Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին


Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին

  • 22-06-2017 19:12:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հարգելի վարչապետ, այս տարվա հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման էկոլոգիական վտանգների առնչությամբ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, Դուք հայտնելով Ձեր կարծիքը, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում, չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու, ասել եք նաև.
«Մենք ձեզ ամբողջ նյութերը կներկայացնենք, դուք խնդրում եմ գնահատեք այն, եթե բաց տեսնեք, մեզ տեղյակ պահեք»:
 
Հարգելի վարչապետ, այդ ամբողջ նյութերում ոչ միայն ես, այլև բազմաթիվ բնապահպաններ, բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, ի վերջո, մի շարք մասնագետներ, գիտնականներ, արտերկրի հեղինակավոր, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ բազմաթիվ կարևոր ու բնական (շրջակա) միջավայրի համար վտանգավոր բացեր ենք տեսել:
 
Ունենալով դառը փորձ, որ երբ բազմաթիվ բացեր ու հարցադրումներ ներկայացվում են միանգամից, ՀՀ տարբեր պաշտոնյաներ դժվարանում են ծանոթանալ դրանց ու, որպես կանոն, նախընտրում են չպատասխանել, այժմ հետևելով բաց տեսնելու դեպքում Ձեզ տեղյակ պահելու վերաբերյալ Ձեր իսկ խորհրդին, ներկայացնում ենք դրանցից ընդամենը մեկը.
 
«Լիդիան Արմենիան» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունն իր կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» (ՇՄԱԳ) փաստաթղթում ոչինչ չի նշել հանքի մակաբացումից հետո ու շահագործման ընթացքում թթվային դրենաժի առաջացման, դրա հետևանքների, հետևանքների կանխարգելման ուղղությամբ նախատեսված որոշակի աշխատանքների (եթե, իհարկե, դա հնարավոր է…) վերաբերյալ: Այսինքն, ըստ էության, այդ ամենը թաքցրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը դրանց տեղյակ չլինելով ու չփորձաքննելով թթվային դրենաժի առաջացման հնարավորությունը, դրա մասշտաբներն ու հետևանքները, հետևանքների կանխարգելման հնարավորությունը կամ անհնարինությունը, տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական դրական եզրակացությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել հիշյալ ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունք տալու համար:
 
Թթվային դրենաժի առաջացման հնարավորության վերաբերյալ, ընդ որում,  մակերեսորեն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով նշված է ՇՄԱԳ-ի միայն անգլերեն տարբերակում, որը «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի կողմից պաշտոնապես չէր կարող ներկայացվել ու չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն կամ նույն նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, հետևաբար տվյալ վտանգը չի փորձաքննվել ՀՀ լիազոր մարմնի կողմից, ինչը հանդիսանում է կարևոր բաց ու լիարժեք հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:
 
Հավելենք, որ առկա են  հանքարդյունաբերության և թթվային դրենաժի հարցերով օտարերկրացի, անկախ, «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի հետ չկապված, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի փորձագետների եզրակացությունները, որոնք տրվել են հենց «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի կողմից հրապարակված տվյալների հիման վրա։ Գուցե այդ եզրակացություններում նախանշված աղետալի հետևանքները կստիպեն ավելի սթափ նայել իրականությանը։
 
Ձեզ տեղյակ պահելով այս կարևոր բացի մասին և հույս ունենալով, որ տեղյակ պահելու մասին Ձեր առաջարկն ինքնանպատակ չէ, ողջախոհ ժամկետում սպասում եմ Ձեր արձագանքին:
 
 
 
21.06.2017թ.
Հարգանքով` Արթուր Հովհաննիսյան
Հետաքննող լրագրող
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play