Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ կառավարության 2017-2022 թթ ծրագրի քննարկումները


Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ կառավարության 2017-2022 թթ ծրագրի քննարկումները

  • 21-06-2017 19:29:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը 2017-2022 թթ համար: «Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար մեզ պետք է ունենալ զարգացած տնտեսություն, տնտեսական զարգացումը բերելու է աշխատատեղ, որը մեր քաղաքացիներին ապահովելու է երկարաժամկետ, կայուն եկամուտ՝ կրթություն ստանալու, տուն կառուցելու, ընտանիք կազմելու, հանգստանալու և ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան կերտելու հնարավորություն», -ասել է վարչապետը ավելացնելով, որ անհրաժեշտ է ապահովել ապրանքների եւ ծառայությունների արտահանման ավելացում՝ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 40-45 տոկոսի: 2017-ի առաջին 5 ամիսների արդյունքները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ճիշտ ուղու վրա ենք, արդեն ունենք արտահանման 21 տոկոս աճ:
 
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ կառավարության ծրագիրը կազմելիս՝ հաշվի են առնվել համաշխարհային տենդենցները, Հայաստանի տնտեսական ներուժը, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ: «Մենք գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, թե ինչ կարող ենք ունենալ, եթե մեր ծրագիրն իրագործենք: Եթե պարզ տնտեսագիտական լեզվով ասեմ՝ մեր այսօրվա գնահատված տնտեսական աճի ներուժը տարբեր մոդելներով 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև դնում ենք միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, այդ արդյունքին հասնելու համար ջանքեր պիտի գործադրենք»,-ասել է նախարարը:
 
Տեսանյութը՝ ArmLur.аm-ի
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play