Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը


Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

  • 13-02-2017 19:05:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցի՝ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց քաղաքական իրավիճակը Միջին Արևելքում, նշեց, որ Սիրիայում խաղաղությունը դեռ փխրուն է, և մեր հայրենակիցների համար դեռ վաղ է մտածել վերադառնալու մասին: 
 
ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը զեկուցեց 2016 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին:  
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը: Պարոն Բիերվիրթը նշեց. «Դեռ վաղ է Սիրիա վերադառնալու կոչեր անել և ամեն ընտանիք ինքը պետք է հավասարակշռված որոշում կայացնի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Թողնենք, որ իրենք որոշեն»:
Անդրադառնալով սիրիահայերի՝ Սիրիա վերադառնալու հարցին՝ նախարարը շեշտեց. «Մեր պետական քաղաքականության մեջ չկա նրանց վերադարձի խնդիր: Ընդհակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, հաստատվեն Հայրենիքում: Սիրիահայերը արժեք են Հայաստանի համար»:
Կատարված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԽՄ ԲՎԵԿ) մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցողն անդրադարձավ բարեգործական ճաշարաններին և մանկական սննդի կետերին: Նա նշեց, որ այսօր Երևանում գործում է տաք սննդի երեք կետ: Մանկական սննդի կետեր են բացվել սահմանամերձ Կոթի և Ոսկևան գյուղերում: Շուտով այդպիսի կետեր պատրաստվում են բացել Ջուջևան և Բաղանիս գյուղերում: 
Գրասենյակի տնօրենը ներկայացրեց նաև «Սյունիք – Զարգացում» ՀԿ-ի ծրագրի համակարգող Թիլո Քրոսեին, ով 2017թ.-ին սիրիահայերի համար աջակցության ծրագիր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
Քննարկվեցին ընթացիկ հարցեր: Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում: Ամփոփելով նախորդ ամիսներին արված աշխատանքը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր կառույներին և նշեց. «Անցած տարվա վերջում Հայ բարեգործական ընդհանուր միության ջանքերով սիրիահայերի համար բացվեց պոլիկլինիկա, որտեղ վեց սիրիահայ բժիշկ է աշխատում: Սիրիահայ երեխաների համար ամանորի հանդեսներ են կազմակերպվել: 2016թ. 2189 սիրիահայ է դիմել Սփյուռքի նախարարություն: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել  155 սիրիահայ, որից՝ 29-ը՝ դեկտեմբերին, 50-ը՝ նոյեմբերին, 76-ը՝ հոկտեմբերին:
 Հայաստան է տեղափոխվել 129 հոգի, իսկ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ 10 սիրիահայ ընտանիք: Այսօր Սիրիայում իրավիճակը խաղաղ է, բայց կա ջրի խնդիր: Գործում են դպրոցները, եկեղեցիները, մանկատունը, ծերանոցը: Հոգևոր առաջնորդները համայնքի կողքին են»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն