Երևանում հունվարի 26-28-ն անցկացվելու է Չինական նոր տարվան նվիրված մշակութային 2-րդ փառատոնը (Տեսանյութ)


Երևանում հունվարի 26-28-ն անցկացվելու է Չինական նոր տարվան նվիրված մշակութային 2-րդ փառատոնը (Տեսանյութ)

  • 23-01-2017 14:44:19   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանում երկրորդ անգամ անցկացվելու է Հայ-Չինական մշակութային փառատոնը, որը նվիրված է Չինական Նոր տարվա տոնակատարությանը կամ Գարնան տոնին: Ինչպես հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչներից` Հայաստանի Ավանդական Ուշուի  Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, փառատոնի մեկնարկային  առաջին միջոցառումը կայանալու է հունվարի 26-ին և նվիրված է հայկական գինու և չինական թեյի ծագման, զարգացման դարավոր պատմությանը, նաև երկու ժողովուրդների մշակութային արժեքներին:
 
Ըստ նրա` ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումների բովանդակության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը պայմանավորված է չինական մշակույթի վերաբերյալ ինֆորմացիայի շարունակական փոխանցմամբ: 
Նրա խոսքերով` փառատոնի նպատակը մեկն է` ցույց տալ համաշխարհային պատմության մեջ երկու հսկայական մշակույթների` հայկականի և չինականի ընդհանրությունները, նմանություններն ու տարբերությունները: 
«Մենք համեմատության մեջ ենք դնում հայկական և չինական մշակույթի որոշ ոլորտներ և տանում ենք ուղղակի զուգահեռներ, որպեսզի մեր և նմանությունը, և տարբերությունը բացահայտենք, մյուս կողմից մեր ժողովրդին, ինչու չէ նաև միջազգային հանրությանը տեղեկացնենք, թե որքան արժեքավոր և հին մշակութային պատմություն ունեն Հայաստանը և Չինաստանը»,- ասաց նա` հավելելով, որ այսօր իրապես խնդիր կա ներկայացնելու հայ ժողովրդի կերտած դարավոր մշակութային պատմությունը:   
Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի անդամ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Լիլիա Կարապետյանի փոխանցմամբ` Հայ-Չինական փառատոնի շրջանակներում երկրորդ միջոցառումն անցկացվելու է հունվարի 27-ին Հ. Թումանյանի անվան տուն թանգարանում: 
«Փառատոնի երկրորդ միջոցառմանը որոշեցինք ընդգրկել թե մեծահասակներին, թե փոքրերին. Դա հայկական և չինական առասպելների ու հեքիաթների ներկայացումներն են, քանի որ երկու ժողովուրդների պատմությունների և նկարագրերի զարգացման մեջ կա դրանց»,- նշեց նա` տեղեկացնելով, որ բոլոր միջոցառումներն անցկացվելու են երեկոյան ժամերին` 19:00-ից 21:00-ն  ընկած ժամանակահատվածում և բաց են բոլորի համար:   
Անդրադառնալով փառատոնը եզրափակող վերջին միջոցառմանը` Լ. Կարապետյանը տեղեկացրեց, որ այն անցկացվելու է հունվարի 28-ին Ակվատեկ համալիրում և նվիրված է չինական մարտարվեստի պատմությանը, որը կուղեկցվի ցուցադրական ներկայացմամբ,  ինչպես նաև հայկական իրականության մեջ ուշույի դերին, մարտական և ռազմական պարերի ցուցադրությանը: 
Նա նաև հավելեց, որ այսքանով սակայն փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները չեն սահմանափակվում, այլ դրանց զուգահեռ տարբեր հանրային վայրերում անցկացվելու են թեյախմության, չինական ուտելիքների համտեսման, անիմացիոն ֆիլմերի ցուցադրման փոքր արարողություններ: 
Ըստ փառատոնի մեկ այլ աջակից և կազմակերպիչ, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի` Հայ-Չինական փառատոնի առանձնահատկությունն այն է, որ միաժամանակ հանրությանը ներկայացվում է երկու ժողովուրդների մշակույթների պատմությունը` այդ կերպ հաստատելով և ամրապնդելով դրանց քաղաքակրթական գործընկերներ լինելու հանգամանքը: 
Նրա պնդմամբ` ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում գնալով ավելի է մեծանում մարդկանց հետաքրքրվածությունը չինական լեզվի ու մշակույթի նկատմամբ, հետևաբար նմանատիպ միջոցառումները լրացուցիչ խթան են հասարակության համար չինական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու համար: 
Հայ-Չինական մշակութային փառատոնի մշատական գործընկերներն են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը, «Կարին» ավանդական երգի, պարի համույթը: 
Կազմակերպիչները հույս ունեն, որ պետական կառույցներից Մշակույթի նախարարությունը ևս իր ուշադրությունը կհրավիրի անցկացվող միջոցառումներին և համապատասխան աջակցության դեպքում փառատոնը հետագայում կունենա լայն հնչեղություն և միջազգային ճանաչում:   
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play