Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ


Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ

  • 26-04-2017 19:18:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չնայած առաջընթացին՝ միլիոնավոր երեխաներ չեն ստանում  կենսականորեն անհրաժեշտ պլանային պատվաստումներ
 
26-ը ապրիլի, 2017թ., Նյու Յորք: 2016թ.-ին գրեթե 100 երկրների երեխաների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է 2.5 միլիարդ չափաքանակով պատվաստանյութեր՝ դրանով իսկ 5 տարին չլրացած աշխարհի երեխաների գրեթե կեսին պատվաստումները հասանելի դարձնելով: Պատվաստումների համաշխարհային շաբաթվա ընթացքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է աշխարհում:
 
Նիգերիան, Պակիստանն ու Աֆղանստանը շարունակում են պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ համարվող երկրներ լինել: Այդ երկրներից յուրաքանչյուրը ստացել է պատվաստանյութերի ավելի մեծ չափաբաժին, քան որևէ այլ երկիր: Այդ թվում՝ 450 միլիոն չափաբաժին գնվել է Նիգերիայի, 395 միլիոն՝ Պակիստանի և ավելի քան 150 միլիոն չափաբաժին՝ Աֆղանստանի երեխաների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ ռազմավարական ծրագրի առաջատար գնորդ կազմակերպությունն է:
 
Պատվաստումների հասանելիությունը հնարավորություն է ընձեռել նվազեցնել 5 տարին չլրացած երեխաների մահերի քանակը կանխարգելիչ պատվաստումների միջոցով, և աշխարհը մոտեցնել պոլիոմիելիտի ի սպառ վերացմանը: 2000-2015թթ.-ի ընթացքում կարմրուկի պատճառով մահացող 5 տարին չլրացած  երեխաների թիվը նվազել է 85 տոկոսով, իսկ նորածնային փայտացումից՝ 83 տոկոսով: Թոքաբորբի պատճառով մահերի 47, իսկ փորլուծության հետևանքով 57 տոկոսով  մահացիության նվազեցումը ևս վերագրվում է պատվաստումներին:
 
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարի աշխարհում 19.4 միլիոն երեխա չի պատվաստվում: Պատվաստում չստացած երեխաների մոտավորապես երկու երրորդը ապրում է հակամարտությունների գոտիներում: Թույլ զարգացած առողջապահական համակարգերը, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը ևս նպաստում են, որ 5 տարին չլրացած յուրաքանչյուր 5 երեխայից 1-ին կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չտրամադրվեն:
 
«Անկախ բնակության վայրից և հանգամանքներից՝ բոլոր երեխաները կյանքի պահպանման և զարգանալու իրավունք ունեն՝ զերծ մահացու հիվանդություններից»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Dr. Robin Nandy):
«Չնայած այն հանգամանքին, որ 1990 թ.-ից ի վեր պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել է երեխաների մահացության թիվր, մինչ օրս ամեն տարի 1.5 միլիոն երեխա է մահանում այլապես պատվասումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից»:
 
Անհավասարություններն ակնհայտ են հարուստ և աղքատ երեխաների միջև: Որպես այդպիսին, 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի 80% -ը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ աղքատ երեխաները պլանային բոլոր պատվաստումները չեն ստացել: Այսպիսով՝ 5 տարին չլրացած աղքատ երեխաների մահվան հավանականությունը երկու անգամ գերազանցում է հարուստ երեխաների մոտ հանդիպող մահվան դեպքերի քանակը: 
 
«Գյուղական համայնքներում ապրող երեխաներից բացի, որտեղ ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, գերբնակեցված քաղաքներում և ետնախորշերում ապրող ավելի ու ավելի շատ երեխաներ ևս կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չեն ստանում»,-ավելացրեց Նանդին:
 
«Գերբնակեցումը, աղքատությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները, ոչ պատշաճ սնուցումն ու առողջապահական համակարգը այս համայնքներում բարձրացնում են  այնպիսի հիվանդությունների ռիսկային գործոնները, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունն ու կարմրուկը, - հիվանդություններ, որ հեշտությամբ կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»:
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, մինչ 2030թ.-ը յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում, բնակվելու է քաղաքային աղքատ համայնքներում, ինչը նշանակում է, որ պատվաստումներ մատուցող ծառայությունների մեջ ներդրումներ կատարելը պետք է համապատասխանեցվի այս համայնքների և երեխաների կարիքներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play