Ամփոփվել է Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագիրը


Ամփոփվել է Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագիրը

  • 25-04-2017 18:04:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 25-ին Երևանում կայացավ Հայաստանում ականների վտանգի իրազեկման աջակցության ծրագրի ամփոփումը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:
 
Ամփոփելով ծրագրի ավարտը՝ դեսպան Է. Տագուչին կարևորեց տվյալ ոլորտում իրազեկվածության բարձրացումն ու առաջնային անելիքները.
 
- Ամբողջ աշխարհում հետպատերազմյան շրջանում չպայթած ականներից հազարավոր մարդիկ են տուժում: Ականային վտանգի մասին խոսելն ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը մեծ նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման համար: Այս ծրագիրը նպատակ ուներ լայնամասշտաբ իրազեկման միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգին, երեխաներին և ուսանողներին տեղեկություններ հաղորդել ականների մասին: Արդյունքները ցույց են տալիս, որ ծրագիրը հաջողված էր և արդյունավետ,- եզրափակեց դեսպանը:
 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն ականների վտանգի իրազեկմանն ուղղված աշխատանքները սկսել է 2016 թ. մարտին՝ Ճապոնիայի կառավարության Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, որի նպատակն էր իրազեկման միջոցով ապահովել երեխաների, ուսանողների, ինչպես նաև՝ նրանց ուսուցիչների անվտանգությունը:
 
Համապատասխան մասնագետների կողմից մշակվել և տպագրվել է 180 բուկլետ և 7500 թեմատիկ պաստառ, որոնք բաժանվել և փակցվել են ՀՀ բոլոր՝ 1393 դպրոցներում: Այդ պաստառներում ներկայացված են ականային վտանգ պարունակող ՀՀ մարզերի տարածքները և վտանգի առարկաները: Ծրագրի շրջանակում նկարահանվել է նաև մուլտֆիլմ, որի հերոսուհին սովորեցնում է պայթյունավտանգ առարկաների հետ կապված անվտանգության կանոնները:
 
Իրազեկման լայն աշխատանքներ են տարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ: Ականների վտանգի իրազեկման ծրագիրը վերջին տարիներին Հայաստանում իրագործված առաջին մեծամասշտաբ նախագիծն է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play