Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Առաջին օգնության դասընթացն է անցկացրել Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի կամավորների համար


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Առաջին օգնության դասընթացն է անցկացրել Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի կամավորների համար

  • 30-06-2017 15:59:27   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 28-ին և 29-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Առաջին օգնության դասընթաց անցկացրեց Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի կամավորների համար: Մասիսի զարգացման հիմնադրամը  հիմնադրվել է Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության կողմից՝  նպաստելու համար քաղաքի սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացմանը: 
 
Մասիսի զարգացման հիմնադրամը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  հայտարարեցին համագործակցություն և Մասիս քաղաքի երիտասարդների համար համատեղ սկսեցին իրականացնել ուսումնական ծրագրեր:  
Համագործակցության շրջանակներում  Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետները Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի մասնակիցների համար անցկացրեցին առաջին դասընթացը, որը նվիրված էր Առաջին օգնության հմտություններին:  
 
«Մենք ուրախ ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության համար: Մեր կազմակերպություններն իրենց գործունեությամբ շատ ընդհանրություններ ունեն. Մասիսի զարգացման հիմնադրամի նպատակն է բարելավել սոցիալապես խոցելի խմբերի կյանքն՝ անկախ ազգությունից, սեռից, նյութական կարգավիճակից և քաղաքական հայացքներից: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երիտասարդական նախաձեռնությունների աջակցությանը: Այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի հետ սկսվեց Երիտասարդական կենտրոնի կամավորների ուսուցումից»,-ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ նշեց Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը:
 
«Առաջին օգնության երկօրյա դասընթացներին Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի կամավորներին տեսական գիտելիքների փոխանցման և գործնական հմտությունների ցուցադրման միջոցով սովորեցրեցինք, թե ինչպես ճանաչել արտակարգ իրավիճակը, ինչպես արձագանքել և առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսության, ոսկրամկանային տարբեր կոտրվածքների, այրվածքների,  թունավորումների, փափուկ հյուսվածքների և այլ վնասվածքների դեպքում:  Հանդիպումների ընթացքում կատարվել են վնասված հատվածների վիրակապման, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնման, անգիտակից տուժածների հետ աշխատանքի և այլ տեսակի վարժություններ:»,- իր խոսքում նշեց  Հայկական Կարմիր Խաչի ընկերության Առաջին օգնության հրահանգիչ  Աստղիկ Աթանյանը: 
 
Աստղիկ Աթանյանն իր խոսքում հավելեց, որ հաճելի էր  նման խմբի հետ աշխատելը, քանի որ պատանիները շատ գիտակ էին և լի խանդավառությամբ. ակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակցում էին թե´տեսական, թե´ գործնական պարապմունքներին:   
 
Մասիսի զարգացման հիմնադրամի Երիտասարդական կենտրոնի կամավոր Էդուարդ Պետրոսյանը կիսվեց դասընթացի մասին իր տպավորություններով.  
 
 
 
 
 
 
 
«Հանդիպումը շատ ինֆորմատիվ էր և հետաքրքիր: Դպրոցում, դպրոցից դուրս կարդացել էի  գրականություն, սակայն այս դասընթացը, բացի գիտելիքներից, պրակտիկ աշխատանքների միջոցով հնարավորություն տվեց նաև ձեռք բերել փորձ:  Հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ արտակարգ իրավիճակների դեպքում արդեն տիրապետում եմ առաջին քայլերին, գիտեմ  ինչպես վարվել և, ինչու չէ, անհարժեշտության դեպքում նաև կյանք փրկել»:
 
****
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
2016 թվականին Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման համար՝ աջակցելով արդեն առկա, այնպես էլ նոր ծրագրերի իրականացմանը:  
Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.ilovemasis.com կայքում:
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.redcross.am  կայքում
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play