Նախարարն ընդունել է Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի ներկայացուցիչներին


Նախարարն ընդունել է Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի ներկայացուցիչներին

  • 11-05-2017 19:23:48   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի (PACC) գլխավոր տնօրեն Վիկտոր Մյակոնկովին և 1-ին փոխնախագահ Լեոնիդ Ժեստյաննիկովին:
 
Նախարարը ներկայացրել է մեր երկրում գործող մարզական կառույցների վերանորոգման, ինչպես նաև նոր մարզասրահների, մարզադահլիճների և մարզական համալիրների կառուցման իրավիճակը: «Ես հպարտությամբ կարող եմ խոսել նոր կառուցված Օլիմպավանի մասին, որը եզակի մարզական կառույց է և որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տարբեր մարզաձևերով մարզվելու համար»,- ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ համագործակցությունը PACC-ի հետ հնարավորություն կտա ռուսական փորձը կիրառել հետագայում մարզական կառույցների նախագծման և շահագործման գործում. «Մեզ հետաքրքիր կլինի նաև մարզադպրոցների և հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորագման վերաբերյալ ձեր փորձագիտական կարծիքը»,- հավելել է Հ. Ռոստոմյանը:
 
Ներկայացնելով Ռուսաստանյան մարզական կառույցների ասոցիացիայի գործունեությունը Վիկտոր Մյակոնկովը տեղեկացրել է, որ PACC-ն իրականացնում է մարզական կառույցների նախագծման և շահագործման նորմատիվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ, մարզական կառույցների կառավարման խորհրդատվություն, պատրաստում և հրատարակում է համապատասխան գրականություն և մասնագիտական ձեռնարկներ, զբաղվում է այս ոլորտում կադրերի պատրաստմամբ և այլն:
 
Կողմերը պայմանավորվել են որպես համագործակցության սկիզբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպել կուրսեր՝ բուհի ուսանողների համար: «Վստահ եմ, որ մարզական կառույցների ապագա կառավարիչների գիտելիքները հնարավորություն կտան լավագույնս կառավարել ինչպես արդեն գործող, այնպես էլ նորակառույց մարզական կառույցները և համալիրները»,- ասել է նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play