Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտների ձեռքբերումները


Վահան Մարտիրոսյանը Գերմանիայում ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտների ձեռքբերումները

  • 15-02-2017 16:52:31   | Գերմանիա  |  Տնտեսություն

Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին հանդես է եկել բացման խոսքով:
 
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում:
 
«Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը:
 
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ - դիզայն, 
արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն:
 
Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը:
 
«Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:
 
Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները:
 
Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները:
 
Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play