Վարչապետը հանձնարարեց վերանայել ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը


Վարչապետը հանձնարարեց վերանայել ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը

  • 09-02-2017 15:20:54   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Կառավարության փետրվարի 9-ին կայացած նիստի ընթացքում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ֆիզիկական կուլտուրայի մասայականացմանը:  
 
«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,-նշեց գործադիրի ղեկավարը:
Ելնելով նշվածից`  Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: Հանձնարարվեց նաև գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ։
Միաժամանակ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:
«Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն»,-ընդգծեց նա` Հրաչյա Ռոստոմյանին մեկ անգամ ևս հիշեցնելով մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ակտիվների գույքագրման հանձնարարականի մասին, որից մինչ օրս տեղեկություն չկա. «Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»,- եզրափակեց նա: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play