Առաջին անգամ տեխնոլոգիաներով ու գործարարությամբ հետաքրքրված կանանց և աղջիկների համար կազմակերպվել էր կրթական ճամբար


Առաջին անգամ տեխնոլոգիաներով ու գործարարությամբ հետաքրքրված կանանց և աղջիկների համար կազմակերպվել էր կրթական ճամբար

  • 27-02-2017 18:14:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


«Եթե չփորձես, չես կարող թռչել». Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և USAID-ի հետ համագործակցությամբ, փետրվարի 26-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ:

Ճամբարի թեման վստահության և ուժի կառուցումն էր, որն առցանց վարում էր բիզնեսի և առաջնորդության խորհրդատու, Կալիֆորնիա-Բերկլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը:

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնումհավաքված մոտ երկու տասնյակ կանայք և աղջիկներ մի ամբողջ արդունավետ կիրակիի ընթացքում նախ ծանոթացան, թե սեփական եսի որ բացասական կողմերն են խոչընդոտում  համաձակությանն ու նոր քայլեր կատարելուն: Ապա մի քանի խմբային աշխատանքների և խաղերի միջոցով մասնակիցները բացահայտեցին, թե որն է իրենց տեսլականը, ինչն է խանգարում գտնել դեպի այն տանող ճանապարհը և գործող բիզնեսների վերածել գլխում պտտվող հետաքրքիր գաղափարները:

«Մենք աշխարհն ու երևույթները միշտ ընկալում ենք արդեն սովորական դարձած փաստերի հիման վրա, բայց ամեն ինչ կփոխվի, եթե «նոր ակնոցներ կրենք» կամ փոխենք մեր հայացքն ու այլ շրջանակի մեջ տեղավորենք իրականությունը», - բացատրում էր Հիլարի Վեբերը:

Կրթական ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նորարարությունը գործարարության մեջ, նաև անդրադառնալ կառավարման ու առաջնորդության հիմքերին: Իսկ խմբային խաղերից մեկի նպատակն էր համոզվել ու համոզել ներկաներին, թե ինչն է գործարարության գլխավոր խթանը: Հաղթող դարձավ «համագործակցության» թիմը, որն առավել պատկերավոր ներկայացրեց համագործակցության առավելությունները գործունեության բոլոր ոլորտների համար:

«Մեզ շատ հաճելի է, որ Girls in Tech Հայաստանի առաջին նախաձեռնությունն այսքան կանանց և աղջիկների հետաքրքրեց, վստահ ենք, որ անկախ անձի զարգացման աստիճանից՝ ճամբարի շատ հատվածներ իսկապես արդյունավետ ու օգտակար էին բոլոր մասնակիցների համար», - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը: 

Կազմակերպիչներին հատկապես ոգևորել էր այն փաստը, որ մասնակիցների շարքում կար անգամ Գյումրիիից հատուկ այս կապակցությամբ ժամանած երիտասարդ աղջիկ, ով պատրաստ է աջակցել կազմակերպության գործունեությանն ու տեխնոլոգիաների ոլորտում օգնել ակտիվացնելու նաև Գյումրիի կանանց և աղջիկներին: 

Հիլարի Վեբերը կրթական թեմատիկ այս ճամբարը մշակել է Girls in Tech կազմակերպության համար և անցկացնում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մասնաճյուղերի համար՝ ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան և Թայվան: Ճամբարը ևս երկու մոդուլ ունի, որոնք բացառապես կանանց գործարարությանն են վերաբերում: Girls in Tech Հայաստանը նպատակ ունի գարնան ընթացքում կազմակերպել նաև այդ երկու մոդուլներն արդեն տեղում՝ Հիլարիի ներկայությամբ էկրանից այս կողմ: 

Girls in Tech-ը շահույթ չհետապնդող համաշխարհային կազմակերպություն է, որի նպատակն է ներգրավել, կրթել և առաջ մղել տեխնոլոգիաներով հետաքրքրվող կանանց և աղջիկներին: Այն հիմնվել է 2007թվականին Սան Ֆրանցիսկոյում Ադրիանա Գասկոինի կողմից և այժմ ավելի քան 60 մասնաճյուղերով գործում է աշխարհի տարբեր երկրներում՝ իր շուրջը համախմբելով մոտ 50.000 անդամ: Girls in Tech-ի Հայաստանի մասնաճյուղը հիմնվել է 2016 թվականին Սեդա Պապոյանի կողմից:

Լուսանկարները՝ Girls in Tech Հայաստանի

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play