Ամուլսարի ծրագիրը և՛ որպես ծրագիր, և՛ որպես գործընթաց շատ լավ ուսումնասիրված է: Այս կարծիքին է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, էկոլոգիական և սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների և վավերագրական ֆիլմերի հեղինակ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Ինգա Զարաֆյանը:
«Մեր հաշվարկներով, ընկերության հրավիրած փորձագետներից բացի, մոտավորապես 30 անկախ փորձագետներ ու մասնագետներ ուսումնասիրել են այս ծրագիրը, Հայաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից 30-ից ավելի անկախ փոձագետների, մասնագետների կարծիք ունենք այս ծրագրի վերաբերյալ»,- պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի վերաբերյալ մեր հարցին, ասաց Ինգա Զարաֆյանը:- Որոշումը, որն ընդունվեց Ամուլսարի ծրագրի իրագործումը թույլատրելու վերաբերյալ, իմ կարծիքով, զուտ քաղաքական որոշում է: Եթե մենք նայենք Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի դիրքորոշմանը, հանձնաժողովը 2012 թվականին տվեց շատ կոշտ, բացասական եզրակացություն: Ուսումնասիրել էին բոլոր ռիսկերը` և՛ սեյսմիկ, և՛ ջրերի հետ կապված, և՛, իհարկե, առաջին հերթին, Սևանա լճի համար, որովհետև Սևանա լճի հանձնաժողովն է:
Նկատի ունենալով այդ ռիսկերը և ընկերության կողմից տրված գնահատականները, նրանց տված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, հանձնաժողովը տվել էր բացասական շատ կոշտ եզրակացություն: Երկու տարուց հետո հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Մենք պաշտոնական հարցում ենք ուղղել հանձնաժողովին, որպեսզի նրանք մեզ տան հիմնավորում: Ի տարբերություն հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, որը, ցավոք, մահացավ, հանձնաժողովի նոր ղեկավարությունը մերժեց այդ տեղեկատվության տրամադրումը, չնայած, որ այդ մերժումը հակասում է Օրհուսի կոնվենցիային: Մենք դրա մասին գրեցինք, բայց այդպես էլ մերժումը մնաց…»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հանրային խորհրդի անդամ, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ Կարինե Դանիելյանը, որը նաև Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ է, այս կապակցությամբ ասաց. «Մենք բացասական կարծիք ենք տվել, երբ ծնվեց դրական եզրակացությունը, ես չիմացա»:
Վերը նշվածն արդեն բավարար հիմք է` այս կապակցությամբ լրագրողական հետաքննություն սկսելու և պարզելու, թե այդ դեպքում ովքեր են ստորագրել հանձնաժողովի դրական եզրակացությունը, հանձնաժողովի անդամներից քանիսն են ստորագրել, ինչո՞ւ Կարինե Դանիելյանը մասնակից չի դարձվել վերջին (դրական) եզրակացությունը կազմելու գործընթացին, և, ընդանրապես, ինչպե՞ս և ի՞նչ հիմնավորմամբ է ծնվել տվյալ փաստաթուղթը:
Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի առաջին եզրակացության մեջ գնահատված են նույնիսկ բարձր ռադացիայից բխող ռիսկերը, նրանք հիմնվել են ընկերության ստացած տվյալների վրա և ասել, որ ռադոնի շատ բարձր պարունակություն կա, հանքը չպետք է շահագործվի և այլն:
Ըստ «ԷկոԼուր»-ի ղեկավարի, թե ի՞նչ է գրված հանձնաժողովի դրական եզրակացության մեջ, իրենք չգիտեն, չեն կարող ասել:
«Քաղաքական ազդեցությունը,- շարունակեց Ինգա Զարաֆյանը,- երևում է հենց նրանից, որ Հայաստանում երկու դեսպանություն` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ակնհայտ աջակցություն են ցուցաբերել Ամուլսարի ծրագրին, ընդ որում, նշանակություն չի ունեցել այն հանգամանքը, թե այս կամ այն ժամանակ դեսպաններն ովքեր են եղել, այսինքն` դեսպանները փոխվել են, բայց աջակցությունը շարունակվել է: Դա պարզ է, որովհետև Եվրոպական բանկը դա Լոնդոնն է, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան` պաշտոնական Վաշինգտոնը:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը «Լիդիան ինթերնեյշնլ» միջազգային ընկերության միակ նախագիծն է, նրանք ուրիշ ակտիվ նախագիծ չունեն, մինչև այդ և զուգահեռ որևէ այլ նախագիծ մենք չենք տեսել, հետևաբար չենք կարող բավարարվել ու հանգստանալ ընկերության այն հայտարարություններով, որ իրենք մեծ պատասխանատվություն ունեն ընդհանրապես այդ ոլորտում, չենք կարող հիմնվել պատասխանատվության նրանց փորձի վրա»:
Հիշյալ նախագիծը պետք է իրականացվի Արփա, Որոտան գետերի ավազանում, դրա ազդեցությունը տարածվելու է նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների վրա, նաև` Ջերմուկ քաղաքի վրա, որը միլիոնների ներդրումներ ունի, ինչպես նաև Սևանա լճի վրա, որը ռազմավարական նշանակության ջրային օբյեկտ է և ազգային անվտանգության երաշխավոր: Ըստ Ինգա Զարաֆյանի, ՀՀ կառավարությունն այս ամենը հաշվի առնելով, պետք է լուրջ պատասխաններ պահանջի «Լիդիան Արմենիան» ընկերությունից:
Կառավարությունը, սակայն, դատելով ամենից, մտադիր չէ պատասխաններ պահանջել «Լիդիան Արմենիան»-ից և «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությունից: Միանգամայն սխալ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն դիրքորոշումը, թե արդեն ուշ է Ամուլսարի հարցը քննարկելը, աշխատանքներն արդեն սկսվել են: Հետո՞ ինչ…
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացության (29.04.2016թ., թիվ ԲՓ 35) հիմքում դրված է ընդամենը մեկ փորձագետի` Ա. Մինասյանի դրական եզրակացությունը: Այն կամ կոռուպցիոն ինչ-ինչ ազդեցությունների կամ ճնշման, կամ էլ, թեկուզ, պաշտոնեական անփութության, մասնագիտական անիրազեկության, վրիպման կամ սխալի հետևանքով է տրվել: Եվ ի՞նչ` այս դեպքում ընդամենն այդ մեկ փորձագետի դրական եզրակացությունի՞ց կախման մեջ դնել Գնդեվազ գյուղի և Ջերմուկ քաղաքի բնակչության ճակատագրերը, «Ջերմուկ» հանքային ջրի սահմանված բաղադրությունը, Սևանա լճի մաքրությունն ու էկոլոգիական վիճակը, նաև այն մարդկանց առողջությունը, որոնք արդեն մի քանի տարուց կարող են սնվել թունավորված կամ աղտոտված Սևանա լճի ջրերով ջրված Արարատյան դաշտի գյուղմթերքներով…
Պատճառաբանելով, որ աշխատանքներն արդեն սկսված են, խուսափե՞լ խնդրո առարկա եզրակացության վերանայման հանձնարարական տալուց, բնապահպանների նշած փաստերի, բարձրաձայնած տագնապների հաստատման պարագայում հանքի շահագործումը կասեցնելուց… Սա միանշանակ անընդունելի ու քննադատելի մոտեցում է և, անշուշտ, առաջիկայում նույնպես կարժանանա մեր քննադատությանը:
Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը հիշյալ եզրակացությունը 2016թ. ապրիլի 29-ին իր ստորագրությամբ հաստատել է կասկածելի հապշտապությամբ, հենց եզրակացության տրման օրը՝ անտեսելով, որ դրա հիմքում ընդամենը մեկ փորձագետի՝ Ա. Մինասյանի դրական եզրակացությունն է, որի սխալի հետևանքով վտանգվելու է Սևանա լճի ու Հայաստանի բնակչության գրեթե կեսի ճակատագիրը:
Մինչդեռ, ընդգծում եմ, երբ խոսքն այսպիսի խիստ պատասխանատու եզրակացության մասին է, որն ապագայում կարող է նույնիսկ ճակատագրական նշանակություն ունենալ Սևանա լճի ու մեր համար, նախարարի կողմից «Պետական փորձաքննական եզրակացությունը» պետք է հաստատվեր միայն այն դեպքում, երբ դրա հիմքում կլինեին առնվազն երեք անկախ և միմյանց չճանաչող փորձագետի եզրակացություն: Էլ ո՞վ, եթե ոչ բնապահպանության նախարարն առաջինն ինքը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր՝ այս առնչությամբ կառավարություն ներկայացնելով համապատասխան օրենքում անհրաժեշտ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ ի՞նչ է՝ ՀՀ բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը դա անո՞ւմ է…