Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելքի» ցուցակով


Անահիտ Բախշյանը ավագանու ընտրություններին կմասնակցի «Ելքի» ցուցակով

  • 05-04-2017 18:27:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ապրիլի երկուսին խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Ելք» դաշինքից ստացել է առաջարկ և համաձայնել է իրենց ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:  
 
Նա նշեց, որ կլինի ցուցակի առաջին տասնյակում, սակայն չգիտի՝ քաղաքապետի թեկնածուն ով է, թեև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չէ: 
 
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, նա հստակեցրեց, որ ինքը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ չէ և անկուսակցական է։ 
 
«Երևանի ավագանին թեև բազմակուսակցական մարմին է, սակայն գործադիր մարմին է, քաղաքական որոշումներ, օրենքներ գրող մարմին չէ, օրենքների իրականացման գործընթացը և քաղաքապետի գործունեությունը վերահսկող մարմին է»,-հավելեց նա։
 
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Անահիտ Բախշյանը չցանկացավ խոսել՝ համարելով այն անցած-գնացած, սակայն ասաց, որ այն ժամանակ էլ էր «Ելքից» առաջարկ ստացել: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ չի ստացել և չգիտի նույնիսկ՝ մասնակցելո՞ւ են, թե ոչ:
Նա նշեց, որ երեկ ասել է, որ եթե «Ազատ դեմոկրատները» մասնակցեն ավագանու ընտրություններին, ապա իրենց ցուցակով կմասնակցի, իսկ եթե ոչ, ապա «Ելք»-ի առաջարկը կընդունի: «Մնացել է 2-3 օր, և «Ազատ դեմոկրատները» դեռ որոշում չեն կայացրել»,-ասաց նա: 
 
Հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները չե՞ն նեղացել իրենից, նա կոչ արեց հարցնել իրենց: 
 
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե «Ելք»-ը իրական ընդդիմություն չէ, Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը գործին է հավատում, ոչ թե խոսակցություններին, իսկ հրապարակային աշխատած այդ պատգամավորների գործունեությունը իր համար արդեն ընդդիմադիր գործունեության ցուցիչ է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play