Գիշերային միջադեպի հետ կապված արարքը սխալ է որակվել. Նիկոլայ Բաղդասարյան


Գիշերային միջադեպի հետ կապված արարքը սխալ է որակվել. Նիկոլայ Բաղդասարյան

  • 01-04-2017 14:59:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գիշերը Մալաթիայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Փաստինֆո»-ին իրենց դիրքորոշումը ներկայացրեց նաև տուժող ճանաչված, «Ելք» կուսակցությունների դաշինքի շտաբի պետ, հիշյալ տարածքում քարոզչություն իրականացրած Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Ըստ փաստաբանի, Հայկ Սարգսյանի հետ միասին քարոզչություն էին իրականացնում դաշինքի վստահված անձինք և համակիրներ, այդ թվում՝ այնտեղ էր գտնվում նաև Գոռ անունով մի երիտասարդ, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել իր աջակցությունը դաշինքին:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ վիճաբանության առիթ է հանդիսացել այն, որ Արթուր Այվազյանը վերցրել է Հայկ Սարգսյանի մեքենայի միջից դուրս հանված եռագույն դրոշը, իսկ երբ իր վստահորդը խնդրել է այն վերադարձնել, Արթուր Այվազյանը պատասխանել է՝ իրավունք չունեք եռագույնով քարոզչություն իրականացնել, ես այն դրել եմ ընկերոջս գերեզմանին:
Այնուհետև, ըստ տուժող կողմի, Արթուր Այվազյանը հանել է ինքնաշեն ատրճանակը, և «բախտի բերմամբ, իր կողքը գտնվող Գոռը հարվածել է Արթուր Այվազյանի ձեռքին, գետնին գցել զենքը, ապա գետնից վերցրել, և Արթուրին չի հաջողվել այն կիրառել»:
 
Իրական տուժողը դեպքից Արթուր Այվազյանն է. Հայկ Ալումյան
 
Տուժողը փորձել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, սակայն Արթոր Այվազյանը պահել է ավտոմեքենայի դուռը, երբ արդեն տուժողի ավտոմեքենան ընթացքի մեջ է գտնվել, սակայն Արթուր Այվազյանը չի կարողացել ավտոմեքենայի դռնից երկար կախված մնալ, ընկել է և դեմքով հարվածել ասֆալտին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք երևում են հրապարակված լուսանկարում:
Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանն առ այն, որ զենքն իր պաշտպանյալինը չի և չի եղել: Ըստ տուժողի ներկայացուցչի, ինքնաշեն զենքը որևէ կերպ չի գրանցվում և չի գրանցվում նաև, թե ում է դա սեփականության իրավունքով պատկանում, ուստի այդ մասին փաստել հնարավոր չէ: Սակայն, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, փաստ է, որ զենքը Արթուր Այվազյանն իր մոտից է հանել ու փորձել օգտագործել:
Իսկ դեմքի՝ ճակատ-քիթ-բերան, շրջանում առկա վնասվածքները, ըստ Ն.Բաղդասարյանի, կարող են առաջանալ հարթ մակերույթին հարվածվելու, այլ ոչ թե ձեռքով կամ այլ առարկայով հարված ստանալու հետևանքով: Վնասվածքների բնույթն ու տեղայնությունը լիովին համընկնում է տուժողի ցուցմունքում մատնանշված մեխանիզմին:
«Իմ կողմից ներկայացված փաստերը բավարար են հետևություն անելու համար, որ Արթուր Այվազյանն ոչ թե «իրական տուժողն է», այլ Հայկ Սարգսյանի նկատմամբ ոտնձգություն գործած անձ»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը դժգոհություն է հայտնել արարքի որակման կապակցությամբ: Ըստ նրա, արարքը խուլիգանության փոխարեն պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ դիտավորությունը ուղղված է եղել խոչընդոտելու ընտրության մասնակցող վստահված անձանց լիազորությունների իրականացմանը, որը զուգորդվել է բռնություն գործադրելու սպառնալիքով:
«Եթե չլիներ Գոռը և եթե Արթուր Այվազյանը գործածեր ատրճանակը, ի՞նչ հետևանքներ դա կունենար: Ո՞վ է իրական տուժողը: Գոռը՝ փրկելով Հայկ Սարգսյանի կյանքը, նաև նպաստել է, որ հետագա գործողություններով Արթուր Այվազյանի վիճակը չվատթարանա», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play