացությունների եւ կողմնորոշումների ելակետը հետագա պահվածքի, անելիքի վերաբերյալ: Նրանք պետք է հասկանան՝ Սերժ Սարգսյանն արդեն տեղի է տալիս Կարապետյանի պահանջների՞ն, թե՞ ամեն ինչ նրա մարտավարական որոշումների շրջանակում է, եւ պետք չէ մտածել Սարգսյանի ներքո զգաստությունից արդեն Կարապետյանի ներքո զգաստանալու մասին:
Մեծ հաշվով, եթե Կարապետյանը չի հայտնվում ՀՀԿ ցուցակում, տեղի է ունենում յուրօրինակ զատում կամ այսպես ասած ներկուսակցական զատիկ: Կարեն Կարապետյանը զատվում է ՀՀԿ ցուցակից, եւ շարժառիթները հասկանալը մյուսներին պետք է կողմնորոշվելու համար, թե արդյոք կա նրա հետ միասին զատվելու կարիք: Իսկ գուցե պետք է զանգվածաբար հրաժարվել ցուցակում հայտնվելուց եւ զատվել Կարապետյանի հետ մեկտեղ, փրկվելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play