Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստանում են, Բեռլինը նույնիսկ զգուշացնում


Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստանում են, Բեռլինը նույնիսկ զգուշացնում

  • 17-06-2017 12:38:59   | ԱՄՆ  |  Տնտեսություն

 
 
Արդեն տեղեկացրել ենք չորեքշաբթի օրը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի Սենատի սահմանած նոր պատժամիջոցների ու դրանից Գերմանիայի հնարավոր տնտեսական վնասի առնչությամբ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրեսի կոշտ արձագանքի մասին: Վերջինս ուրբաթ օրը Բեռլինում «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Եվրոպայի հետ ընդհանուր ուղեգծից հրաժարվելու մեջ և սպառնացել, որ եթե Վաշինգտոնը փորձի տուգանել գերմանական ընկերություններին, Գերմանիան իր հերթին կարող է պատասխան քայլեր ձեռնարկել:
Էկոնոմիկայի նախարարի այս զգուշացումից բացի, նմանաբնույթ արձագանքով է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նույնպես զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե գերմանական ընկերությունները տուժեն Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով, Բեռլինը պատասխան քայլի կդիմի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ստեֆան Զիբերթը, ԻՌՆԱ գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն, ուրբաթ գիշեր ասել է. «Հնարավոր է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները վնաս պատճառեն եվրոպական ընկերություններին»:
Հնարավոր զարգացումները և տնտեսությանը սպառնացող վտանգը միայն Մերկելին չէ, որ մտահոգել են: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լոդերիանը, «Ռոյթերզ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, երեկ արձագանքելով ԱՄՆ-ի Սենատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վավերացմանը, ասել է. «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելուց առաջ, Վաշինգտոնն այդ մասին համադրում պիտի կատարի եվրոպական երկրների և G7-ի անդամ երկրների հետ, քանի որ, հնարավոր է, այդ պատժամիջոցներն ազդեն եվրոպական ընկերությունների վրա»:
Անդրադառնալով Գերմանիայի իշխանությունների մտահոգությանը, նշենք, որ պաշտոնական Բեռլինին հատկապես մտահոգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հետևանքով այն խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ «Նորթսթրիմ 2» ռուսական նախագծին գերմանական ու եվրոպական ընկերությունների մասնակցության ճանապարհին: Ինչպես հայտնի է, 
Ռուսաստանը «Նորթսթրիմ 2» նախագծով նպատակ ունի շրջանցելով Ուկրաինան, Բալթիկ ծովի հատակից անցնող խողովակագիծ կառուցելով, բնական գազը հասցնել Գերմանիա:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play