Նախաստորագրվել է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիր


Նախաստորագրվել է նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիր

  • 14-02-2017 18:35:57   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 11-ից 13-ը Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (Iran Nanotechnology Initiative Council) հրավերով տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան:
 
 Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ պրոֆեսոր Արամ Սահարյանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
 Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Իրանի նանոտեխնոլոգիաների ոլորտի կառույցներին, դրանց հետազոտական և արտադրական գործունեությանը, ուսումնասիրել նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
 Հայաստանի պատվիրակությունն այցելել է Իրանի նանոտեխնոլոգիաների նախաձեռնությունների խորհրդի գրասենյակ, որտեղ հանդիպումներ են կայացել պրոֆեսորներ՝ խորհրդի միջազգային համագործակցության և նանոստանդարտացման հանձնաժողովների տնօրեն Ալի Բեիտոլլահի, խորհրդի գլխավոր քարտուղար Սաեեդ Սարկարի, խորհրդի արդյունաբերության և շուկայի զարգացման տնօրեն, Իրանի բարձր տեխնոլոգիաների լաբորատոր ցանցի տնօրեն Ռեզա Ասադիֆարդի հետ։ Վերջիններս ներկայացրել են ոլորտում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտական գործունեությունը, ծանոթացրել խորհրդի կառուցվածքին, որոշումների ընդունման գործընթացին: Հատուկ շեշտադրվել է, որ Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտը ճանաչված է տնտեսության զարգացման գերակա ուղղություն և երկիրը նանոգիտության բնագավառում մեծ հաջողությունների է հասել` ներկայում աշխարհում գրավելով առաջատար դիրքեր: Կազմակերպվել է նաև այցելություն Միջին Արևելքի տարածաշրջանում լավագույններից մեկը ճանաչված Շարիֆի տեխնոլոգիաների համալսարանի նանոտեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն և համալսարանում աշակերտների համար ստեղծված նանոտեխնոլոգիաների լաբորատորիա:
 
Շարիֆի համալսարանում կազմակերպվել են քննարկումներ պրոֆեսորներ Ազամ Իրաջիի, Ալի Մովաղարի, Մոհամմադ Մահդի Ահադիանի հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ ակնկալում են հայկական կողմի առաջարկները նանոտեխնոլոգիական հետազոտությունների կոնկրետ ուղղություններով համագործակցություն ձևավորելու ուղղությամբ:
 
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների հետազոտական կազմակերպություն (Iranian Research Organization for Science and Technology, IROST), որն իրենից ներկայացնում է արդյունաբերական պարկ: Այն հիմնադրվել է 1980 թվականին՝ Իրանի հետազոտողներին, գյուտարարներին և արդյունաբերողներին օժանդակելու նպատակով: Կազմակերպությունն արժեքավոր ծառայություններ է մատուցում երկրի գիտության, տեխնիկայի և ճարտարագիտության ոլորտներում` աջակցելով կիրառական և հիմնարար հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների մշակմանը և դրանց առևտրայնացմանն ուղղված գործունեությանը` այնուհետև կազմակերպելով արտադրական նմուշների զանգվածային արտադրություն, այս բոլոր գործընթացներում ներգրավելով բարձր որակավորման մասնագետներ և ժամանակակից սարքավորումներ: Այստեղ իրականացվող մի շարք նախագծեր ֆինանսավորվում են Նանոտեխնոլոգիաների խորհրդի կողմից:
 Նանոտեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքում, կողմերը նախաստորագրել են նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիր:
 Առաջիկայում հուշագիրը կստորագրեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի նախագահը։ Հուշագրի ստորագրումից հետո կմշակվի գործողությունների ծրագիր` հստակ ժամկետներով և ակնկալվող արդյունքներով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play