Հ ՖՆ-ի ներգրավվածությունը` որպես վստահության գրավական


Հ ՖՆ-ի ներգրավվածությունը` որպես վստահության գրավական

  • 27-01-2017 12:35:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 26-ին ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը հանդիպում է ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ների ներկայացուցուչների հետ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» եռամյա ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է Հայաստանում 2016թ. դեկտեմբերին:  Ծրագիրն ուղղված է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում քաղաքականությունների մշակման վրա մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը: Ըստ նախագծի՝ հայրենական և միջազգային փորձագետները  պետական մարմինների հետ մեկտեղ աշխատելու են  վերհանված հարցերի շուրջ: Վերոնշյալ ծրագրի բուն գործունեությունը սերտորեն առնչվելու  է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը:
 
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով ընտրված 3 հիմնական ոլորտներն են բիզնեսի, արդարադատության և կրթության բնագավառները: ՀՀ ֆինանսների նախարարության ներգրավվածությունը կարևորվում է հատկապես բիզնես ոլորտում որպես շահառուների վստահության գրավական:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը նշեց, որ բիզնես ոլորտը  լայն հասկացություն է և առավել նպատակային ու արդյունավետ կլինի մատնանշել կոնկրետ խնդիր՝ փորձելով գնալ դրա լուծման ճանապարհով: Նա, հաշվի առնելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի հարցադրումը,  առաջարկեց առաջիկա համագործակցության շրջանակում վերհանել ՀԿ-ների հետ աշխատելու և քաղաքականությունների մշակման հետ կապված՝ ՀՀ ֆինանսների նախարարության փորձը, ինչպես նաև բիզնես ոլորտում առկա՝ գերատեսչության կողմից նկատված խնդիրները:  
 
Փոխնախարարը անդրադարձավ իր համակարգման ներքո գտնվող ոլորտային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մասնավորապես՝ վերջերս պետական գնումների ոլորտում կատարված ու կատարվելիք մի շարք բարեփոխումներին, ինչպես նաև  լիցենզավորման գործընթացի շրջանակներում ռիսկերի գնահատմանը:
 
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարևորեց պետություն-քաղաքացիական հասարակություն հարթակի ստեղծումը, որը կնպաստի մեր երկրում հասարակության զարգացվածությանն ու երկխոսության ապահովմանը: Նա նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը ՀԿ-ների և պետական կառույցների միջև գրագետ աշխատանքային ձևաչափի մշակումն ու բիզնես շահերի պաշտպանության կոալիցիայի ստեղծումն է:
 
 Հանդիպման ավարտին որոշվեց շարունակել համագործակցությունը և նման հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում և գործընթացների վերահսկողություն: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն